«Ապրիլյան դեպքերը, այդ օրերի հերոսները, իրենց ծնողները, նրանց ապրումները, սիրած աղջիկ, հայր, մայր… ամբողջն արտացոլվել է հեռուստասերիալում». սցենարիստը՝ «Սահմանին 2»-ի մասին

 

 

 

Ապրիլի 2-ից «Շանթ» հեռուստաընկերությունը կմեկնարկի «Սահմանին» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի ցուցադրությունը: Ամիսներ շարունակ հեռուստադիտողին ներկայացնելով զինվորի առօրյան ու զինվորական կյանքը՝ հեռուստաընկերությունն այս անգամ ներկայացնում է առավել լարված ու դինամիկ իրադարձություններով հագեցած երկրորդ եթերաշրջանը:

Թե ո՞րն էր առաջինից երկրորդ եթերաշրջան ընկած բավական երկար ընդմիջման պատճառը, ի՞նչ դեպքերի հիմքով է գրվել երկրորդը, և թե ի՞նչ սպասել այս եթերաշրջանից, ArenaNews.am կայքի հետ զրույցում մանրամասնել է սցենարիստ Հարություն Ղուկասյանը:

-Հարություն, գաղտնիք չէ, որ «Սահմանին» հեռուստասերիալը հենց սկզբից հաջողություն գրանցեց ու սիրվեց հեռուստադիտողի կողմից: Ո՞րն էր առաջին եթերաշրջանից հետո բավական երկար ընդմիջելու պատճառը:

-Երկրորդ եթերաշրջանն իր ծավալով շատ ավելի ընդգրկուն է, հետևաբար նկարահանումներն էլ բավական երկար տևեցին: Ձգձգումը պայմանավորված էր նաև եղանակային պայմաններով:

Բացի դա երկրորդ եթերաշրջանում անդրադարձ կա նաև ապրիլյան դեպքերին, ու քանի որ դա ծանր թեմա  է, պետք էր ամեն ինչ մանրամասն ուսումնասիրել, նոր գրել: Այս անգամ և սցենարական մասը, և ռեժիսորական աշխատանքը և մնացած բոլոր աշխատանքները բավական երկար տևեցին:

-Նշեցիք ապրելիյան պատերազմին անդրադարձի մասին, կարո՞ղ ենք ձևակերպել, որ երկրորդ եթերաշրջանը հիմնականում իրական դեպքերի վրա է հիմնված:

-Ես կասեի ոչ թե հիմնված է իրական դեպքերի, այլ իրական դեպքերի ինտերպրետացիայի վրա: Մենք չենք առանձնացրել ապրիլյան պատերազմի մասնակիցներից որևէ մեկի կենսագրությունն ու հիմնվել դրա վրա, ավելի շատ  զինվորների հավաքական կերպարներ ենք ստացել, ովքեր մասնակցել են ապրիլյան դեպքերին կամ հենց հիմա էլ կանգնած են սահմանին:

-Դերասանական կազմը նու՞յնն է,  կա՞ն նոր դեմքեր:

-Դերասանական նախկին կազմի կորիզը մնացել է, բայց բավական թարմացվել է զինվորական կազմը՝ և ճանաչված դերասաններ կան, և նորեկներ:

Առաջին եթերաշրջանը բավական բարձր նշաձող սահմանեց, ինչո՞վ եք  պայմանավորում սերիալի նման հաջողությունը, եթե չհաշվենք թեմատիկ առաջնահերթությունը:

-Այն բյուջեով ու այն ռեսուրսներով, որն օգտագործվեց  «Սահմանին» հեռուստասերիալի թե առաջին, թե երկրորդ եթերաշրջանի պատրաստման համար, կարելի էր 500 կամ 1000 սերիայից բաղկացած  ինչ-որ մելոդրամա նկարել:

Ոչ մի բան չի խնայվել այս հեռուստասերիալը ստանալու համար, մեր առջև խնդիր էր դրվել շատ լուրջ աշխատանք ստանալ:

Բոլորի կողմից արվել է պրոֆեսիոնալ աշխատանք, ու հենց մոտեցման լրջությունն էլ պայմանավորեց սերիալի հաջողությունը: Մոտեցումը եղել է ճիշտ այնպես, ինչպես կլիներ գեղարվեստական ֆիլմի դեպքում:

-Առաջին եթերաշրջանում կայի՞ն ինչ-որ բացեր, որոնք նկատել եք ու փորձել եք երկրորդում կատարելագործել:

-Ճիշտն ասած՝ թերացումներ, որպես այդպիսին, չեմ նկատել: Առաջին եթերաշրջանի նկարահանումների ժամանակ մեզ միայն եղանակն է խանգարել: Եթե կհիշեք, այդ տարվա ձմռանը բավական ցուրտ էր, մենք էլ այդ ժամանակ նկարահանումների էինք. տաղավարային նկարահանումներ ընդհանրապես չենք ունեցել:

Գնացել ենք սահմաններում ենք նկարել, պալիգոններում ենք նկարել: Միայն եղանակն է դժվարություններ ստեղծել, մարդկային ռեսուրսների առումով ոչ մի թերացում չի եղել:

-Ֆիլմը հեռու չէ իրականությունից, ինչպե՞ս եք այդչափ մոտիկից ծանոթացել զինվորի կենցաղին, առօրյային:

-Մենք խորհրդատուներ ենք ունեցել Պաշտպանության նախարարությունից, ովքեր որոշ հարցերում մեզ օգնել ու ուղղորդել են: Բացի դա մենք էլ հեռու չենք այդ ամեն ինչից, զինվորների հետ ենք շփվում, զորամասերում ենք լինում, առանձին դեպքեր ենք ուսումնասիրում… Սա այն նյութն է, որ չի կարելի նստել, հնարել, պետք է անպայման ճշմարտացիության էլեմենտներ լինեն, թեպետ նշեմ նաև, որ մենք չենք ձգտել ամեն ինչ բացարձակ ճշմարտանման ներկայացնել. մեր  խնդիրը հավաքական կերպար ստանալն է:

Երկրորդ եթերաշրջանը 2-3 զինվորի մասին չէ, հեռուստադիտողը  կտեսնի, թե անդրադարձն ինչ մեծ ընդգրկում ունի՝ ապրիլյան դեպքերը, այդ օրերի հերոսները, իրենց ծնողները, նրանց ապրումները, սիրած աղջիկ, հայր, մայր… ամբողջն արտացոլվել է սերիալում:

-Եվ վերջում՝ երկրորդ եթերաշրջանի մեկնարկը ապրիլի 2-ին է,  այիսնքն՝ ճիշտն այն օրը, երբ սկսեցին ապրիլյան դեպքերը, ցուցադրության օրը հատու՞կ էր ընտրված:

Ճիշտն ասած տեխնիկական մանրամասներին հստակ չեմ տիրապետում, բայց կարծում եմ՝ այո,  խորհրդանշական է ընտրվել  հենց այդ օրը:

Понравилась статья? Поделиться с друзьями: