«Որոշեցինք ներկայացնել կրքոտ կնոջ». Լուիզա Ղամբարյանի կերպարային փոփոխությունը նոր ֆոտոշարքում. ՖՈՏՈ

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը նկարահանվել է Լիանա Սարգսյանի նորաձևության տան` ElSi–ի նոր ֆոտոշարքում, որտեղ ներկայացել է իր համար փոքր–ինչ անսովոր կերպարով։ Լուիզան նոր ֆոտոշարքը տրամադրել է Tert.am Life–ին ու պատմել ինչպես նոր աշխատանքի, այնպես էլ իր նախընտրած ոճի մասին։

«Լիանայի հետ մեր մտերմությունը տարիների պատմություն ունի։ Նա իմ ճանաչած ամենանպատակասլաց ու աշխատասեր մարդկանցից է, որը լուռ և հանգիստ աշխատում է` փորձելով գեղեցկության մշակույթ ձևավորել նորաձևության հայաստանյան իրականության մեջ։ Ֆոտոշարքն իրականացրինք Լիանայի առաջարկով։ Ես հաճախ չեմ մասնակցում ֆոտոշարքերի, որովհետև առաջարկն ինձ պիտի հետաքրքիր, պարզապես լուսանկարվելն ինձ համար արդեն հետաքրքիր չէ»,– ասաց Լուիզան։

Դերասանուհին նկատեց, որ ֆոտոշարքում նույն կինն է, սակայն կերպարները շատ են տարբերվում մեկը մյուսից. «Որոշեցինք ներկայացնել կրքոտ կնոջ, որը սիրում է կյանքն իր բոլոր գույներով, ինքնավստահ է և նպատակասլաց։ Ինձ համար հետաքրքիր էր, որովհետև այս դեպքում ներկայացավ Լուիզա Ղամբարյան մոդելը։ Նոր աշխարհ էր, ես սովոր եմ, օրինակ, մեջքս այլ կերպ պահել։ Լիանան փորձեց «կոտրել» ինձ և սովորեցնել մոդելային կեցվածք»։

Անդրադառնալով իր առօրյա ոճին` Լուիզան նկատեց, որ առօրյայում նախընտրում է հարմարավետությունը։ «Շատ եմ սիրում շրջազգեստներ, կրունկներ։ Սա ինձ համար ամենագեղեցիկ և կանացի ոճն է, սակայն մասնագիտության բերումով հաճախ բարձրակրունկներով, նեղ, պինդ գրկող հագուստներով եմ, որոնցից ժամանակ առ ժամանակ հոգնում եմ։ Սպորտային հագուստով ավելի հանգիստ եմ զգում ինձ։ Առօրյայում նախընտրում եմ մարզակոշիկներ, ջինսեր, համադրված մեղմ գույնի բլուզով։ Ես նախընտրում եմ հարմարավետություն, որպեսզի ինձ ազատ զգամ»,– ասաց դերասանուհին։

Որոշակի տարիքից հետո կանայք սկսում են խուսափել մարզակոշիկներից, ջինսերից։ Լուիզան նման խնդիր չունի, սակայն շեշտում է` չպետք է մոռանալ տարիքի մասին. «Աշխատող մարդու համար անկախ տարիքից առաջին հերթին կարևոր է իրեն հարմար զգալը։ Իհարկե, պետք է հաշվի առնես, թե ուր ես գնում։ Ես մարզակոշիկով կամ սպորտային հագուստով չեմ գնա գործնական հանդիպման։ Տարիքային որոշակի ցենզեր ևս պետք է նկատի ունենալ։ Ես չեմ հագնի այն կեդը, որը կարող է հագնել աղջիկս։ Երբեք չպետք է կորցնես քո նկատմամբ կառավարումն ու ծայրահեղության մեջ ընկնես»։

Անձնական առիթների դեպքում Լուիզան ինքնուրույն է ընտրում իր զգեստները, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է խորհուրդներ ընդունել մասնագետից։ «Կարծես թե, ինքս ինձ ճանաչում եմ այնքան, որ ապահովեմ առօրյա տեսքս։ Սակայն եթե զգամ նկարչի աչքի կարիք, առանց վարանելու կդիմեմ մասնագետի։ Նախագծերում, որտեղ աշխատել եմ, եղել է համապատասխան մասնագետ»,– ասաց նա։

Դերասանուհու դուստրը ևս արդեն խորհուրդներ է տալիս նրան։ Նա ցանկանում է մայրիկին ավելի վառ գույների մեջ տեսնել. «Գաբին ասում է` այդքան մեղմ, շատ պասիվ մի եղիր և գոտեպնդում է ինձ, երբ զգեստապահարանս համալրում եմ վառ երանգով, օգտագործում եմ ակտիվ աքսեսուարներ»։

Իր հերթին Լուիզան խորհուրդներ է տալիս դստերը, սակայն ավելի հաճախ սիրում է ազատ թողնել նրան։

«Գաբին հիմա այնքան գեղեցիկ ու լավ տարիքում է, որ կարելի է միայն հմայվել, թե ինչպես է քեզնից ծնված երեխան արդեն կարողանում ճանաչել աշխարհը, լսել լավ երաժշտություն, նայել լավ ֆիլմեր, ունենալ հագուստի ոճի իր պատկերացումները, ընդ որում` բավականին ճաշակով։ Իհարկե, պետք է հետևել, որպեսզի չկորցնի չափի զգացողությունը, որովհետև ինֆորմացիայի տարբեր հոսքերն այնքան շատ են։ Կան բաներ, որ ինձ դուր չեն գալիս։ Հասկանում եմ, որ, գուցե, ինձ մոտ կարծրատիպային մոտեցում է։ Օրինակ` ինձ համար գեղեցիկ չէ մարզակոշիկը համադրված  երեկոյան զգեստի հետ, որքան էլ ակտուալ է համարվում։ Մենք զրուցում ենք նման բաների մասին, հուրախություն ինձ, ինքն ամեն ինչին կուրորեն չի հետևում։ Այսինքն` ճաշակի որոշակի զգացողություն իր մեջ արդեն ձևավորված է»,– եզրափակեց դերասանուհին։

Աղբյուր


Понравилась статья? Поделиться с друзьями: