Հոկտեմբերի 1-ից հանրային աշխատողների պարտադիր պատվաստվելու կամ շաբաթը մեկ կորոնավիրուսի թեստ հանձնելու պահանջը ակտիվ քննարկման, իսկ շատերի մոտ էլ անհանգստության տեղիք է տվել:
Այս պահանջը վերաբերում է բոլորին, իհարկե, նաեւ մշակութային գործիչներին ու շոու բիզնեսի ներկայացուցիչներին, որոնք էլ առողջապահության նախարարության նոր կարգը տարբեր կերպ են ընկալել:
Մեր հարցվածների մի մասը՝ կամավոր, մյուսներն ստիպված արդեն պատվաստվել են, իսկ որոշներն էլ ընդհանրապես դեմ են ու չեն էլ մտածում պատվաստման մասին:
Դերասան-շոումեն Արամ MP3-ը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ արդեն պատվաստվել է: «Գիտեմ, որ հակասական կարծիքներ կան պատվաստման հետ կապված, բայց ընտրեցի այդ տարբերակը: Չէի ուզում դանակը ոսկորին հասնի, նոր անեմ»,- ասաց դերասանը: Արամ MP3-ը պատմեց, որ անցյալ տարի վարակվել էր, սակայն շատ թեթեւ Է տարել եւ եթե շրջապատում չունենար կորոնավիրուսով հիվանդացած ընկերներ, ապա գուցե ոչ էլ հասկանար, որ իր մոտ հենց այդ հիվանդության ախտանշաններն են:
Անդրադառնալով նախարարության՝ հանրության առաջ դրած պահանջին՝ դերասանն ասաց. «Ամեն դեպքում, ճիշտ չէ մարդկանց ստիպել: Դրա հետ կապված ես գիտեմ, որ տարբեր երկրներում ընդվզումներ են եղել: Շատերը հայտարարել են, որ իրենք են տերը իրենց մարմնի, կյանքի եւ առողջության»: Արամը նաեւ կարծիք հայտնեց, որ գուցե Հայաստանում բացատրական աշխատանքները քիչ են տարվում. «Մարդկանց մեծ մասը տեղեկացված չէ, բերնեբերան ինչ-որ բաներ են լսում, իսկ դրա ֆոնին բացասական վերաբերմունքը ձնագնդիի պես գնալով ավելի է շատանում ու տարբեր ճյուղավորում ստանում: Դրա համար էլ հանրությունը մտածում Է, որ պատվաստվելը վատ, չարաբաստիկ մի բան է, որի նպատակն է նվազեցնել մարդկության քանակը»:

Դերասան Բաբկեն Չոբանյանն էլ մեր զրույցում ասաց, որ չի պատվաստվել ու չի էլ պատրաստվում պատվաստվել: «Պատվաստման մասին ունեմ իմ սեփական կարծիքը: Դեմ եմ, որեւէ մեկը չի կարող ինձ ստիպել, որ իմ կամքից հակառակ ինչ-որ բան անեմ»: Դիտարկմանը, թե այդ պարագայում հնարավոր է՝ աշխատանքը կորցնի կամ չկարողանա հանրային վայրերում գործունեություն ծավալվել, ասաց. «Դրանից խուսափելու համար կան բազմաթիվ իրավական կարգավորումներ, որից ես կօգտվեմ»:
Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն էլ ասաց, որ այս պահին ստիպված չէ պատվաստվել, քանի որ չի աշխատում ինչ-որ կազմակերպությունում: «Ինքս հիվանդացել եմ արդեն, բայց չգիտեմ, եթե պատվաստումները պարտադիր դառնան ամբողջ աշխարհում, կարծում եմ՝ պետք չէ առանձնանալ»,- ասաց երգչուհին:
Հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանն արդեն պատվաստվել է: Գարիկը «Հայկական ժամանակին» հայտնեց, որ ստիպված է եղել մի քանի ամիս առաջ երկու դեղաչափերն էլ ստանալ, քանի որ հաճախ է արտերկիր մեկնում: Նա անկեղծացավ, որ հստակ պատկերացում չունի, թե իրականում ինչ արդյունավետություն ունի պատվաստումը, ինչ հետեւանքներ կարող է ունենալ եւ այլն. «Անգամ բժիշկներն են իրարամերժ պատասխաններ տալիս: Աստված տա՝ ոչ ոք սխալված չլինի, եւ մեր վստահությունը բժիշկների հանդեպ մեզ չքաշի: Միանշանակ, ստիպողաբար կամ տարբեր կերպ պարտադրելով՝ որեւէ բան թելադրելն իր հետ բերում է կասկած, մանավանդ, եթե դա արվում է պետական մակարդակով: Որեւէ բան սխալ գնալու դեպքում էլ ոչինչ չեն կարողանալու անել, որովհետեւ էդքան ուժ չունենք՝ պետության դեմ դուրս գալու, մանավանդ եթե ինչ-որ բան տարիներ հետո ի հայտ գա, ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի կրի»:
Դերասան Վահե Զիրոյանն էլ դեռ չի պատվաստվել եւ չի էլ որոշել՝ կպատվասվի՞, թե՞ ոչ, սակայն երբ պահը գա, որ պարտադիր պիտի լինի, այդ ժամանակ կորոշի՝ պատվաստվի՞, թե՞ ամիսը երկու անգամ կորոնավիրուսի թեստ հանձնի:
Երգիչ Սեւակ Ամրոյանն էլ ԱՄՆ-ում է եղել, երբ որոշել է պատվաստվել: Արդեն երկու դեղաչափն էլ ստացել է: Մեր զրույցում երգիչը նշեց՝ ե՛ւ գլխացավանքից ազատվելու համար է արել, ե՛ւ, իհարկե, առողջական տեսանկյունից ավելի ապահով լինելու համար: «Ես հավատում եմ, որ եթե բոլորը պատվաստվեն, մեր կյանքը մի փոքր կթեթեւանա»,- կարծիք հայտնեց Ամրոյանը: