Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին. երեսիս փակված դռներ, հեգնանքով և արհամարանքով լի ժպիտներ

«Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին. երեսիս փակված դռներ, հեգնանքով և արհամարանքով լի ժպիտներ.«Մի համառեք», «Ոչինչ չունենք ձեզ համար», «Թողեք ձեր հասցեն, կգրենք», «Ամեն պատահական մարդու վրա ժամանակ չունենք կորցնելու»…Ես ճաշակել եմ այդ բոլորը: Շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել եմ արցունքներս ու կուչ եկել: Շատերի նման զայրույթից պոռթկացել եմ երբեմն, կոպտել եմ, կոպտել են ինձ: Կասկածն ու հուսահատությունը, բախտ չունենալու զգացողությունը հաճախ են գետնել ինձ, բայց ցավս թաքցրել եմ, քաշվել եմ պատյանիս մեջ և ուժ հավաքել դիմանալու, պայքարելու համար…»,- այսպես է նկարագրել իր կյանքը հայազգի լեգենդար շանսոնյեն «Ազնավուրն Ազնավուրի մասին» գրքում:

Նա գրում է. «Ի վերջո, դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ ու համարձակվում եմ ասել, թող դա ինքնագովություն չթվա՝ ես ինձ դուր եմ գալիս»:

Իր ընտանիքի մասին խոսելիս Ազնավուրը պատմում է. «Պարտություններով ու դժվարություններով լի իմ կարիերայի առաջին տարիներին ուղեկցող ողջ դառնությունը  և ծաղր ու ծանակը ընտանիքիս էր բաժին հասնում: Ես պարտական եմ նրան: Ամեն անգամ, երբ տուն էի վերադառնում, ականջներս դեռ լի հանդիսատեսի աղմուկ-աղաղակով, սուլոցներով ու վիրավորանքներով, ծնողներս իմ կողքին էին, պատրաստ լսելու ու մխիթարելու: Կորած է այն մարդը, որ հենարան չունի: Իմ հենարանը իմ ընտանիքն էր՝ մայրս, հայրս, քույրս…»:

Սիրո մասին բազում երգեր հեղինակած շանսոնյեն իր կենսագրական գրքում նշում է.«Կանայք, որոնց միշտ ամեն ինչից վեր եմ դասել` սիրել են ինձ, խաբել, պաշտպանել, պաշտել, լքել, բայց հեռանալուց առաջ երջանկության պատրանքներ են տվել ինձ: Ես էլ իմ հերթին հաճախ եմ նրանց արցունքների մեջ թողել: Գնահատել չիմանալով սերը, վազել եմ վաղանցիկ սերերի հետևից: Խաբել եմ, նախքան կխաբեին ինձ, այսպիսով խաբել եմ ինքս ինձ…Ի՜նչ արած, այդ է կյանքը, այդ է սերը»:

Հայերի մասին պատմելիս Ազնավուրն ասում է. «Հայը սիրում է լավ սեղանն ու լավ գինին: Այո՜, գինին, որն ազգային խմիչք է, հայը նույնքան է սիրում, որքան ֆրանիսացին: Տոնը առանց ճոխ սեղանի, առանց գինու, առանց երգի, տոն չէ հայի համար»,- ապա հավելում. «Պետք է ասել, որ խմիչքը չէ, որ խոսեցնում է հային, այլ խոսքն է խմեցնում նրան»:

«Ապրելու համար մի ելք կա միայն: Քեզ զիջում են միայն այն դեպքում, երբ քո կարիքն են զգում: Իսկ եթե չէ, բարի ճանապարհ: Նշանակում է՝ նախ պետք է օգտակար դարձնես քեզ, ապա՝ անհրաժեշտ»,- «Ազնավուրը Ազնավուրի մասին» գրքում նշում է լեգենդար հայը:

ՄՆԱ՜

Էլի՜ մնա,
Մնա ինձ հետ,
Մարմնիս վրա,
Ձեռքերիս մեջ,
Թևատարա՜ծ,
Բավարարվա՜ծ,
Խենթ ու խելա՜ռ,
Ու հևասպառ:
Մնա սիրով
Ու նվաղած,
Եվ գիշերով
Ցանկապատված,
Սրտիս վրա,
Առանց ամոթ,
Մնա կրքոտ,
Մե՜րկ համարյա:
Այդպե՜ս մնա,
Չհագեցած,
Կյանքիս վրա,
Ձեռքս սեղմած,
Գիսախռիվ,
Մարմնակործա՜ն,
Հե՜զ, անխռո՜վ,
Ու ինքնիշխան:
Այսետղ մնա,
Բառ մի ասա,
Հրճվիր, ցնծա,
Մաշկիս վրա,
Հույսի գրկում
Ու գիշերվա,
Մինչև դրսում,
Լույսը բացվեր,
Իմ սե՜ր, իմ սե՜ր…

Շառլ Ազնավուր 

haydzayn.am

Понравилась статья? Поделиться с друзьями: