Երազներիս միջոցով կանխատեսում եմ ապագան. Լիլիթ Կարապետյանը՝ իր յուրահատուկ ունակության մասին

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ընթերցողների դատին ներկայացնել շարք` «Չեք հավատա, բայց…» խորագրով: Շարքի շրջանակում պատմում ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի, բայց ուշագրավ դրվագներ, հայտնիները հիշում են պահեր, որոնք իրենց պարգեւել են ժպիտ, զարմանք, վախ եւ այլ զգացումներ: Այս անգամ մեր զրուցակիցը երգչուհի Լիլիթ Կարապետյանն է: 

Նա խոսեց ուշագրավ մի հատկության մասին. «Չեք հավատա, բայց իմ երազների միջոցով տեսնում եմ ապագան: Շատ բաներ ուղիղ չեմ տեսնում, այլ խորհրդանշական ձեւով, բայց կարողանում եմ դրանցից գլուխ հանել: Օրինակ` երբ 9 տարեկան էի, օրեր շարունակ միեւնույն մռայլ երազն էի տեսնում, եւ հետո հայրս մահացավ: Նույն երազը ես տեսա 24 տարեկանում, մահացավ եղբայրս: Այդ նույն կերպ ես կարողանում եմ կանխազգալ հաջողությունները: Երազիս միջոցով կանխատեսել եմ իմ, Թինա Քեյի, Օլգա Այվազյանի հղիությունը»,- մանրամասնեց երգչուհին: 

Նա պատմեց էլի ուշագրավ դրվագներ, այս անգամ` գործնական կյանքի հետ կապված. «Երբ դեռ փոքր էինք, ես եւ եղբայրս հայտնի «Утренняя звезда» նախագծից մասնակցության հրավեր ստացանք: Հրավիրող կողմին ոգեւորել էր այն հանգամանքը, որ քույր եւ եղբայր ե՛ւ երգեր էինք գրում, ե՛ւ գործիքավորում էինք, ե՛ւ կատարում: Դա բացառիկ բան էր: Պարզապես մենք հապաղեցինք: Մարզում ապրող երեխաներ էինք, վարանեցինք մեկնել արտերկիր»,-հիշեց Լիլիթը: 

Բայց դա միակ բաց թողնված հնարավորությունը չէ երգչուհու կյանքում. «Չեք հավատա, բայց 2002-ին Միացյալ Նահանգներում ինձ համագործակցելու առաջարկ էր արել Բրիթնի Սփիրսի նախկին պրոդյուսերը: 

Պարզապես ինձ առաջարկվում էր տասը տարով պայմանագիր: Ես պետք է ԱՄՆ-ում ապրեի, աշխատեի, իսկ մայրս Հայաստանում էր, նոր էինք կորցրել եղբորս, վշտի մեջ էինք, չցանկացա նրան միայնակ թողնել»,-եզրափակեց Լիլիթը: 

armlur.am

Понравилась статья? Поделиться с друзьями: