Նախկինում այսպիսի նկարներ հայտնի ամսագրերի շապիկներին չէինք տեսնի: Բայց ահա ավստրալական Women’s Weekly ամսագիրն այս տարվա ամառային համարներից մեկի շապիկին հրապարակեց Ավստրալիայում հայտնի մարզիկ Թուրիա Փիթթի լուսանկարը, ում մաշկի 65 տոկոսը ծածկված է խոր այրվածքներով: Այսպես, Թուրիան վերադարձավ մոդելային բիզնես, որտեղից նա ստիպված էր հեռանալ մի քանի տարի առաջ: Իսկ փրկեց նրան և հետ վերադարձրեց սերը:
2011թ-ին 24-ամյա մարզիկ և մոդել Թուրիա Փիթթը՝ Միսս Ավստրալիա գեղեցկության մրցույթի նախկին մասնակիցը, հայտ է ներկայացնում՝ մասնակցելու համաշխարհային մարաթոնյան մեծ մրցավազքին: Նրան մերժում են, քանի որ չի կարողանում կազմակերպիչներին վճարել 1600 դոլար կազմող մասնակցության վճարը: Բայց վազքից ընդամենը մի քանի օր առաջ զանգահարում են Թուրիային և առաջարկում անվճար հիմունքներով մասնակցել մարաթոնին, քանի որ մասնակցել ցանկացողների թիվը նախատեսվածից զգալիորեն քիչ է լինում: Աղջիկն անմիջապես համաձայնում է, քանի որ դա երազանք էր նրա համար:

Ահա գալիս է սպասված օրը: Վազքի համար նախատեսված ճանապարհն ընդգրկում էր անտառային և լեռնային հատվածներ: Թուրիայի հետ միաժամանակ լեռնային բարձունք են հասնում ևս մեկ աղջիկ և չորս տղամարդ: Եվ հանկարծ նրանք ուժեղ ձայներ են լսում: Քիչ անց նկատում են, որ մոտակայքում մեծ հրդեհ է բռնկվել: Նրանք փորձում են բարձրանալ ավելի վեր, բայց հրդեհն ավելի արագ է մոտենում, և երկու աղջիկները վնասվում են ու կորցնում գիտակցությունը:
Շտապ օգնության ուղղաթիռն օգնության է հասնում միայն չորս ժամ հետո: Այդ ամբողջ ընթացքում նրանց օգնում են իրենց հետ վազող տղամարդիկ՝ հասցնելով նրանց բարձր ժայռի գագաթին, գիտակցության են բերում, իրենց խմելու ջրերն են ցողում մարմնի այրված հատվածներին, իրենց շորերով պաշտպանում նրանց արևի այրոցից: Թուրիան կորցնում է աջ ձեռքի բոլոր մատները, իսկ ձախ ձեռքինը որոշակիորեն վերականգնվում են: Ավելի ուշ բժիշկները ստիպված են լինում հեռացնել նրա մի ոտքը:

Առաջին օրերին նրանք ընդհանրապես հույս չէին տալիս, որ աղջիկը կենդանի կմնա, սակայն նրա մարզված երիտասարդ ու առողջ օրգանիզմն ապացուցեց հակառակը: Իսկ երբ ճգնաժամն արդեն հետևում էր, պարզ դարձավ, որ նա հիվանդանոցներում պետք է անցկացնի մոտակա մի քանի տարիները:
Այստեղ արդեն պայքարն ավելի շատ հոգեպես էր: Եվ հոգեպես վերականգնվել նրան օգնում է իր ընկերոջ նվիրվածությունն ու սերը:
Մայքլ Խոսկինը փոխեց աշխատանքը, որպեսզի հնարավորինս երկար լինի ընկերուհու կողքին: Թուրիան սկզբում չէր կարողանում նորմալ քայլել, չէր կարողանում ինքնուրույն լվացվել, ուտել… Նրա մոտ ամբողջ օրը պետք է որևէ մեկը լիներ:

Եվ Մայքը որոշեց լինել այդ մեկը: Մոտավորապես 2 տարի նա դարձավ աղջկա ձեռքերն ու ոտքերը՝ համբերատարությամբ օգնելով նրան և ամեն բան անելով նրա փոխարեն կամ նրա հետ միասին: «Նա զարմանալի մարդ է. ամեն օր արթնանում է ժամը 7-ին, քայլում է, լողում մինչ ֆիզիոթերապիայի հերթական գործընթացը սկսելը:
Նրա մասին սխալ է ասել, թե մի կերպ պահպանել է գոյությունը, այս ողջ ընթացքում նա ոչ թե ձգտում է չմեռնել՝ պահպանելով իր գոյությունը, այլ ապրել լիարժեք կյանքով»,- ասում է Մայքը:

«Գեղեցկությունը մեր վարքի մեջ է, մեր պահվածքի, նրա մեջ, թե ինչպես ենք նայում մարդկանց աչքերին,- ասում է Թուրիան,- հենց այս ամենն է կնոջը գեղեցկացնում: Մենք ավելին ենք, քան մեր մարմինները: Սկզբում ինձ համար դժվար էր դուրս գալ հասարակական վայրեր, քանի որ մարդիկ ամենուր զարմացած ինձ էին նայում: Բայց ես պետք է դա անեի, այլապես թույլ կտայի, որ այն հրդեհը հաղթեր ինձ»:
Առջևում Թուրիային սպասվում են մի քանի պլաստիկ վիրահատություններ, իսկ մինչ այդ նա արդեն ակտիվ կյանք է վարում՝ հատկապես բարեգործական ոլորտում:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն