Ով կսեղմի ՀՀԿ-ի մահվան կոճակը. Որոնք են ելքերը

Իրատես թերթի «հակահեղափոխական շրջանակների» տեղեկությամբ, ՀՀԿ-ն մտադիր չէ այդքան հեշտությամբ զիջելու իրեն մնացած վերջին հնարավորությունը: «Մենք մեր դե՞մ ենք քվեարկելու, որ նման փոփոխություն ընդունվի: Եթե Նիկոլ Փաշինյանը, որ ողջ հանրության վստահությունն իրենն է համարում, վախենում է հրաժարական տալուց, մենք ինչո՞ւ ենք հենց այնպես հանձնում մեր իշխանությունը»:

Մնում է հասկանալ, թե Փաշինյանի իշխանությունը սահմանադրական փոփոխության ինչ տարբերակ պետք է մտածի, որ եւ ինքը մնա վարչապետի պաշտոնում, եւ ՀՀԿ-ին համոզի սեփական «մահվան» կոճակը սեղմել, եւ խորհրդարանն ինքնալուծարվի, եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպվեն, գրել է թերթը:

Պետք է իհարկե նախ հասկանալ, թե ներկայում ինչ է ՀՀԿ-ն: Այն քրեական վարչակարգի ցուցանակն էր, որտեղ «միասնությունը» հիմնված էր որոշակի տնտեսա-քաղաքական ու կոռուպցիոն կոնյուկտուրայի վրա: Ներկայում դա վերացվել է, այսինքն վերացել է այդ կուսակցության բազան:

Այս պայմաններում ՀՀԿ-ն, կամ դրա տակ ներկայացող խմբերը երկու ելք ունեն՝ կամ դիմադրել, կամ նպաստել հեղափոխության օրակարգին: ՀՀԿ-ականները բնականաբար փորձում են երկարաձգել իրենց քաղաքական կյանքը, միաժամանակ թերեւս հասկանում են, որ այդ ճանապարհների ընտրությունից է կախված իրենց հանդեպ հանրային վերաբերմունքը:

Մյուս կողմից, ընտրություն ըստ էության չկա, քանի որ բոլոր դեպքերում ելքը մեկն է, տարբեր են այդ ելքին հասնելու մեթոդները՝ խաղաղ, թե հանրային նոր կոնսոլիդացիայով: Ներքին ու արտաքին քաղաքականության հարցերում կառավարության սայթաքումների վրա հույսը պարզապես զավեշտալի է, որովհետեւ այդ սայթաքումները կոնկրետ ՀՀԿ-ի համար ոչինչ չեն նշանակում: Ավելին, ավելի հավանական է, որ այդ սայթաքումների մեղքն էլ դրվի ՀՀԿ-ի վրա:

Սա այն իրավիճակն է, որը պատասխանում է ՀՀԿ-ականների հարցին, թե ինչու պետք է «հենց այնպես հանձնեն իշխանությունը»: Նոր իրավիճակում ՀՀԿ-ին ըստ էության մի ընտրություն է մնացել՝ ով է սեղմելու «մահվան կոճակը», այսինքն՝ սահմանադրության փոփոխությունների քվեարկությունը:

ՀՀԿ-ի պարագայում կա իհարկե մի թեթեւ հույս՝ «հակառակ ծայրից» նպաստել նոր իշխանության օրակարգին, եթե իհարկե իշխանությունը հակված չէ համակարգային փոփոխությունների եւ լուծում է միայն իշխանության խնդիր: Բայց դա էլ չի փոխում իրավիճակը, բացի նրանից, որ ՀՀԿ-ն ստանձնում է եւս մեկ վատ դեր՝ ծաղրածուի դերը, որն ասում է «ճշմարտությունները», այդպիսով փակելով շահագրգիռ բանավեճերի ու քննադատության ճանապարհը:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am

Понравилась статья? Поделиться с друзьями: