«Թանկ խանութներից գնումներ չեմ անում, ինձ համար դա անընդունելի է». Իրինա Թովմասյանը՝ մատչելի հագուստ գնելու պատճառի, իր և դուստրերի ոճի ու հայկական արտադրությանը նախապատվություն տալու մասին

«Միսս Հայաստան 2001» Իրինա Թովմասյանը 3 աղջիկների մայր է, սակայն չի մոռանում նորաձևության և ոճի մասին: Tert.am Life-ի հետ զրույցում Իրինան պատմել է իր ու դուստրերի ոճի, թանկ գնումներ չանելու պատճառի և հայկական արտադրությանը նախապատվություն տալու մասին:

Գեղեցկուհու տիտղոսակրի խոսքով՝ առօրյայում կրում է կա՛մ դասական, կա՛մ սպորտային ոճի հագուստ:

«Դասականը կրում եմ մինչև 6-ն ընկած ժամանակահատվածում, երբ գործնական հանդիպումներ եմ ունենում, իսկ սպորտայինը 6-ից հետո, որովհետև երեխաների հետ եմ լինում: Բարձրակրունկներից գրեթե հրաժարվել եմ, նույնիսկ երբ գնում եմ խնջույքների, կրում եմ, բայց ինձ հետ նաև սպորտային կոշիկներ եմ վերցնում:

Իսկ նախկինում շատ էի սիրում, Մեգիի ծննդից հետո սկսեցի քիչ հագնել, իսկ արդեն մյուս երեխաներիս ծննդից հետո հաճախականությունն ավելի քչացավ: Սպորտային կոշիկներով ամեն ինչ ավելի արագ եմ անում, իսկ ես չեմ սիրում թեկուզ մեկ վայրկյան ժամանակ կորցնել»,- ասաց նա:

Ըստ Իրինայի՝ միշտ ծիծաղում է, երբ քրոջ՝ «Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանի կամ մայրիկի հետ գնումների է գնում, որովհետև նրանք իրենց համար են գնումներ անում, իսկ ինքն առաջինը դուստրերի համար է ինչ-որ բան գնում:

«Ուղղակի հնարավոր է՝ հետո մի քանի անգամ հետ վերադարձնեմ, որովհետև Ալյան և Մարիան ձևավորված բնավորություն ունեն: Եթե ինչ-որ բան նրանց դուր չգա, չեն հագնի, անհնար է համոզել: Նույնիսկ երբ դիզայների մոտ ենք գնում, բեմական հագուստներն իրենք են ընտրում, հետո ասում եմ՝ որքան տանջեցին նրան, իսկ դիզայներն ասում է՝ իր համար ավելի հեշտ է աշխատել նման երեխաների հետ, ովքեր գիտեն, թե ինչ են ուզում:

Ալյան և Մարիան նախընտրում են սպորտային հագուստ, թեև նախկինում սիրում էին թիթիզ շորիկներ, կոշիկներ, հիմա այդ հագուստները պահարանում կախված են: Քանի որ երկար ժամանակ համերգների, միջոցառումների չմասնակցեցին, սովորեցին սպորտային ոճին»,- պատմեց նա:

Իրինան նկատեց, որ ավագ դուստրը՝ Մեգին, Ալյայի և Մարիայի տարիքում այդպիսին չի եղել: «Մինչև 12 տարեկան ես եմ ընտրել, թե ինչ գնեմ, ինչ հագնի: Ուներ իր բնավորությունը, բայց քույրերի համեմատությամբ տարբերությունները շատ են: Հիմա Մեգիի դեպքում մի փոքր այլ է, որովհետև նա իր ոճն ունի, կարող եմ նվեր քարտ գնել, որ ինքն իր ոճին համապատասխան գնումներ անի:

Նա ինքնատիպ ոճ ունի, որքան էլ ես կամ Լուսինեն ասում ենք՝ սա ավելի լավն է, մյուսը մի հագիր, ինքն ունի հստակ ոճ, որի համար ուրախ եմ: Մեգին գիտի, թե իրեն ինչ է պետք, կարող է երեկոյան բարձրակրունկներ և զգեստ հագնել, իսկ դրանից մեկ ժամ առաջ սպորտային կոշիկներով լինել»,- նշեց Իրինան:

Գեղեցկուհու տիտղոսակիրը շեշտեց, որ նախընտրում է մատչելի գնումներ անել: «Թանկ խանութներից գնումներ չեմ անում, ինձ համար դա անընդունելի է՝ չնայած երբեք էլ շատ թանկ խանութներից չեմ օգտվել:

Տարիներ առաջ ես մանկատուն գնացի, ուզում էի ինչ-որ բանով օգնել: Դրանից հետո հասկացա՝ կարող եմ 10.000 դրամով գնել շատ գուլպաներ, ինքս ինձ խոստացա՝ ոչ մի ավելորդ զգեստ չգնել: Նախկինում կարող էի 6 բլուզ գնել, իսկ հիմա այդպես չէ, գնում եմ ամենաանհրաժեշտը:

Մեգիի հագուստներից շատերը պահել եմ և հիմա աղջիկներիս եմ հագցնում: Նույնն էլ իմ դեպքում է, ինձ համար էլ թանկ հագուստ չեմ գնում, թեև փոքր դուստրերիս դեպքում կարող եմ խանութ գնալ, նրանք ինչ-որ բան հավանեն, չկարողանամ համոզել, որ չգնենք:

Այդպես հազվադեպ է լինում. վերջերս, օրինակ, ամուսինս ևս մեզ հետ էր, միջնեկ դուստրս 35. 000 դրամ արժողությամբ սպորտային կոշիկ ցանկացավ, գնեցինք, բայց հետո ափսոսում էի:

Հարցն այն չէ, որ չեմ կարող գնումներ կատարել, այլ այն, որ այդ գումարը կարող եմ օգտագործել ավելի կարևոր հարցերի համար: Ես զեղչերից շատ եմ օգտվում, պատահում է՝ 1000-5000 դրամով կարողանում եմ հետաքրքիր հագուստ գնել երեխաներիս համար»,- ասաց նա:

Իրինան նաև հավելեց, որ վերջին շրջանում նախապատվությունը տալիս է հայկական արտադրությունը՝ չնայած հայկականը գնով մի փոքր բարձր է, տարբերակներ գտնում է: «Գնումներ եմ անում նաև ոչ հայկական արտադրության խանութներից, բայց առաջինը տվյալ հագուստը փնտրում եմ հայ դիզայներների մոտ և միայն չգտնելու դեպքում փնտրում այլ խանութներում»,- եզրափակեց նա:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: