«Չգիտեմ` բա՞խտ է, թե՞ ճակատագիր, որ այս տարի առաջին անգամ եղա Արցախում, այն մեծ Արցախում, որը բոլորինս էր ու, հատկապես, քոնը». Պոնչի գրառումն ու շնորհակալությունը Տոմային

Դերասան Տարոն Իսպիրյանը` Պոնչը, Ինստագրամի իր էջում հրապարակել է Թամարա Պետրոսյանի` Տոմայի հետ լուսանկար ու գրառում արել՝ շնորհակալություն հայտնելով վերջինիս իրեն Արցախին ծանոթացնելու համար:

«Ես միշտ չեմ հասկացել` այն, ինչ ինձ հետ պատահում է, բա՞խտ է, թե՞ ճակատագիր (հնարավոր է` երկուսն էլ նույնն են), բայց միշտ շնորհակալ եմ:

Շնորհակալ եմ քեզ, որ ինձ ծանոթացրիր Արցախ աշխարհի հետ, ինձ համար այլ բնություն, այլ մարդիկ, այլ համ ու հոտ, այլ օդ, այլ սարեր բացահայտեցիր: Շնորհակալ եմ քեզ, որ այն կարծիքները, կարծրատիպերը, այն «տարբերների» կարծիքները, տեսակները, որոնք ձևավորել էին իմ մեջ, ընդհանուր պատկերացում Արցախի ու արցախահայության մասին, դու 180 աստիճանով փոխեցիր՝ ընդամենը ինձ տանելով Արցախ: Շնորհակալ եմ քեզ Դադիվանքի, Ամարասի, Ղազանչեցոցի, Նիկոլ Դումանի տուն-թանգարանի, Տիգրանակերտի, Տնջրիի, Գանձասարի, Շուշիի, Վանքասարի, Ստեփանակերտի, անգամ, Աձիկի մոտ հաց ուտելու համար, Ռուսին աղբյուրի, Թրթերուկի ու Խոռնավ չայի համար: Շնորհակալ եմ քեզ, որ քո ընկերները դարձան իմ ընկերները, ուրախ եմ, որ Արցախում ընկերներ ունեմ քո շնորհիվ: Շատ բան ունեմ ասելու քեզանով:

Ու չգիտեմ` բա՞խտ է, թե՞ ճակատագիր, որ այս տարի ամռանը ես առաջին անգամ եղա Արցախում, այն մեծ Արցախում, որը բոլորինս էր ու, հատկապես, քոնը: Երևի ճակատագիր է, որ այսպես պիտի լիներ, բայց մի բան հաստատ գիտեմ` բախտ է լինել Արցախում, զգալ, ապրել, Արցախում շնչել: Ես բախտավոր եմ հենց քո շնորհիվ: Շնորհակալ եմ քեզ, Տոմ»,- գրել է նա:

Понравилась статья? Поделиться с друзьями: