Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Twitter-ի իր միկրոբլոգում ցավակցություն է հայտնել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:
«Ես խորը տխրությամբ եմ իմացել, որ այսօր մեր սիրելի Շառլ Ազնավուրը կյանքից հեռացել է: Մեծ մարդը լքեց մեզ, բայց նրա բոլոր աշխատանքները հավերժ կմնան մեր սրտերում: Ննջեցեք խաղաղությամբ», — գրել է Հ. Մխիթարյանը:

Դերասան Վարդան Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հուզիչ գրառում է արել նվիրված Շառլ Ազնավուրին…
…Որբացանք… բոլորս որբացանք… Այսպիսի զգացում ունեցա, երբ հորիցս հետո մայրս գնաց… Ահավոր դատարկություն է հոգումս… ճմլող դատարկություն… Ես հո չէի պատկերացնում, որ այդքան ներկա ես իմ կյանքում, իմ մեջ…Այդքան ներկա…իմ սիրելի, պաշտելի Հայր…
Ավտովթարի հաջորդ գիշերը, վիրահատությունից հետո, սարսափով քնից վեր թռա, եթե դա կարելի էր քուն անվանել, մահվան զգացումով… Ամբողջ մարմինս սառել էր ու փայտացել…Կամքի գերմարդկային ճիգերով փորձեցի ոտք ու ձեռքս շարժել… մինչեւ մահվան սառսուռն անցավ… Հետո տեսա, որ քեզ հետ միասին Արարատն ենք բարձրանում ՝ ձյուների մեջ… նորից արթնացա… արդեն կենդանի… Անգամ մահվան պահին եկար, թեկուզ ՝ երազում…
Ջահել էի, սիրահարված ՝ քո երգերն էի լսում, աղջիկ էի ուզում հմայել՝ քո երգերն էի երգում, ներկայացումներումս քեզ էի նմանակում…Քո միջոցով, կարծես, խոսում էի մարդկանց հետ… Հրճվում էի, երբ որեւէ առիթով քեզ էին նմանեցնում…Կյանքային ամենաբարդ իրավիճակներում մտածում էի ՝դու՞ ինչպես կանեիր…ու փորձում էի անել այդպես…
Ռոբեր Օսեյնի ներկայացումներից մեկին դու ներկա էիր դահլիճում. ներկայացումը չէինք կարողանում սկսել… Չորս հինգ րոպե, չորս հազար տեղանոց լեփլեցուն սրահը հոտնկայս ծափահարում էր քեզ…Դերասանուհիներն այդ օրը հուզմունքից տեքստերն էին մոռանում… դու ՝
արդեն ութսուն տարեկան…
Մի օր էլ եկար մեր տուն Սեդայի հետ… Կալանքիցս հետո վերսկսում էի… առաջին հյուրախաղերս էին առջեւում… Եկար, կարծես, մեծիդ օրհնությունը տալու… Նայում էի, հավատս չէր գալիս… այնքա՜ն իրական էր ու այնքա՜ն անիրական… Նստած էիր սեղանի մոտ, իսկը ՝հարազատ մեծ քեռիս, խոսում, պատմում էինք իրար տնեցիներից…Ժամեր շարունակ… Մինչ օրս դեռ հավատս չի գալիս…
… Հիմա էլ հավատս չի գալիս… Ախր, մինչեւ հարյուր տարեկան պիտի երգեիր, մինչեւ հարյուր քսան տարի պիտի ապրեիր…Այդպես էիր որոշել… ու ես անվերապահ հավատում էի դրան…
Բայց Աստծո որոշումն այլ էր… ախր, այնտեղ էլ քո կարիքն ունեն… քո հրաշք երգերի… մենք էլ եսասիրաբար ուզում էինք, որ դեռ շատ ապրեիր, որ քեզնով հպարտանանք աշխարհով մեկ…
Բարի ճանապարհ, քեզ, իմ պաշտելի կուռք… փոքրիկ հսկա… մեծ հայ… Հիմա, գիտեմ, արդեն քեզ հրեշտակներն են վայելում… Սիրո հրեշտակները…
Վարդան Պետրոսյան

Աշխարհահռչակ ռոք աստղ, SOAD (System of a Down) խմբի մենակատար Սերժ Թանկյանընույնպես անդրադարձել է Մեծն Ազնավուրի մահվանը։

Ես փորձում եմ կյանքում շատ բաների համար չափսոսալ, բայց այսօր մի բանի համար ափսոսում եմ, որ հնարավորություն չեմ ունեցել հանդիպել այս անհավանական մարդուն։ Նա ցնցեց աշխարհն իր երգերով ու ֆիլմերով, ու իր օրինակով ցույց տվեց, ինչպես լինելով մի երկրի քաղաքացի օգնել մյուս երկրին։ Նա ինձ համար շատ բաներում օրինակ է հանդիսացել։ Մենք կկարոտենք քեզ Պարոն Ազնավուր։
Գարիկ Մարտիրոսյանը նույնպես անդրադարձել է մեծագույն հայի մահվանը՝ Այսօր կյանքից հեռացել է մեծ պոետ ու երաժիշտ Շառլ Ազնավուրը։ Շնորհակալ ենք Ձեզ՝ Ձեր երգերի ու հայերին ու Հայաստանին ցուցաբերած օգնության համար։ Աստված հոգիդ լուսավորի։

Դերասան Մկրտիչ Արզումանյանը գրում է՝ Գնաց մեր հանճարը…Շառլ Ազնավուր — հավերժ լեգենդ։
Հայի տեսակ, ում կարիքն օդի ու ջրի պես ունի մեր ազգը։ Հանգչիր խաղաղությամբ…
Նազենի Հովհանիսյանը նույնպես ցավում է մեծ կորստի համար՝ իմագիծ։ Ազնավուրը իրական ու թռչող արտիստի , հայի ու արվեստագետի ԴԻՄԱԳԻԾ Է։
Փառահեղ ապրեց, փառահեղ արարեց, Փառահեղ էլ Կմնա պատմության մեջ։ Լույսի մեջ մնա Հավե՜րժ ՛…
Վիզազիստ Գոհար Ավետիսյանը նույնպես չի լռել այս կապակցությամբ։ Կյանքից հեռացել է մեծ մարդ, երաժիշտ, լեգենդ։ Միշտ մեր սրտերում կմնա։
