
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ուսանողուհու կողմից իրեն և եղբոր երեքամյա դստերն առևանգումից ազատելու համար որպես փրկագին 1.000.000 ՀՀ դրամ պահանջելու պատրվակով խաբեությամբ ազգականներից հափշտակություն, ինչպես նաև՝ սուտ մատնություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Երևան քաղաքի բնակչուհին՝ ծնված 1999 թվականին, ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ անհայտ անձը 2019 թվականի մայիսի 8-ին դանակի սպառնալիքներով Երևան քաղաքի Արցախի փողոցի շենքերից մեկի մուտքում հանելով իր բլուզը, կիսամերկ վիճակում նկարել է իրեն, ապա ճշտել համացանցում ունեցած իր կայքերի գաղտնաբառերը և իր կիսամերկ լուսանկարները հրապարակելու ու իր հարազատներին վնասելու սպառնալիքով հարկադրել է վերցնել եղբոր երեքամյա դստերն ու դուրս գալ տնից, ում պահանջը կատարելով եղբոր դստեր հետ միասին գնացել է այգի։

Ըստ 19-ամյա ուսանողուհու հաղորդման՝ այգում գտնվելու ընթացքում, իբր հեռախոսով հետևել է, թե ինչպես է անհայտ անձը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի՝ իրեն պատկանող «մեսենջեր» հավելվածի միջոցով իր անունից նամակագրություն վարել մոր և եղբոր հետ, վերջիններիս տեղեկացրել իրենց առևանգման մասին և որպես ազատման փրկագին պահանջել 1.000.000 ՀՀ դրամ` սպառնալով, որ գումարը չտալու դեպքում այլևս չեն տեսնի իրենց:
Աղջիկը միաժամանակ նշել է, որ իրեն ահաբեկած անձի պահանջով, իր հարազատների կողմից IDram վճարային համակարգով իր հաշվեհամարին ուղարկված գումարից կանխիկացրել է 600.000 ՀՀ դրամ և այն թողել նշված անձի մատնանշած տաքսի ավտոմեքենայում, ապա եղբոր դստեր հետ միասին վերադարձել տուն
Քննչական գործողությունների և Ոստիկանության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ պարզվել է, որ 19-ամյա աղջկա կողմից ներկայացված հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն իրականությանը չեն համապատասխանում:
Միաժամանակ պարզվել է նաև, որ խաբեությամբ, ձևացնելով անհայտ անձի կողմից իր և եղբոր դստեր առևանգումը, ծնողներից և եղբորից աղջիկը պահանջել և խարդախությամբ հափշտակել է գումար: