
Ազգային ժողովի արտահերթ նիստն ավարտվել է, սակայն պատգամավորները շարունակում են մնալ խորհրդարանի շենքում։ Պատճառը ԱԺ-ի դիմաց իրականցվող ակցիան է։ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը, հարցին՝ արդյո՞ք չի կարողանում դուրս գալ ԱԺ շենքից, հարցով պատասխանեց․ «Իսկ դուք կարողանո՞ւմ եք դուրս գալ»։
Իսկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն էլ հայտարարեց, թե ինքը չի վախենում դուրս գալ, պարզապես գործեր ունի։ Մեր դիտարկմանը, թե շփոթված է, քանի որ ԱԺ-ում այս ու այն կողմ է գնում, նա պատասխանեց, որ դրսում մի քանի հոգի է հավաքված եւ ինքը չի վախենում:
Շուշան Պետրոսյանն էլ, պատասխանելով հարցին, թե վախենո՞ւմ է դուրս գալ, ասաց․ «Ի՞նչ է եղել, դրսում մեր նման հայեր չե՞ն»։
Գալուստ Սահակյան էլ, նախ, հայտարարեց, որ ցանկության դեպքում կարող է դուրս գալ ԱԺ շենքից։ Հարցին՝ ինչո՞ւ չի դուրս գալիս նա պատասխանեց․ «Բոլոր մուտքերը փակել են, ինչպե՞ս դուրս գամ»։
Այստեղ են շարունակում մնալ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի բոլոր պատգամավորները: Նրանք ԱԺ-ի այս մասնաշենքից մյուսն են գնում: Ի դեպ, ԱԺ-ն ունի գաղտնի ելք: