
Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ հայկական կողմը չի հրաժարվել Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի օրակարգից, դրան ավելացել է Դուշանբեն եւ սահմանին նկատելիորեն խաղաղ է:
Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի օրակարգը հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքում որոշակիորեն վերածվել է «մանտրայի», որը կրկնվում է պարբերաբար, հաճախ առանց խնդրի էության մեջ խորամուխ լինելու փորձի:
Բանն այն է, որ Վիեննան ու Սանկտ-Պետերբուրգը գործնականում իրարամերժ օրակարգեր են, եւ Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցածի բուն նպատակը Վիեննայում տեղի ունեցածը ստորադասելն էր: Վիեննայի հանդիպումը տեղի ունեցավ ապրիլյան քառօրյայից հետո՝ մայիսին, որտեղ առաջնահերթ հարցը հրադադարի պահպանման, հետաքննության միջազգային մեխանիզմի ներդրումն էր, ինչը ենթադրում էր մշտադիտարկման սարքեր սահմանի երկայնքով: Վիեննայի օրակարգը ամերիկյան հովանու ներքո էր:
Սանկտ-Պետերբուրգը տեղի ունեցավ մեկ ամիս անց, արդեն ՌԴ հովանու ներքո, եւ դրա ամփոփիչ հայտարարության մեջ որեւէ խոսք չկար հետաքննության մեխանիզմի մասին, այլ խոսվում էր ԵԱՀԿ դիտորդների գրասենյակի աշխատակիցների քանակն ավելացնելու պատրաստակամության մասին: Ալիեւը համաձայնել էր դրան՝ Վիեննային չհամաձայնելու համար:
Հատկանշական է, որ Սանկտ-Պետերբուրգից անմիջապես հետո Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը հայտարարեց, թե չնայած Սանկտ-Պետերբուրգում հետաքննության միջազգային մեխանիզմի մասին չկար խոսք, բայց իրենց համար առաջնահերթը դա է: Նույն համատեքստում նա հայտարարեց, որ Ֆրանսիան պատրաստ է հնարավորինս շուտ անցկացնել երրորդ հանդիպումը: Բայց, երրորդը տեղի ունեցավ հնարավորինս ուշ՝ մոտ մեկուկես տարի անց, 2017-ի հոկտեմբերին՝ Ժնեւում, որի առիթով չեղավ Սանկտ-Պետերբուրգի եւ Վիեննայի որեւէ հիշատակում:
Մյուս կողմից, սակայն, ի՞նչ էր Վիեննան խորքային առումով: Այստեղ հարկավոր է արձանագրել, որ հատկապես ուշադրության է արժանի քառօրյա պատերազմից մոտ մեկուկես ամիս անց տեղի ունեցած այդ հանդիպման ԱՄՆ հովանու ներքո լինելու պարագան: Բանն այն է, որ ապրիլյան գրոհը Ադրբեջանը սկսեց այն ժամանակ, երբ ԱՄՆ-ում էին Ալիեւն էլ, Սարգսյանն էլ:
ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման նրանց հրավիրել էր միջուկային Վեհաժողովին մասնակցելու: Ընդ որում հատկանշական էր, որ Ալիեւին ԱՄՆ հրավիրել էր առաջին անգամ: Դրանից առաջ մեդիայում եւ փորձագիտական շրջանակներում խոսակցություն շրջանառվեց, որ Ալիեւին էլ հրավիրելով՝ ԱՄՆ-ն փորձելու է Սարգսյան-Ալիեւ ֆորմատով լուծել հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրման հարցը եւ մտադիր է վճռական լինել այդ հարցում: Վաշինգտոնն ըստ երեւույթին փորձում էր վճռական լինել ռուս-ադրբեջանական ռազմավարական եւ ռազմա-տեխնիկական ահռելի ծավալի գործակցության հնարավոր պատերազմական հետեւանքը կանխելու, այսպես ասած կազանյան պլանի ռազմական ճանապարհով իրականացման փորձ թույլ չտալու հարցում: Ավելին, բացառել պետք չէ, որ եղել է տեղեկություն կազմակերպվող մոտալուտ գրոհի մասին: Ընդ որում, այդ ֆոնին հատկանշական է ապրիլյան քառօրյայի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ հարյուրավոր էջ գաղտնի նյութերի է ծանոթացել վարչապետի պաշտոնում եւ որեւէ խոսք չկա հետախուզական տվյալի բացակայության մասին:
Վաշինգտոնում Սարգսյան-Ալիեւ հանդիպում չեղավ, սակայն հենց դրանով էլ հատկանշական է, որ Ադրբեջանը գրոհը սկսեց վաշինգտոնյան Վեհաժողովից անմիջապես հետո, խոշոր հաշվով՝ երբ Ալիեւը օդանավի շարժասանդուղքից ոտքը դրեց Ադրբեջան:
Արդյոք դա Բաքվի մերժում էր Վաշինգտոնի կոշտ եւ վճռական առաջարկին: Թե՞ ԱՄՆ ուներ տեղեկություն ոչ թե ապրիլյան գրոհի, այլ ավելի հուժկու հարձակման նախապատրաստության մասին, եւ դա կանխելու համար Ալիեւին հրավիրեցին հրադադարի մեխանիզմ պարտադրելու, կամ այդպիսով Ադրբեջանին դրդելու սկսել գրոհը ամբողջ ծավալով չնախապատրաստված, այսպես ասած շտապեցնելով Բաքվին եւ մղելով սխալների:
Համենայն դեպս, հայկական բանակի դիմադրությունը Ադրբեջանի գրոհը վերածեց ոչ միայն պարզապես սխալի, այլ խոշոր ռազմա-քաղաքական վրիպումի: Դրանից հետո ԱՄՆ-ն Վիեննայում դրեց հետաքննության մեխանիզմների տեղակայման հարցը: Ամբողջ խնդիրն այն է, որ այդ տեղակայումը չէր բխում ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Ռուսաստանի շահից, քանի որ փաստացի չեզոքացնում էր ՌԴ գերիշխող դիրքն իրավիճակի կառավարման հարցում:
Կազմակերպվեց Սանկտ-Պետերբուրգի ռուս-ադրբեջանական հաատեղ դիմադրությունը, որի հաջողությանը նաեւ զգալիորեն նպաստեց դրանից մոտ մեկ ամիս անց Հայաստանում բռնկված ՊՊԾ ճգնաժամը:
Այդուհանդերձ, Մոսկվային ու Բաքվին հաջողվեց ապաակտիվացնել Վիեննայի օրակարգը, ընդհուպ հասցնելով իրավիճակը 2017 թվականի Ժնեւին, որտեղ չկար Վիեննայի մասին որեւէ խոսք: Սակայն չհաջողվեց դուրս բերել քաղաքական իրավիճակը այդ տրամաբանությունից, հատկապես որ, ինչպես իր հարցազրույցներից մեկում 2017 թվականին հայտարարել էր Կոմանդոսը՝ ամերիկյան կողմի աջակցությամբ հայկական դիրքերը համալրվեցին խորքային տեսադիտարկման սարքավորումներով, բարձրացնելով հայկական զինուժի կանխարգելիչ կարողությունները:
Դրանք այսպես ասած «ստուգելու» Ադրբեջանի առաջին իսկ փորձն արժանացավ դաժան հարվածի՝ 2017-ի փետրվարին, երբ դիվերսիոն փորձը արժեցավ ադրբեջանական հատուկջոկատային հինգ զոհի:
Հրադադարի պահպանման մեխանիզմները կամ Վիեննայի օրակարգը փաստացի իրականացվեց հայկական առաջնագծում, ԱՄՆ օժանդակությամբ, անշուշտ նաեւ ռուսական համաձայնությամբ, քանի որ դրա միջոցով Մոսկվան էլ զգալիորեն ձերբազատվում էր ադրբեջանա-թուրքական ճնշումից:
Խոշոր հաշվով, Վիեննայի օրակարգը կատարել է իր դերը, ոչ բառի բուն իմաստով, սակայն ապրիլյան քառօրյայից անմիջապես հետո Ադրբեջանի ու նաեւ Ռուսաստանի առաջ դրվել է բավական բարձր նշաձող, մյուս կողմից նրանց տրվել դրանից նահանջելու հնարավորություն՝ դրա դիմաց վճարելով որոշակի քաղաքական գին, ռազմական սադրանքներից հրաժարվելու տեսքով:
Այդ համատեքստում, հայկական կողմը թե Սերժ Սարգսյանի, թե նոր կառավարության շրջանում սկսեց գրեթե չխոսել Վիեննայի օրակարգից, քանի դեռ Բաքուն ձեռնպահ է մնում ռազմական սադրանքներից: Բայց, միաժամանակ, Դավոսի Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո արտգործնախարար Մնացականյանը հիշեցնում է դրա մասին, ընդ որում, հատկանշական է՝ այն բանից հետո, երբ Ալիեւի հետ հանդիպումից հետո Փաշինյանին զանգահարեց Ջոն Բոլթոնը, իսկ Մոսկվայում Պուտինը «չգտավ» Փաշինյանի հետ հանդիպելու ժամանակ, եւ այդպիսով Փաշինյանի միջոցով Պուտինը մերժեց Էրդողանին ու Ալիեւին: