
Դերասանուհի, բեմադրիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանն այն արվեստագետների շարքում է, որոնք երբեք անտարբեր չեն մնացել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ: Դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքների եւ նոր ձեւավորվող կառավարությունից սպասելիքների մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Լալա Մնացականյանի հետ
— Տիկին Մնացականյան, նախընտրական շրջանում ասել էիք, որ չեք կարծում, թե գտնվեն մարդիկ, որոնք կնախընտրեն այն ռեժիմը, որը մերժել են: Ընտրությունների այս արդյունքները ձեզ համար սպասելի՞ էին:
— Անկեղծ ասած, մտածում էի, որ Հանրապետականն ավելի շատ ձայն կհավաքի: Չմոռանանք, որ նրանց շարքերում բազմաթիվ «աշխատողներ» կային, ովքեր շանտաժով եւ այլ ձեւերով խաղում էին մարդկանց հետ: Ամեն դեպքում, ես իսկապես չէի ցանկանա, որ խորհրդարան անցներ մի ուժ, որը 20 տարի մտածել է, թե ինչպես անի, որ այս երկիրն ամայացնի: Ասեմ ձեզ, որ նման մտավախություն ինձ մոտ միշտ կար: Հաճախ էի գնում արտասահման ելույթների, եւ այնտեղ էլ միշտ այդ հարցը բարձրացնում էի, որ մենք կանգնած ենք 29 հազար քառակուսի կիլոմետրը կորցնելու շեմին: Մենք կապրեինք այստեղ, իսկ թե որպես ժողովուրդ կապրեինք, թե՝ ինչ-որ մի ուրիշ ժողովրդի ծառա՝ դա պարզ չէր: Նրանց վարած քաղաքականությունը միտումնավոր էր, թե՝ պարզապես տգիտության հետեւանք՝ հիմա չեմ կարող ասել: Այսօր էլ ես իրենց վրա չեմ չարախնդում: Պարզապես, երբ մարդն ազատվում է մի բանից, ա՛յ այդ թեթեւությունն ունեմ, թեթեւություն, բայց ոչ չարախնդություն, երբե՛ք: Այսպիսի մի ասացվածք կա՝ ճանճը մի բան չի, բայց որ ընկավ ճաշի մեջ, ամբողջ ճաշը կփչացնի: Նրանք մարդիկ էին, ովքեր իրենց միտումներով անազնիվ էին, ովքեր կարողացան գռփել ու թալանել, կարողացան մարդկանց առնել, ծախել, վախեցնել….
— Նոր իշխանության ամենակարեւոր ձեռքբերումը ո՞րն է՝ ըստ ձեզ:
— Եթե մենք հասկանանք, որ բոլորս ենք պատասխանատու այս երկրի ճակատագրի համար, կարծում եմ՝ դա կլինի մեր ձեռքբերումը: Շատ է լինում, երբ ասում են՝ դե, հիմա նշանակել են, թող աշխատի, բայց նա իր հերթին է աշխատելու, դու քո հերթին, մենք՝ մեր: Մենք բոլորս պետք է կառուցենք այն՝ ինչ քանդվել է: Երբ տունը քանդվում է, ընտանիքի անդամները մեկը մյուսին չեն մեղադրում, այլ փորձում են ելք գտնել:
— Վերջին շրջանում մտավորականության կողմից շատ քննադատվեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Տեղի՞ն են այդ քննադատությունները, թե՞ ոչ:
— Այս անցումային շրջանում, իհարկե՝ թիրախայինը մշակույթն է: Իհարկե, այն կհայտնվեր այս վիճակում: Մշակույթի նախարարը պետք է լինի շատ թրծված: Նա իր անելիքները շատ հստակ պետք է իմանա, իսկ հստակ իմանալու համար շատ լավ պետք է իմանա մշակույթը, թատրոնը: Այսօր մշակույթը ատամներով պահում են անհատները: Եթե մշակույթը չունեցավ պետական հովանավորչություն, այն շատ տխուր վիճակում կհայտնվի: Մշակույթը մեր երկրում հիմա ամենաթիրախայինն է: Մեր մշակույթը հիմա անպաշտպան է, մեզ պետք է մարդ, որը կպաշտպանի, եւ մենք կհամախմբվենք նրա շուրջը:
— Այս պարագայում նպատակահարմա՞ր է Մակունցի վերադարձը նախարարի իր պարտականություններին:
— Չեմ կարծում: Նա իր տեսակով կիրթ, գրագետ մարդու տպավորություն է թողնում, բայց մշակույթի նախարարը ամուր, հաստատակամ եւ այդ ոլորտի բանիմաց մարդ պետք է լինի: Մարդ, որը իսկապես ցանկանա փրկել, օգնել, մշակույթի համար ինչ-որ բան անել: Մարդ, որն իր բոլոր ամբիցիաները կթողնի մի կողմ եւ սեւագործ բանվորի նման կլծվի գործին:
— Արժեքների վերանայման ակնկալիքներ ունե՞ք:
— Այո, իհարկե: Չէ՞ որ արժեհամակարգ է փոխվել: Անպայման պետք է լինի արժեքների վերանայում: