«Այն ինչը երևանցին չկարողացավ պահպանել, գյումրեցին պահեց… Շատ կարևոր գործ ենք արել. բոլորը ֆանտաստիկ են աշխատել». Ելենա Բորիսենկոն՝ «Թղթե երազանք»-ի մասին

«Պետք է նայել այս սերիալը, տեսնելու համար, թե ոնց են նկարահանում իրական, որակյան սերիալը: Շատ կարևոր գործ ենք արել. բոլորը ֆանտաստիկ աշխատել են». դերասանուհի Ելենա Բորիսենկոն այսպես է որակում «Շանթ» հեռուստաընկերության «Թղթե երազանք»-ը հեռուստանովելի պատրաստման աշխատանքները: Դերասանուհու խոսքով՝ թեպետ իր դերը գլխավորներից չէ, բայց հատկապես ռեժիսորի՝ Գարրի Զաքարյանի շնորհիվ այն կարևորություն է ստացել. «Իսկապես պրոֆեսոնալ է. մարդ, ում հետ կարող ես ինչ-որ հարցերում չհամաձայնել, բայց պրոֆեսիոնալիզմի համար, չես կարող չհարգել:

Գարրիին հարցնում եմ՝ կուզեի՞ր գեղարվեստական ֆիլմ նկարել: Զարմացավ, ասում է՝ «Լենա, ի՞նչ ես խոսում, ես հեռուստառեժիսոր եմ, ես սերիալի ռեժիսոր եմ»: Դա ինձ համար պրոֆեսիոնալիզմի գագաթնակետն էր: Երբ պարագլուխը՝ ռեժիսորը պրոֆեսիոնալ է լինում, ամբողջ թիմը, աշխատում, ծառայում է այդ պրոֆեսիոնալիզմին»:

Ելենայի խոսքով՝ Գարրին շատ պատրաստված է գալիս նկարահանման հրապարակ. հստակ գիտի՝ ինչ է պահանջում դերասանից. «Դա ամենակարևորն է սերիալներում, քանի որ դերասաններն այսօր անում են այն, ինչ կարող են, ռեժիսորներն էլ ասում են՝ լավ է: Բայց չէ, դու պիտի ծառայես նպատակին, որը ռեժիսորի խնդիրն է. հասկանու՞մ եք, երբ ինքը գիտի նպատակը, լրիվ այլ արդյունք է ստացվում»:
«Թղթե երազանք»-ի կարևորության հարցում Բորիսենկոն ընդգծում է նաև այն, որ մինչ այժմ Գյումրու բարբառը հեռուստատեսությունում միշտ հումորի տեսքով է ներկայացվել, իսկ հիմա այլկերպ կլինի. « Ես ուրախ եմ, որ լինելով երևանցի, ֆիլմի մի մասնիկն եմ եղել. չնայած Գյումրիի տեսարաններում չկամ, բայց այդ ամենի մեջ եմ, դա ինձ համար պատիվ է…

Այն ինչը երևանցին չկարողացավ պահպանել, գյումրեցին պահեց: Դու չես կարող գնալ Գյումրիում շենք քանդել ու տեղն ուրիշ բան կառուցել, չէ, չես կարող: Գյումրին ապացուցեց, որ մշակութային մայրաքաղաք է, ու այս ֆիլմը դրա ապացույցն է. այն գեղարվետական արժեք ունի»:

Դիտարկմանը, որ Ելենան բավական զգայուն է սոցիալական թեմաների նկատմամբ, բավական ակտիվ հասարակական գործությունեություն է ծավալում, ըստ իրեն՝ ի՞նչ ասելիք, առաքելություն ունեն նման ֆիլմերը, դերասուհին նկատեց. «Ամենակարևորը՝ մարդ պիտի հավատա: Ես միշտ ասում եմ՝ եթե մենք հարյուր տոկոսով հավատանք, որ կարող ենք թռչել, կթռչենք: Ֆիլմը հենց այդ հույսի ու հավատի մասին է, երազանքը իրականում, երբ հավատում ես. այս դեպքում՝ երեխա, որը հավատում էր ու արեց…»:

Ինչ վերաբերում է խաղընկներին, դերասանուհու խոսքով՝ բոլորն էլ շատ ուժեղ են: Իր անմիջական խաղընկերը եղել է Հովակ Գալոյանը, որն իր ամուսնու դերում է: Ինքը՝ Ելենան մարմնավորում է հարուստ ընտանիքի մի աղջկա մոր, ում դուստրը հակառակվում է հորը, չի ուզում հարուստի կյանքով ապրել, ունի այլ հետաքրքրություններ և ուզում է իր կյանքն այլ կերպ դասավորել. մայրն էլ ընտանիքի կոնֆլիկտն իր վրա է վերցնում:

Խաղընկերներից Մարիամ Ադամյանը, որը ֆիլմում չկա, բայց սերիալում գլխավոր հերոսուհին է հիացրել է Բորիսենկոյին․ «Մարիամը երիտասարդ դերասանուհու այն կերպարն է, որ մենք այսօր գրեթե չունենք: Նա շատ լուրջ է վերաբերում իր մասնագիտությանը, դա իր համար մասնագիտություն է, ժամանց չէ, որ եկել է սերիալում խաղա, հայտնի դառնա: Լուրջ վերաբորմունք ունի, մտածում է կերպարի մասին, փորձում է հասկանալ նրան»:

Դերասանուհին հատուկ անդրադարձավ նաև ֆիլմի սաունդթրեքին։ Նրա խոսքով՝ անոսներից մեկում անգամ դերասաններ չկան, բայց երաժշտությունն ու պատկերներն էլ ամբողջը փոխանցում են: Նրա խոսքով՝ երաժշտության հեղինակը՝ Գիսանե Պալյանն էլ իր հետ զրույցում է անկեղծացել, թե ինչքան հեշտ էր աշխատել մի ռեժիսորի հետ, ով հստակ խնդիր է դրել՝ դրանով իսկ ապահովելով այն արդյունքն, ինչ ունենք։

arenanews.am


Понравилась статья? Поделиться с друзьями: