ԴԻԱՆԱՆ ԱՐԺԱՆԻ Է ԱՎԵԼԻԻՆ՝ ԿԱՐԾՈՒՄ Է ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏԸ

Առավելապես հեռուստասերիալներից հայտնի, մի շարք սերիալների սցենարիստ Դիանա Գրիգորյանին մարտի 8-ին ընդառաջ Սերժ Սարգսյանը պարգեւատրեց Մովսես Խորենացու մեդալով, ինչը սուր քննադատության արժանացավ հանրության կողմից։

Գ․ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Ստեփանյանը չի հասկանում, թե ինչու է աղմուկ առաջացրել Դիանա Գրիգորյանին պարգեւատրելը․ «Ինչո՞ւ է աղմուկ բարձրացել՝ չարժե՞ր… սխալ են խոսում, եթե «Արմենիան» այսօրվա օրը պահում է, դա Դիանան է պահում իր բոլոր սերիալներով, անհարմար չէ՞, ինչի՞ են էդպիսի բաներ ասում»։

Այսինքն՝ միանգամայն արժանի՞ էր Մովսես Խորենացու մեդալին։ «Իհարկե, արժանի էր եւ արժանի է ավելիին՝ ես այդպես եմ կարծում, նա տարիներ շարունակ շատ բարձր պահեց եւ պահում է «Արմենիայի» ռեյտինգը, ինչի՞ մասին է խոսքը…»։ Այն դիտարկմանը, որ այսօր ռեյտինգ ապահովում է հիմնականում անորակ հեռուստաարտադրանքը՝ սերիալները, վթարները, դերասանուհին կարծում է, որ սոցիալական ցանցերում նման կարծիքներ գրողները լակոտ-լուկուտներ են։ «Սոցիալական ցանցում գրող մարդկանց կարծիքը կարելի՞ է հաշվի առնել, իսկ ես դրսում շատ լավ կարծիքներ ունեմ ու շատ մակարդակով մարդկանց»,- ասաց Ջուլիետա Ստեփանյանն ու ի պատասխան մեր հարցին, թե Դիանա Գրիգորյանի սցենարով քանի սերիալում է խաղացել, նշեց, որ առաջին անգամ է նկարահանվում նրա մի սերիալում ու շատ գոհ է (խոսքը «Նռան հատիկ» հեռուստասերիալի մասին է)․ «Ես միշտ հետեւել եմ իրեն, ու միշտ էլ իր մոտ եղել է բարձր որակ, շատ սխալ են գրում, ինչ գրում են։ Իսկ ի՞նչ էին ուզում՝ ո՞ր սերիալում չկան այդ նույն բաները»։ Այսինքն՝ մեր իրական կյանքը միայն դա՞ է՝ ծեծուջարդ, կռիվ, սպանություն, կրիմինալ։ «Բա ի՞նչ է, իրական կյանքը դա չէ՞, ծածկադմփոց արած կյանքը նույնը չէ՞»։

Դերասանուհին խուսափեց նշել, թե այս տարիների ընթացքում կոչումները որքանով արժեզրկվեցին, ավելին՝ կարծում է, որ ով ինչի արժանի է, ստանում է․ «Երեւի արժանի են, որ ստանում են, իսկ ինչ վերաբերում է Դիանային, ինքն արժանի է ավելիին»։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: