«Նույնիսկ որդուս կորցնելուց հետո ես ապրեցի, ժպտացի և ապրեցրի». Աննա Էլբակյանը՝ Ամանորին ճոխ սեղանից հրաժարվելու, բայց թոռնիկների տոնը չխլելու մասին

2021 թվականը ճոխ նշելուց Հայաստանում շատ ընտանիքներ հրաժարվեցին: Tert.am Life–ի հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստուհի, դերասանուհի Աննա Էլբակյանն ասաց, որ ամեն տարի իր մտերիմների հետ քննարկում է ճոխ սեղաններից չհրաժարվելու հարցը, երբ ինչ-որ բան պակաս գնելու դեպքում մարդիկ ամոթ, խղճմտանք են ապրում, մտածում են՝ իրենք ինչ-որ բանով պակասեցին: Դերասանուհին առավել կարևորում է Սուրբ Ծննդյան տոնը:

«Երևի բոլորն էլ արդեն հոգնել են ամանորյա սեղաններից, որովհետև վաղուց ուտելիքը մարդու համար կյանքի առանցք չէ: Ամեն տարի մտածում էինք՝ ինչպե՞ս անենք, որ ճիշտ լինի: Այս ծանր տարուց հետո թե՛ մենք, թե՛ շատերը կհրաժարվեն շքեղ սեղաններից: Ես սկսեցի սեղանից և ուտելիքներից, բայց նյութական արժեքների մի ամբողջ ցանկ կա, որոնք հիմա տեղին չեն, մեզ չեն ուրախացնում: Դա միայն նրանից չէ, որ տխուր ենք, իրոք, արժեքներ են փոխվել, ձեռք մեկնելը, մխիթարելը, ցավակից լինելը դարձել են կարևորություն և արժեք: Գուցե ծանր պայմաններում, բայց մեր մեջ այս դրական շարժը եղավ»,- նշեց նա:

Ըստ տկն Էլբակյանի՝ որքան էլ իրենք Ամանորը չեն տոնել, երեխաներին տոնից չեն զրկել: «Երեխաներն ամեն բան շատ լավ հասկանում են, հասկանում էին նաև նախորդ պատերազմների ժամանակ, իրենք ճշմարտությունն ընկալում են և ազատվում դրանից: Թոռնիկներս գիտեն, որ պատերազմ է եղել, որ շատ երեխաներ կորցրել են իրենց հայրերին, եղբայրներին, բայց երեխաների համար կյանքը պետք է շարունակվի, նոր գույներ ունենա: Չեմ կարծում, որ տոնածառ չզարդարելուց, կամ երեխաներին միջոցառումների չտանելուց որևէ օգուտ կա: Ամեն ընտանիք ազատ է որոշելու՝ ինչպես վարվի, չեմ կարող ճիշտ կամ սխալ որոշել, բայց երեխաներին ուրախություն է պետք: Հիշում եմ՝ նույնիսկ որդուս կորցնելուց հետո ես ապրեցի, ժպտացի և ապրեցրի: Ճիշտ է, ես հիմա ավելի շատ երկնքում եմ ապրում, քան երկրի վրա, բայց հոգիս ուրախանում է, ապրում է: Դա չի նշանակում, որ ես չեմ սգում, այլ հոգիս կենսունակ է ապրելու, արարելու համար»,- ասաց նա:

Խոսելով Սուրբ Ծննդի մասին՝ տկն Էլբակյանը նշեց, որ ամեն տարի այն տոնում են, այս տարին էլ բացառություն չէ: «Մենք ամեն տարի նշում ենք Սուրբ Ծնունդը, գնում ենք եկեղեցի, պատրաստում ավանդական ուտեստներ՝ ձուկ, տապակած կանաչի, լոբի և բրնձով, չամիչով ավանդական փլավ, որը միայն Սուրբ Ծննդին և Հարության տոնին եմ պատրաստում: Սկեսուրս շուտով 90 տարեկան կդառնա, այդ փլավը շատ է սիրում, մենք այն ավանդական ձևով պատրաստում ենք, բաղադրատոմսն էլ սերնդեսերունդ հասել է մեզ: Ոչ մի ճոխություն չի լինում, ամեն ինչ շատ պարզ է: Մենք նաև թատրոնում ունենք Սուրբ Ծննդի մասին ներկայացում՝ «Հույսի աստղը» : Ներկայացման ավարտին մեծ սեղան ենք դնում ֆոյեում, բոլորի հետ նշում ենք տոնը»,- ասաց նա:

Անդրադառնալով տոնի խորհրդին՝ տկն Էլբակյանն ասաց. «Մարդկության պատմությունը երկու մասի է բաժանվում՝ Քրիստոսի ծննդից առաջ և հետո, հավատանք, թե ոչ՝ դա է ճշմարտությունը: Քրիստոս ծնվեց նեղ պայմաններում, 30 տարի ապրեց նեղության մեջ, հետո 3 տարի աշակերտներին ուսուցանեց, խաչվեց ու հարություն առավ: Սուրբ Ծնունդը հերթական, բարի, դրական տոն չէ, այն շատ լուրջ է, հատկապես այս տարի՝ այսքան զոհերի, վիրավորների, տկարների մեջ»:

Նրա խոսքով՝ տարիներ առաջ իրենց ընտանիքը հենց Աստծո շնորհիվ է հաղթահարել իրենց որդու՝ Էդգար Էլբակյանի կորուստը: «Եթե չլիներ Աստված, մեր ընտանիքը ևս չէր լինի: Աստված եկավ մեր ընտանիք և մեր փշրված սրտերը փյունիկի նման բարձրացրեց: Աստված մինչև վերջ մեզ հետ է, բայց արդյո՞ք մենք կլինենք նրան հավատարիմ, շնորհակալ, կհասկանա՞նք, որ նեղության հետ նաև դարման է գալիս: Բոլոր քրիստոնյաները նեղություն են կրում, Քրիստոսի աշակերտներն էլ նեղություններ կրեցին: Աշխարհն ապաշխարել է՝ տեսնելով, թե ինչ հանգիստ են աշակերտներն այրվում հանուն Քրիստոսի, որովհետև նրանց սրտում Աստված էր ծագել, գիտեին, թե մահից հետո ինչ կա: Մեր հերոս տղաներն էլ, երբ խոսում են, ասում են՝ վախը մեկ ակնթարթ է եղել, նրանք առաջ են գնացել, որովհետև ունեցել են հայի, քրիստոնյայի լուսավոր նպատակ: Ես հավատում եմ, որ մեր հերոս տղաները միացել են իրենց Տիրոջը, կա հավիտենություն»,- ընդգծեց նա:

Տկն Էլբակյանը նկատեց, որ հիմա մի մեծ երազանք-նպատակ ունի. «Ես աղոթում եմ, որ հանդիպեմ կորուստներ ունեցող, չմխիթարվող մայրերի: Որքան Աստված իմաստություն ու ուժ կտա ինձ, այդ մայրերի կողքին կլինեմ: Այն մխիթարությամբ, որով Աստված ինձ մխիթարեց, ես էլ ուրիշներին կմխիթարեմ: Արդեն կան մարդիկ, ովքեր վերականգնվում են, այդ փորձառությունն ունեմ»:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: