
2012 թվակակնին erit.am կայքը հարցազրույց է վարել երգիչ Հրագի հետ: Հարցազրույցն ամբողջությամբ հրապարակում ենք կայքի արխիվից.
Հարցազրույց երիտասարդ RAP-եր Հրագ Սիմոնյանի հետ:
Գուցե արդեն շատերդ եք լսել նրա` «Նոր ա, նոր ա» երգը: Ոմանք գուցե հավանել են երիտասարդ RAP-երին, ոմանք… Հայկական մերօրյա շոու-բիզնեսի երիտասարդ ներկայացուցիչ Հրագ Սիմոնյանը վերջերս հանդիպել էր «Երիտասարդ» օն-լայն պարբերականի թղթակցին:
Հրագը խոսել է իր ապագա ծրագրերի ու ընթացիկ աշխատանքների մասին, ներկայացրել իր առաջնային նպատակները: Երիտասարդ RAP-երը, ով յուրօրինակ անուն ունի, նշում է, որ մարդիկ հաճախ են իրեն հարց տալիս, թե ինչու է անվանվում հենց Հրագ: «Երիտասարդ» օն-լայն պարբերականին այդ եւ այլ հարցերի պատասխանը տալիս է անձամբ երիտասարդ կատարողը` Հրագը:
– Թե՛ երգում եք, թե՛ պարում: Երկա՞ր ժամանակ է, ինչ զբաղվում եք այդ ամենով:
– Արդեն 4 տարի է` երգում եմ, թեեւ ավելի շատ պարել եմ` մոտ 6 տարի: Հիմնականում հիփ-հոփ ոճի պարեր այժմ էլ եմ կատարում:
– Ձեզ համբավ ու երիտասարդության շրջանում ճանաչում բերեց միայն «Նոր ա, նոր ա» երգի հիման վրա վերջերս նկարահանված տեսահոլովակը: Ի՞նչ աշխատանք է եղել մինչ այդ երգի ձայնագրությունը:
– Այդ երգը ձայնագրելու համար ձայնի մշակում՝ որպես այդպիսին, չի եղել: Հիմնական աշխատանքը տարվել է տեսահոլովակի նկարահանման եւ ճիշտ RAP կարդալու համար: Ընդհանրապես «Նոր ա, նոր ա»-ն իմ նշանաբանն էր այս տարվա համար:
– Ինչ-որ մեկը խորհուրդներով երբեւէ օգնե՞լ է Ձեզ:
– Ես միայնակ եմ սկսել: Ունեցել եմ փոքրիկ մենահամերգ՝ «Նոր ա, նոր ա» խորագրով: Հիմա արդեն վոկալի դասերի եմ գնում, որպեսզի ընդունվեմ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա:
– Ասել է թե՝ դեռ ուսանո՞ղ չեք:
– Ուսանող էի: Սովորում էի Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանում, բայց հասկանալով, որ իմ նախընտրած ոլորտն այլ է, թողեցի ուսումս, ինչի առթիվ հիմա բնավ էլ չեմ զղջում:
– Հետաքրքիր է` ի՞նչ մասնագիտությամբ էիք սովորում:
– Ես ընտրել էի տնտեսագիտության ֆակուլտետը:
– Ուսանողական նստարանը Ձեզ հոգեհարազա՞տ չէր:
– Արագորեն հասկացա, որ ես հեռու եմ նմանօրինակ կրթություն ստանալուց, քանզի ես բնույթով շատ ավելի ազատ մարդ եմ: Գերադասում եմ իմ սիրելի երգն ու պարը:
– Երիտասարդ եք եւ Ձեր երգերով հաճախ բարձրաձայնում եք երիտասարդական ինչ-որ խնդիրներ: Ի՞նչ խնդիրներ են դրանք, եւ ի՞նչ եք ուզում ասել Ձեր երգերով:
– Ասելիք շատ ունեմ: Հատկապես RAP երաժշտական ոճում կան մի շարք խնդիրներ: Նոր սերունդը RAP-ում կարծես թե ասելիք չունի, սակայն ես ունեմ շատ թեմաներ, որոնց անդրադառնում եմ: Երգի իմ ոճով փորձում եմ ցույց տալ, որ երիտասարդն ինքն է իր ճակատագրի տերը, ապրում է այնպես, ինչպես ինքն է ուզում: Ապագան մերն է` երիտասարդներինս: Ցավոք, շատերն այդ մասին մոռանում են այսօր:
– RAP ոճի երգեր կատարողները միշտ իրենք են գրում իրենց երգերի տեքստը, իսկ Դուք ինչպե՞ս եք վարվում. ինքնե՞րդ եք ստեղծագործում:
– Իմ բոլոր երգերը ես եմ հեղինակում: Երբեմն նաեւ ուրիշների համար եմ երգեր գրում: Երգեր գրելն իմ սրտից է բխում եւ սիրով եմ անում այդ գործը:
– Լինո՞ւմ են երգեր, որոնք պահի ազդեցությամբ են ծնվում:
– Կարելի է ասել, որ 90 տոկոսով ինչ-որ իրավիճակով պայմանավորված եմ գրում իմ երգերի տեքստերը: Տեսնում եմ` կա խնդիր, գրում եմ այդ խնդրի մասին: Կարեւորը երգչի ասելիքն է. այսօր քչերը կան, որ ինչ-որ ասելիք ունեցող երգեր են կատարում:
– Ունե՞ք ինչ-որ նշանաբան, որով առաջնորդվում եք:
– Իմ նշանաբանն է` չհանձնվես: Ինչ էլ լինի, միշտ պետք է պայքարել ու չհանձնվել: Բոլորին եմ խորհուրդ տալիս՝ երբեք չհանձնվել: Ամեն բան մեր ձեռքերում է:
– Խոչընդոտների հանդիպո՞ւմ եք Ձեր ընտրած ասպարեզում:
– Իհարկե կան որոշակի խոչընդոտներ, առանց դրանց չէր էլ կարող լինել: Երբեմն անհարկի քննադատում են, սակայն ես քննադատությունից չեմ խուսափում. դրանք ինձ ամրացնում են: Եթե ինչ-ինչ սխալներ եմ թույլ տվել, ապա անպայման ուղղում եմ դրանք: Իհարկե, կայացած կատարողների համար ամեն բան ավելի հեշտ է, սակայն ես չեմ խուսափում խոչընդոտներից` հասկանալով, որ գուցե իմ կատարումները շատ ավելի դառը լինեն, քան կայացած երգիչների մատուցած երաժշտությունը:
– Ձեզանից ավելի փորձառու կատարողները փորձո՞ւմ են խորհուրդներ տալ:
– Միշտ փորձում եմ խորհուրդ իմանալ, սակայն առանձնապես սերտ շփում չունեմ մեր շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ: Ո՛չ իրենք են ինձ խորհուրդներ տալիս, ո՛չ էլ ես եմ իրենց տալիս: Առավել փորձառու կատարողներն ավելի շատ փորձում են խանգարել ինձ, քան օգնել:
– Այդպիսի պայմաններում ինչքանո՞վ է հեշտ կամ դժվար կայանալը:
– Եթե ունես որոշակի հստակ նպատակ, ապա դրան հասնելն ավելի հեշտ է: Ուղղակի պետք է նախ հասկանալ` ի՞նչ ես ուզում, ո՞ր ուղով ես շարժվում նպատակիդ հասնելու համար: Ես ունեմ իմ հստակ նպատակները եւ գիտեմ` ինչ ուղով եմ շարժվելու: Ճիշտ է, Հայաստանում դեռ այդքան էլ զարգացած չէ իմ սիրելի ոճը, երբ RAP-երը կարող է երգել, պարել ու գեղեցիկ շոու ցուցադրել: Մեզ մոտ RAP-երները հիմնականում քննադատում են, բայց ես մտածում եմ, որ իմ ասելիքն իրոք տեղ կհասնի: Ես կկարողանամ զգալիորեն հեշտ հաղթահարել բոլոր դժվարությունները:
– Ինչո՞ւ են Ձեզ անվանել Հրագ:
– Հայրս է ընտրել այդ անունը: Այն հունական ծագում ունի. առաջացել է հուր եւ արեգակ բառերի հապավումից: Ինքնատիպ անուն է, այդ պատճառով էլ որպես բեմական անուն հենց իմ անունն եմ ընտրել:
– Ներկա պահին քանի՞ տեսահոլովակ ունեք: – Ունեմ 4 տեսահոլովակ, որոնցից մեկը «Եռաչափ սեր» հեռուստասերիալի սաունդթրեքն է: Այս տարին երեւի թե այդքանով էլ կսահմանափակվի:
– Ի՞նչ արձագանքներ եք ստացել թե՛ հանրության, թե՛ շոու-բիզնեսի ներկայացուցիչների կողմից:
– Մեր շոու-բիզնեսի անդամների կողմից արձագանքներ գրեթե չեն եղել: Բացի իմ ընկերներից՝ մեծ թվով մարդիկ զանգում ու շնորհավորում են: Արդեն ունեմ իմ լսարանը, որն օր օրի մեծանում է:
– Ձեր երգերն ավելի շատ երիտասարդական են, գո՞ւցե փորձեք նաեւ ավելի հասուն տարիքի մարդկանց համար երգեր կատարել:
– Եթե վոկալային տվյալներս զարգացնեմ, միգուցե նաեւ մեծերին էլ զարմացնեմ ու գրավեմ: Մեծահասակները, ցավոք, RAP չեն լսում, նրանց գրավում են հանգիստ ու ազդեցիկ խոսքերի հիման վրա գրված երգերը: Կուզեի` ինձ նաեւ մեծահասակները լսեն:
– Մեծ մենահամերգ կազմակերպելու նպատակ ունե՞ք:
– Իհարկե, ունեմ նմանօրինակ երազանք, որը ես դարձնում եմ նպատակ, որպեսզի հասնեմ դրան: Ուզում եմ, որ մենահամերգս լինի բացօթյա ու ոչ թե զուտ համերգ, այլ համերգ-ներկայացում` գեղեցիկ պարերի համադրությամբ: Այս տարին արդեն ավարտվում է, եւ դժվար թե հասցնեմ ինչ-որ նոր բան ներկայացնել: 2013 թ-ին արդեն նոր կատարմամբ կներկայանամ, որը փոքրիկ նախաբան կլինի` մոտ 2 րոպեի չափով: Այժմ միայն նոր երգեր եմ գրում:
– Ի՞նչ առաջարկներ եք ստանում:
– Դեռեւս միակ մեծ առաջարկը «Եռաչափ սեր» հեռուստասերիալի համար սաունդթրեք գրելն էր: Երգը գրեցինք ես ու Արտյոմ Հակոբյանը: Ինքս առաջարկ ունեմ հայկական շոու-բիզնեսի կայացած ներկայացուցիչներին. ցանկանում եմ նրանց հետ զուգերգ ձայնագրել: Ավելի շատ անգլերեն կուզեի կատարել հաջորդ երգս:
– Օտար լեզվով` անգլերենով, RAP կարդալու ցանկություն չունե՞ք: – Անգլերենով անպայման երգեր կկատարեմ ու կարծում եմ, որ մոտակա տեսահոլովակներս կնկարահանվեն հենց անգլերեն երգերի հիման վրա:
– Ցանկանո՞ւմ եք նաեւ միջազգային շոու-բիզնես մտնել:
– Իհարկե,այդպիսի երազանքներ ունեմ: Ձգտում եմ դեպի արեւմտյան շոու-բիզնես, այդ պատճառով իմ առաջնային նպատակը գալիք «Եվրատեսիլին» մասնակցելն է: Դեռեւս շատ պիտի աշխատեմ: Ուզում եմ այս տարվա հայտնությունը դառնալ:
Աղբյուրը՝ erit.am