Առաջարկում եմ սմբուկով հայտնի «Իմամ Բայալդի»-ի տարբերակներից մեկը: Պարզվում է՝ շատ հյութեղ ու համեղ է: Եթե սիրում եք սմբուկ, ուրեմն փորձեք պատրաստել:
Ի դեպ, երկրորդ օրն այս ուտեստն ավելի համեղ է դառնում, երբ սմբուկները հագենում են բանջարեղենի միջուկի հյութով: Ճիշտ է, այս սմբուկները հազվադեպ են մնում մինչ հաջորդ օրը, բայց դրանք շատ համեղ են:

Ինչ է պահանջվում.
- 2 սմբուկ,
- 1-2 սոխ,
- 2 հատ քաղցր պղպեղ,
- 4 լոլիկ,
- 5 պճեղ սխտոր,
- Կանաչու մի փոքրիկ փունջ,
- Բուսական յուղ,
- Աղ, պղպեղ`ըստ ճաշակի:
Պատրաստումը.

Դանակով խորը կտրվածք արեք սմբուկների մեջ, հետագայում այն կծառայի որպես «գրպան»՝ լցոնման համար: Բացի այդ, խաչաձև կտրեք կեղևն ամբողջ երկարությամբ: Սմբուկներին աղ ցանեք ներսից և դրսից, թողեք այդպես կես ժամ:
Այդ ժամանակահատվածում սկսեք պատրաստել լցոնը: Սոխը և սխտորը, մանր խորանարդիկներով կտրտած, քիչ քանակությամբ բուսայուղով տապակեք թավայի մեջ, մինչև փափկելն ու բաց ոսկեգույն դառնալը:
Դրանից հետո ավելացրեք բուլղարական պղպեղը՝ կտրտելով փոքր խորանարդիկների: Շարունակեք տապակել, մինչ պղպեղը կիսով չափ եփվի, երբեմն խառնեք:

Լոլիկը դրեք եռացրած ջրի մեջ, հանեք կեղևը և մանր կտրեք փոքր խորանարդիկների: Ավելացրեք թավայի մեջ, տապակեք ևս մի քանի րոպե:
Վերջում ավելացրեք մանրացրած կանաչիները, աղը և պղպեղը`ըստ ճաշակի: Լցոնը պատրաստ է:
Աղի սմբուկները լվացեք ջրով, լավ չորացրեք թղթե սրբիչով: Դրանից հետո տապակեք բուսայուղով բոլոր կողմերից, մինչև մի փոքր «կարմրություն» հայտնվի:

Սմբուկները տեղափոխեք ջերմակայուն ձևամանի մեջ՝ բացելով «գրպանը»:
Բանջարեղենի լցոնի կեսը դրեք սմբուկի մեջ, մյուս կեսը՝ կաղապարի հատակին: Ձևամանը ծածկեք կափարիչով կամ յուղաթերթով:
Թխեք 180 C տաքացրած ջեռոցում մոտ 40 րոպե:
Պատրա՛ստ է:Բարի՜ ախորժակ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն