Պատշգամբից դուրս նայեցի և նոր հիշեցի, որ ախր ես մեքենա եմ գնել. Անդրանիկ Հարությունյան

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ընթերցողների դատին ներկայացնել շարք՝ «Չեք հավատա, բայց…» խորագրով: Շարքի շրջանակում պատմում ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի, բայց ուշագրավ դրվագներ, հայտնիները հիշում են պահեր, որոնք իրենց պարգեւել են ժպիտ, զարմանք, վախ եւ այլ զգացումներ: Այս անգամ մեր զրուցակիցը դերասան Անդրանիկ Հարությունյանն է: Նա հիշեց մեկ դեպք ստեղծագործական, եւ մեկ դեպք՝ անձնական կյանքից:

Առաջին դրվագը կապված է «Կարգին հաղորդման» հետ. «Նկարահանվում էինք հերթական սքեչերից մեկում, բնակարան էինք վարձել, տանտերերը խնդրել էին որքան հնարավոր է արագ իրականացնենք նկարահանումները, քանի որ հյուրեր պետք է ընդունեին այդ տանը: Հիշում եմ, որ բավական շոգ օր էր: Մենք հաց կերանք, թան խմեցինք եւ այդ շոգին, ոչ ավել ոչ պակաս, ստեղծագործական ողջ թիմով քնեցինք: Դա իսկապես անհավատալի բան էր, քանի որ մեր կազմը հայտնի էր իր պունկտուալությամբ… Այդ օրը տանտերը եկավ, աչքերին չէր հավատում»,- ծիծաղելով հիշեց դերասանը:

Նա մտաբերեց մեկ այլ պատմություն եւս, որը կատարվել է շուրջ 9 տարի առաջ. «Երկար տարիներ շարունակ երթեւեկում էի տաքսիներով, դա, կարծես, իմ կենսակերպի մի մասն էր դարձել: Եվ, ահա, 2010-ին վերջապես գնեցի իմ մեքենան: Ուրախ-ուրախ եկա տուն, քնեցի այն մտքով, որ առավոտյան աշխատանքի արդեն սեփական մեքենայով եմ գնալու: Եվ երբ եկավ առավոտը, չեք հավատա, բայց մոռացա, որ մեքենա էի գնել, սովորության համաձայն զանգահարեցի, տաքսի պատվիրեցի: Տաքսին եկավ տուն, պատկերացրեք, որ արդեն տեւական ժամանակ էր անցել, պատշգամբից դուրս նայեցի եւ նոր հիշեցի, որ, ախր, ես մեքենա ունեմ…»,- պատմեց դերասանը՝ հավելելով, որ երբ ընկերներին պատմում էր եղելությունը, նրանք չէին հավատում՝ ինչպես կարելի էր նման բանը մոռանալ:

Աննա Բաբաջանյան


Понравилась статья? Поделиться с друзьями: