«Երեխայի անունը վաղուց էինք որոշել». Շուշաննա Թովմասյանը պատրաստվում է առաջնեկի ծննդին

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը մինչև տարեվերջ մայրիկ կդառնա: Առաջնեկի ծննդին ընդառաջ Շուշաննան ֆոտոշարք է իրականացրել ամուսնու՝ Վահեի հետ, որը տրամադրել է Tert.am Life-ին ու առաջին անգամ խոսել փոքրիկի մասին:

Շուշաննան ու Վահեն հղիության սկզբնական փուլում են պարզել երեխայի սեռը: Նրանք որդի են ունենալու: Երեխայի անվան հարցում երկար չեն մտածել, մինչև ամուսնությունն արդեն որոշել էին ապագա երեխայի անունը:

«Նրան Միկա անունն ենք տալու: Որևէ մեկի անունը չէ, դեռ ընկերություն էինք անում, մի օր Վահեն ասաց, որ տղա ունենալու դեպքում կուզեր նրան Միկա անունը տալ: Ինձ շատ դուր եկավ այդ տարբերակը: Երեխային միանգամից պատկերացրեցի հենց այդ անունով»,- պատմեց դերասանուհին:

Շուշաննայի խոսքով՝ երեխայի սեռի հարցում նախապատվություն չի ունեցել, թեև խոստովանում է՝ տղան փոքրիկ առավելություն ուներ. «Մտածում էի՝ կարևորն առողջ երեխա ունենալն է: Իհարկե, հավես է, երբ երկու սեռի երեխա էլ ունես, որովհետև ամեն մեկն իր քաղցրությունն ունի: Ամեն դեպքում, ուրախ եմ, որ առաջնեկս տղա է: Մինչև սեռը պարզելը երազ էի տեսել ու զգում էի, որ պետք է տղա լինի, շատ էի հավատում երազիս միջոցով զգացածիս: Սրտիս խորքում Աստծուն խնդրում էի, որ տղա լինի»:

Շուշաննայի հղիության ընթացքը համընկավ նախ՝ COVID-19-ի, ապա՝ պատերազմի հետ: Թեև նա այս շրջանում ԱՄՆ-ում է, պատերազմն ու դրա հետ կապված բացասական տրամադրությունը դերասանուհուն չեն շրջանցել:

Այնուամենայնիվ, բոլոր դժվարությունների պատասխանը կյանքն է, որի ծննդին էլ Շուշաննան պատրաստվում է:

«Հղիությանս առաջին շրջանում կորոնավիրուսն էր, որը մարդկության համար վտանգավոր էր, հղիների համար՝ առավել ևս: Պատերազմական վիճակն ավելի վատթարացրեց ամեն ինչ:

Այս ամենն անդրադարձել է բոլորիս հոգեվիճակի վրա: Ինձ չէր կարող շրջանցել: Ես իմ հայրենիքի մի մասնիկն եմ: Դեռ չծնված երեխաս էլ է անցել այդ ապրումների միջով, սակայն պետք է փորձենք առաջ շարժվել՝ եղածից դասեր քաղելով»,- նկատեց դերասանուհին:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: