
Երևանի 30 դպրոցներում կներդրվի նոր համակարգ, որով երեխաները հատուկ մագնիսային քարտերով մուտք կգործեն դպրոց, իսկ ծնողները հաղորդագրություն կստանան երեխայի մուտքի և ելքի մասին։
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Araratnews.am—ին մանրամասներ հաղորդեց, թե համակարգն իրենից ինչ է ներկայացնում։
Նա նշեց, որ ընտրվել են այն դպրոցները, որոնք առավել խիտ համալրվածություն ունեն․ «Երեխաների անվտանգության մակարդակը բարձրացնելու համար տեղադրվելու են արգելափակոցներ։ Երեխաները մագնիսային քարտերով կբացեն արգելափակոցները և կմտնեն, դուրս գալուց նույն կերպ, ինչպես բոլոր գրասենյակներում, հիմնարկություններում։ Դրանով վերահսկվում է և՛ երեխաների անվտանգությունը, և՛ ծնողը կարողանում է վերահսկել՝ երեխան դպրոցո՞ւմ է, թե՞ դպրոցում չէ»։
Հարցին, թե ինչպես է ծնողն իմանալու երեխայի մուտքի և ելքի մասին, Կարապետյանը պատասխանեց․ «SMS ծառայություն կլինի, ծնողը հաղորդագրություն կստանա երեխայի դպրոց մուտքի և ելքի մասին։ Բայց ծնողը կարող է օգտվել ծառայությունից ըստ հայեցողության։ Պարտադիր չի լինելու հաղորդագրությունից օգտվելը»,- պարզաբանեց խոսնակը:
Այսինքն՝ ծնողները չե՞ն կարողանա մուտք գործել դպրոց․ «Մանրամասները դեռ հստակեցված չեն, համակարգը ներդնելուց կներկայացվի։ Հավանաբար երեխաներին կսպասեն մուտքի մոտ»։
Ինչ վերաբերում է էքստրեմալ դեպքերում արգելափակոցների բացման խնդրին, մամուլի խոսնակը նշեց, որ երեխաներին այդ համակարգով չեն բանտարկում, պարզապես անվտանգությունն են ապահովում։ «Երեխաները իրենց ուզած ցանկացած պահին կարող են դուրս գալ և մտնել, ուղղակի ելումուտը ֆիքսվելու է»։
Դիտարկմանը՝ որքա՞ն կարժենան հաղորդագրությունները, և ո՞ւր են ուղղվելու հաղորդագրությունների համար գանձվող գումարները՝ Կարապետյանը պատասխանեց. «Ստացված գումարները կուղղվեն ծառայությունը մատուցող ընկերությանը, ինքը կառաջարկի, թե որքան կլինի հաղորդագրության համար գանձվող գումարը»։
Իսկ թե ինչո՛ւ հիմա որոշվեց ներդնել համակարգը՝ Հակոբ Կարապետյանը պատասխանեց. «Ժամանակը թելադրում է իր առաջնահերթությունները և խնդիրները և դրանց լուծումները»։
Հարցին՝ միգուցե համակարգով փորձ է արվում ծնող-ուսուցիչ-դպրոցի տնօրեն կապը խզե՞լ՝ խթանելով կոռուպցիոն ռիսկերի նվազմանը, Կարապետյանն ասաց, որ համակարգը լուծելու է միայն երեխաների անվտանգության հարցը, ուրիշ ոչ մի ենթատեքստ չունի։