Պետք է վերանա նիկոլիզմը` իր հետ տանելով անգրագետ, անհայրենիք և թրքաբարո երևույթներին․ Գայանե Ասլամազյան
Iravunk.com-ը գրում է․ Երկրում տիրող իրադարձությունների մասին “Իրավունքը” զրուցեց հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանի հետ:
– Բնակվում եք ԱՄՆ-ում եւ բավականին ակտիվ հետեւում եք հայաստանյան իրադարձություններին: Ինչպե՞ս եք վերաբերվում երկրում ստեղծված նախընտրական պայքարին:
– Քանի որ հեռու եմ ապրում, եւ ժամերս այլ են, մոտ երեք տարի է ինձ մոտ օր ու գիշեր խառնվել է: Նախօրեին շատ մռայլ էի եւ սպասումներով լի: Այդ գիշերը շատ կարճ տեւեց… Արթնանալուն պես միանգամից միացրի երկրորդ նախագահի ելույթը:

Շատ հուզվեցի հենց առաջին վայրկյաններից, երբ հնչեց մեր հիմնը, եւ տեսա գեղեցիկ տեղադրված մեր դրոշները: Հասկացա, որ երեք տարիների ընթացքում որքան էլ որ ուշադիր հետեւել եմ լրահոսին, չեմ լսել մեր հիմնը եւ չեմ տեսել լուրջ մոտեցում յուրաքանչյուր ելույթի: Պետականության հանդեպ ճիշտ մոտեցում, մտածողություն, հարգանք մեր պետական նշանների նկատմամբ:
Հոգնել եմ հիստերիկ մեղադրանքներից ու քանդուքարափ անող գաղափարներից: Հոգնել եմ փողոցային փնթի վիճակից, որ տիրում է արդեն երեք տարի: Մենք երեք տարվա մեջ չենք լսել գեթ մեկ կառուցողական միտք:
Վերջապես հստակ ծրագիր, գործ անելու տրամադրվածություն: Հավանեցի մարդկանց հրապարակում: Եվ այն փաստը, որ մարդկանց չէին օգտագործել ինչպես նախկինում. “Դուք գնացեք 8-ից հրապարակ, ես 11-12-ին կգամ”:
Կարճ, կոնկրետ եւ դեպի ծանրագույն աշխատանքը տանող խոսք: Առանց փողկապ, շապիկի թեւերը վեր բարձրացրած եւ անշնորհակալ աշխատանքին լծվելու պատրաստություն: