Հասկացան, որ սա խաղ չէ, Նիկոլը երեխա չէ, եւ հանձնվեցին

Դեկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ համաձայնություն հայտնող ՀՀԿ-ական պատգամավորներն ու ԲՀԿ-ն դեմքերը փրկելու գործընթաց են սկսել: Այս կարծիքին է Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ վերլուծելով վերջին շրջանի զարգացումները:

«Սերժ Սարգսյանի՝ ապրիլի 23-ի հրաժարականը իրենց խելքով մանևր էր, այն իմաստով, որ ՀՀԿ-ն Ազգային ժողովում մեծամասնություն ունի: Վարչապետի հրաժարական եք ուզում, տալիս եմ, դե գնացեք տեսեք, թե Ազգային ժողովի հետ ոնց եք յոլա գնալու: Ընդհանրապես իրենց նպատակը մանևրելն էր, և մայիսի մեկին փորձեցին իրենց զորությունը ցույց տալ: Նրանք չընտրեցին Նիկոլ Փաշինյանին, ստացան շառաչուն ապտակ և անմիջապես հանձնվեցին: Բայց հետզհետե հասկացան, որ սա խաղ չէ, իշխանությունը խաղալիք չէ, և Նիկոլը երեխա չէ: Երբ կոռուպցիայի դեմ պայքարը, Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, արտահերթ ընտրությունների մասին հայտարարությունը, Մարտի մեկի հետաքննությունը տեսան, հասկացան, որ հետզհետե իրենց պոչը սեղմվում է, և ոչ մի նահանջ չկա դրանից: Նրանք իհարկե մի քանի անգամ փորձեցին ԶԼՄ-ներով ահ ու սարսափ տարածել օգոստոսի 17-ի հանրահավաքից առաջ, թե իբր մարդ չի հավաքվելու: Օգոստոսի 17-ին նրանք նորից ապտակ ստացան, մեկ ապտակ էլ ստացան Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, հետզհետե հասկացան, որ քաղաքական իմաստով իրենց վերջը եկել է», ասաց Բարսեղյանը: Նրա խոսքով՝ այս անգամ փորձեցին համախմբվելով՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ինչ-որ ռևանշ անել, կարելի է դա նույնիսկ հակահեղափոխության փորձ անվանել: Ըստ Բարսեղյանի՝ հոկտեմբերի 2-ին տեղի ունեցածը ինչ-որ ջղաձգություն էր:

«Հավանաբար նրանց զեկուցող սոցիոլոգները ինչպես միշտ խաբել են, ասել են՝ դուք մի քայլ արեք, և մարդ չի մնալու Նիկոլի կողքին: Եվ տեսան, որ դա Նիկոլով չէ, ժողովրդով է, մարդիկ ելան ու բացատրեցին, որ վերադարձի ձև չկա, ավելի լավ է հանձնվեն: Նախորդ մեկ շաբաթվա իրադարձությունները ցույց տվեցին, որ դա իրենց վերջին ճիգն է, ես դա կոչում եմ կարապի երգ: Կարապի երգը երգեցին հոկտեմբերի 2-ին, երբ հասկացան, որ իսկապես հանրության դեմ խաղ չկա: Ոչ թե իշխանության դեմ խաղ չկա, այլ ժողովրդի դեմ իսկապես խաղ չկա: Եվ հիմա սկսեցին դեմքերը փրկել: Ուղղակի իրենց չհաշվարկած քայլի հետևանքով ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն կորցրեցին մի շարք պաշտոններ՝ նախարարների, մարզպետների: Կարող էին չկորցնել, եթե մի քիչ ողջամիտ լինեին: Ուղղակի Հայաստանում իշխանությունից արժանապատիվ հեռանալու ավանդույթ չի ձևավորվել»,- ասաց նա:

Լևոն Բարսեղյանի խոսքով՝ եթե այս ուժերը ողջամիտ քայլեր անեին մայիս-հունիս ամիսներին, շատ հնարավոր է, որ Երևանի ավագանու ընտրություններում էլ ինչ-որ քվեներ հավաքեին, հնարավոր է, որ հիմա որոշակի վերականգնված քաղաքական կերպար ունենային:

«Խոսքը ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի մասին է, ես իրենց ՀաԲաԴաշ եմ ասում: Այդ ՀաԲաԴաշ-ը մի քանի օրվա կյանք ունեցավ և սկսեց քանդվել: Ասածս այն է, որ եթե կարողանային ինչ-որ բան հասկանալ ու իրենց սխալներն ընդունեին, հիմա ԱԺ արտահերթ ընտրությունների նախօրեին երևի իրական քվեների ակնկալիք կունենային: Իսկ հիմա խայտառակ են իրենց շանսերը: Երբ նայում ենք Երևանի ավագանու ընտրությունների ԲՀԿ-ի հավաքած մոտ 7 տոկոը, դրա ֆոնին ՀՀԿ-ն, եթե առաջադրված լիներ, երևի 1-1.5 տոկոս կստանար: Այդ երեք կուսակցությունները միմյանց հետ դաշինք չեն կազմի, բայց եթե կազմեն էլ, երևի 4-5 տոկոս ձայն կհավաքեն: Ես համարում եմ, որ այդ երեք կուսակցությունն էլ իրական քաղաքականություն վերադառնալու համար, ինչպիսին իրենք չեն տեսել, իրենք տեսել են բռնատիրական ու ձևական քաղաքականություն, սերնդափոխության կարիք ունեն: Երևի 15-20 տարի է պետք, որպեսզի այս դերակատարները, որոնք խայտառակ ձախողումներ գրանցեցին, հեռանան քաղաքականությունից, գան նորերը, որոնք կխաղան ազնիվ քաղաքականություն»,- հավելեց նա:

Լևոն Բարսեղյանն անդրադարձավ նաև հարցին, որ ՀՀԿ-ն կարծես հավակնում է խորհդարանում ամենամեծ ընդդիմադիր ուժը լինելուն: «Ես կարծում եմ, որ շանս չունեն: Իրենք երևի չառաջադրվեն էլ, որովհետև առաջադրվել ու զրո կամ երկու տոկոս ստանալը մեկ ուրիշ ամոթ է, չառաջադրվելն ավելի մեղմ ամոթ է: Եվ այդ պատճառով է, որ իրենք Երևանի ավագանու ընտրությունների համար չառաջադրվեցին»,- նշեց նա:

Նոր ձևավորվելիք խորհրդարանը, նրա խոսքով, արտառոց խորհրդարան է լինելու: “Ցավոք, հեղափոխությանը բնորոշ է այն, որ այս ընտրություններում կարող է ահռելի տոկոս տանել հեղափոխությունը: Չեմ ասում Քաղաքացիական պայմանագիրը, հեղափոխական ուժերը: Այնտեղ ինչ-որ քվոտա նախատեսված է ընդդիմության համար: Եթե այս Ընտրական օրենսգրքով լինի ընտրությունը, հեղափոխությունը կարող է 80-90 տոկոս տանել, եթե օրենսգիրքը փոփոխվի, և այլանդակությունները միջից վերացվեն, կարող է 70 տոկոսն էլ տանել: Սա ենթադրում է հետագա քաղաքական զարգացումներ, ինչը շատ բնական ու տրամաբանական է: Այսինքն՝ այդ քաղաքական ուժի ողջամիտ մասնատում կարող է լինել, երկու-երեք քաղաքական ուժ կարող են սերվել այս հեղափոխությունից, որոնք իրար ոչ թե թշնամի կլինեն, այլ կլինեն ողջամիտ ու բարեխիղճ ընդդիմություններ: Հիշեք՝ ՀՀՇ-ից ինչ քաղաքական ուժեր կտրվեցին ու ձևավորվեցին»,- ասաց Բարսեղյանը:

Աղբյուրը՝ lragir.am

Понравилась статья? Поделиться с друзьями: