«Թույլ չեմ տա որևէ մեկին պղծել իմ երեխայի մոր անունը». Մարտ Բաբայանի հուզիչ գրառումն ամուսնալուծության մասին

Երգիչ Մարտ Բաբայանն ու պարուհի, արվեստաբան Էլեն Ամյանը բաժանվել են: Երգիչն Ինստագրամի իր էջում հուզիչ գրառում է արել այս մասին՝ կից հրապարակելով տեսանյութ 2017 թվականին իրենց նշանադրությունից։

Երգիչը նշել է, որ երկար է մտածել այս գրառումն անելու մասին: «Ես և իմ ընտանիքը հիմա դժվար ժամանակներ ենք ապրում: Ես ու Էլենը ամուսնալուծվելու որոշում ենք կայացրել: Խնդրում եմ ըմբռնմամբ մոտենալ մեր զգացմունքներին, չմռայլվել, մեզ չհրահրել միմյանց դեմ, անիրական պատմություններ չհորինել. թե՛ ինձ, թե՛  իր համար շատ դժվար ու ցավալի էր այսպիսի բարդ որոշում կայացնելը: Միշտ քնքշությամբ ու երախտագիտությամբ կհիշեմ այն ժամանակահատվածը, երբ ծնվեց մեր սերը: Էլենը հրաշալի և շատ իմաստուն մարդ է, որն ինձ պարգևել է այս զգացմունքներն ու իմ գեղեցիկ հրեշտակ-դստերը՝ Մարիելլային։ Ես անչափ շնորհակալ եմ Էլենին՝ հայր դառնալու հնարավորության համար: Մենք կփորձենք այնպես անել, որպեսզի մեր փոքրիկը չզգա ծնողների բաժանությունը», — գրել է նա:

Մարտը նշել է, որ սրտանց երջանկություն է մաղթում նախկին կնոջը. «Իմ հերթին՝ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ միշտ կլինեմ իմ սիրելի դստեր կողքին և երբեք թույլ չեմ տա որևէ մեկին պղծել իմ երեխայի մոր անունը: Ճակատագրով էր կանխորոշված, որ այս օրը գալու է. մեր ընտանեկան գրքի վերջին էջը փակված է»:

Երգիչը խնդրել է աջակցել և երջանկություն մաղթել իրենց։ «Առջևում մեզ սպասում է հետաքրքիր կյանքը. յուրաքանչյուրս որոշեց գնալ իր ճանապարհով: Այն, ինչ եղավ մեր միջև՝ և՛ լավը, և՛ վատը, կմնա մեզ հետ: Մեզ միավորում է մեր դստեր հանդեպ անսահման սերը, մենք պետք է մտածենք նրա ապագայի մասին: Ես մեծ հույս ունեմ, որ մենք ընկերներ կմնանք և կուրախացնենք մեր բալիկին մշտական համատեղ ուշադրությամբ. Չէ՞ որ մեր երեխաները մեղավոր չեն, որ մենք չկարողացանք:

Հաջողություն, Էլենկա»։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: