
Մեր զրուցակիցն է երաժիշտ-երգահան Եղիշե Պետրոսյանը
Պարոն Պետրոսյան, լրանում է կառավարության 100 օրը, որի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ հանրահավաք է հրավիրել։ Ինչպե՞ս եք գնահատում նոր կառավարության գործունեությունը, ի՞նչ թերացումներ ու առավելություններ կմատնանշեք։
Գլխավոր առավելությունը մեր երկրի համար կործանարար ընթացքի կասեցումն էր, և երկիրը երկիր դարձնելու կամքն է, որն ամեն օր եմ տեսնում։ Իսկ աշխատող մարդը կարող է և թերանալ, դրանք էլ ընդունելի են։ Կարևորը` ճանապարհը ճիշտ է ընտրված։ Ես ոչ միայն գնալու եմ այդ հանրահավաքին, այլև կոչ եմ անում, որ հեղափոխության բոլոր շահառուները լինեն այնտեղ։
Հակահեղափոխության գլուխ բարձրացնելու խնդի՞ր եք տեսնում։
Այ դրա համար էլ պետք է գնանք։ Իմ կարծիքով, այդ «հակահեղափոխականները» դեռ չեն համակերպվում փաստացի իրողությունների հետ: Այս երևույթը բոքսի մեջ կոչվում է նոկդաուն` ծնկած են, բայց դեռ ռինգում են: Հին համակարգը նրանց դրախտն էր, ուր նրանք հարմարավետ տեղավորվել էին, օգտվում էին երկրի բարիքներից` թքած ունենալով թե պետության, թե այն պահող ժողովրդի վրա: Այո, նրանց կորցնելիքը շատ-շատ է, և մոբիլիզացիայի ակնհայտ նշաններ են ցույց տալիս:
Այսօր ականատես ենք Մարտի 1-ի գործի բացահայտմանը, և այն հասել է երկրորդ նախագահին, նախկին վարչապետի եղբորը և այլ բարձրաստիճան պաշտոնյաների։ Ինչպե՞ս եք գնահատում այդ գործի ընթացքը, այդ թվում Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, նրա օգտին պատգամավորների ստորագրահավաքը։
Այդ բոլոր ստորագրողները և, ոչ միայն նրանք, մարտի 1-ի պետական ահաբեկչության ուղղակի շահառուներն են։ Կարող էին և ավելի համեստ լինել: Սա համարում եմ մարտահրավեր պետությանը և հասարակությանը: Այս գործը պետք է վերջնականապես բացահայտվի, մեղավորները պետք է պատժվեն: Սա կլինի շատ կարևոր հիմք՝ շարունակելու մեր պետականաշինությունը և բացառելու նման երևույթներն ընդհանրապես։
Այսօրվա կառավարությունն ամենից շատ քննադատվում է կադրային քաղաքականության համար։
Ընդունենք, որ սա ժամանակավոր կառավարություն է և պետք է լուծի ամենահրատապ խնդիրները։ Նա պետք է նախ ստեղծի պայմաններ, որպեսզի վերջապես ապահովվեն արդար, թափանցիկ և վստահելի ընտրություններ՝ իհարկե շարունակելով պետականակործան կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարը: Սա է մեր ապաքինման ճանապարհը: Ես այդտեղ տեսնում եմ կառավարության կամքը, և դա ինձ բավարարում է, իսկ սխալների վրա ես առայժմ աչք կփակեմ։ Կարող եմ միայն աջակցել թե բարոյապես, թե այլ ձևերով, եթե դրա հնարավորությունն ընձեռնվի։
Մի քանի ամիս առաջ Դուք խոսում էիք փոփոխությունների անհրաժեշտության մասին, բայց վստահ չէիք, որ դրանք այսքան արագ տեղի կունենան…
Ես ինձ բավարարված ու հպարտ եմ զգում, որ ի վերջո հաջողեցինք։ Սա իմ հաղթանակն է: Կարող եմ անգամ ասել, որ ինձ երջանիկ եմ զգում, որ իմ երազանքների իրականացման համար վերջապես հնարավորություն է ստեղծվել։
Պարոն Պետրոսյան, առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններն են։ Թեկնածուները գրեթե հայտնի են։ Որքանո՞վ, ըստ Ձեզ, մրցակցային ընտրություններ են սպասվում, որքանով եք Դուք ընտրություն կատարելիս առաջնորդվելու ներկայացրած ծրագրերով։
Լավ ծրագրերի պակաս հաստատ չի լինի: Թեկնածուներից մի քանիսն իմ ընկերներն են և ինձ համար գերադասելի կլիներ, եթե նրանցով ձևավորվեր քաղաքի ղեկավար կազմը, քանի որ մեծ վստահություն ունեմ նրանց տեսակի և քաղաքացիական որակների նկատմամբ:
Աբյուրը՝ lragir.am