
Հայտնի է դարձել, որ ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչները չեն կարողացել համաձայնեցնել հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության միասնական համակարգերի ստեղծման ծրագիրը: Այն մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:
Սեմերիկովն ասել է, որ Մշտական խորհրդի որոշմամբ հարցը հանվել է քննարկումից եւ որոշվել է շարունակել աշխատանքը դրա շուրջ:
Նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի է ունեցել է ՀԱՊԿ վեհաժողովը, սակայն այս գլխավոր հարցը հանվել է օրակարգից, եւ չգիտես ինչու «գլխավոր» հարց է հռչակվել Յուրի Խաչատուրովի փոխարեն նոր գլխավոր քարտուղարի նշանակումը:
Ինչու՞ չի հաջողվել համաձայնեցնել համատեղ ՀՕՊ-ը եւ ՀՀՊ-ն: Ո՞ր երկիրն է դեմ: Դա նշանակու՞մ է, որ ՀԱՊԿ ռազմական դաշինքն իրականում դաշնակիցների դաշինք չէ:
Օրերս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կտրուկ մերժել է Ռուսաստանի առաջարկը Բելառուսի տարածքում ռազմաբազա տեղակայելու վերաբերյալ: Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկն ինքնուրույն կդիմադրի հարձակմանը: Ի պատասխան՝ Բելառուսում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բաբիչն այցելել է Բրեստում տեղակայված Ռուսաստանի բազա եւ այնտեղից հայտարարել, որ Լուկաշենկոն, իհարկե, ճիշտ է:
Չնայած Մոսկվան ցույց է տվել, որ Բելառուսում բազա ունի, բայց Լուկաշենկոյի դեմարշը կարող է նշանակել, որ Բելառուսը համաձայն չէ, որ Ռուսաստանի թշնամիները նաեւ իր թշնամիներն են: Մենք Ռուսաստանի հետ դաշնակիցներ ենք, բայց դա չի նշանակում, որ նրա թշնամիները մեր թշնամիներն են, փաստացի ասում է Լուկաշենկոն: Չնայած Ռումինիայում եւ Լեհաստանում ՆԱՏՕ-ի բազաների տեղակայմանը՝ Բելառուսը մտադիր չէ դրանց դեմ Ռուսաստանի հետ միասին պաշտպանական գիծ կառուցել:
Հավանաբար, հենց դրանով է պայմանավորված Ռուսաստանի հետ ընդհանուր ՀՕՊ եւ ՀՀՊ ունենալուց հրաժարվելը: Սա առանցքային պահ է, ստացվում է, որ ՆԱՏՕ-ին այլընտրանքի հավակնող ռազմական դաշինքը չի կարող համատեղ ուժերով ինքն իրեն պաշտպանել օդից: Հավանաբար, պատճառն այն է, որ դաշինքի որոշ երկրներ չեն վստահում Ռուսաստանին:
Մոսկվայում մի քանի տարի առաջ ստեղծվել է ՀՕՊ Եւ ՀՀՊ կառավարման կենտրոն, ուր Պուտինը հրավիրել էր ՀԱՊԿ անդամ երկրների նախագահներին: Դա ակնարկ էր, որ եթե ՀԱՊԿ երկրները համատեղ ՀՕՊ ստեղծեն, այն Մոսկվայից է կառավարվելու: Անգամ նշվեց, որ ՀՕՊ-ն արդեն ծածկում է հետխորհրդային ողջ տարածքը:
Հիշվում է, 2015 թվականի հոկտեմբերի 3-4-ին Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցող ռուսական ինքնաթիռները հատեցին Թուրքիայի սահմանը: Ի պատասխան, հոկտեմբերի 6-7-ին թուրքական զինված ուժերի երկու մարտական ուղղաթիռ հատեցին Հայաստանի պետական սահմանը եւ մի քանի րոպե Արմավիրի մարզի օդային տարածքում էին: Այն ժամանակ Հայաստանում ռուսական ՀՕՊ-ը, սահմանապահ զորքերը եւ Հայաստանի ԶՈւ-ն չարձագանքեցին: Բայց պարզ դարձավ, որ Հայաստանում ռուսական ՀՕՊ-ը կարող է չարձագանքել Հայաստանի օդային տարածքի խախտմանը, եթե Ռուսաստանի համար սպառնալիք չեն: Հայաստանի համար սպառնալիքը չի նշանակում նաեւ սպառնալիք Ռուսաստանի համար:
Նույնը վերաբերում է ՀԱՊԿ մյուս երկրներին, եւ ընդհանուր ՀՀՊ-ից հրաժարվելը հետեւանքն է այն բանի, որ ՀԱՊԿ-ում ոչ ոք չի ցանկանում իր վրա Ռուսաստանի դաշնակցի պարտավորություն վերցնել հնարավոր ռազմական հակամարտությունում: Արեւմտյան փորձագետները նշում են, որ Լուկաշենկոն հրաժարվել է ռուսական բազայից, որովհետեւ հակամարտության դեպքում կարող է դառնալ «թշնամական ուժերի» առաջին թիրախը: Իսկ Ռուսաստանի վրա հույս դնել պետք չէ: