![]()
Հայաստանի մի շարք «անհանգիստ մշակութային գործիչներ», ինչպես իրենք են բնորոշել իրենց, բաց նամակով դիմել են ՀՀ կառավարությանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նամակը ստորագրել են 39 գործիչներ, և պետք էր ակնկալել, որ նրանցից գոնե մեկը մինչև ստորագրելը սրտացավորեն կարդացած կլիներ նամակը։ Բայց նամակի լեզվական որակն այն աստիճան ցածր է, որ նամակը ստորագրողներն իրենց իսկ լավություն արած կլինեին, եթե «բաց»-ի փոխարեն «փակ» նամակ գրեին․ գոնե մեկ-երկու հոգի կկարդային և կտեսնեին այն գրագիտական «բոբիկ» վիճակը, որ առկա է նամակում։
Բայց գրագիտությունը՝ մի կողմ․ նամակում այնպիսի զարմանահրաշ մտքեր կան, որ ակամա մտածում ես, թե մեր «անհանգիստները» նաև մի քիչ «խառն» են եղել։ Հակառակ դեպքում չէին խառնի հասարակ բաներ, օրինակ՝ հենց նամակի սկզբում չէին հայտարարի․ «․․․ ագիտացիան ու քարոզչությունն են, որ ի վերջո ծնում են գաղափարախոսություն»։ Իսկապե՞ս։ Բա չխղճա՞նք այն գաղափարախոսությանը, որ ագիտացիայի արդյունքում է ծնվելու։ Չասե՞նք, որ ոչ թե ագիտացիան է գաղափարախոսություն ծնում, այլ ինքը կարող է իրականանալ միայն արդեն_ եղած գաղափարների_ տարածման արդյունքում։ Այլ կերպ ասած՝ եթե չկա գաղափար-գաղափարախոսություն, այդ ի՞նչն է _ագիտացիա _արվում։
Նամակը ստորագրողները չեն խուսափել օտար տերմիններ գործածելուց և լավ են արել, միայն թե խիստ կարևոր էր նախ ստուգել դրանց նշանակությունները կամ, որ ավելի ճիշտ է, այդ նշանակությունների մասին սեփական գիտելիքները։ Եվ այդ պարագայում դժվար թե գրեին․ «․․․ աղավաղված ագիտացիան փչացնում է հասարակության մասշտաբային շերտերը»: Գնա ու հասկացիր՝ ի՛նչ է նշանակում «հասարակության մասշտաբային շերտեր»․ գնա ու մտածիր, թե ինչպես կարող է _ագիտացիան _լինել աղավաղված։
Նամակը ստորագրողները չգիտեն _աֆֆեկտիվ _օտար բառի նշանակությունը․ նրանց թվացել է, թե այդ բառը կարելի է գործածել այնպես, ինչպես կօգտագործեին էֆեկտիվ-ը, որի հետևանքով ծնվել է այս անհեթեթությունը․ «․․․ աֆֆեկտիվ կերպով բռնության են ենթարկել հանրության գիտակցությունն ու ենթագիտակցությունը»:
Նամակը նաև լեզվական գրագիտության տարրական պահանջների կատարումը չի ապահովել․ խառնված է նույնիսկ նախադասության ենթակայի և ստորոգյալի թվային համաձայնությունը․ «Այս _ոլորտը _պետք է ղեկավարվեն միայն ու միայն բանիմաց, չվաճառվող, պետության հետ խաղեր չտվող, չքծնող, ազնիվ մասնագետների կողմից․․․»։ Տարրական սխալ է «ոչ միայն, այլ» (փոխանակ՝ այլև) շարադասական կապակցումը․ «․․․ խնդիրն առկա է ոչ միայն Հանրային հեռուստատեսության համակարգում, այլ ողջ հեռուստատեսային շուկայում»:
Հ․Գ․։ Գրում եմ անհարմարության չլքող զգացումով, ինչպես նաև մտավախությամբ, թե արձագանքս կարող է հանիրավի հասցեավորվել։ Չհասցեավորեք, հարգարժա՛ն մշակութային գործիչներ, բայց հաջորդ այսօրինակ նամակը հրապարակելուց առաջ փոքր-ինչ զգոն եղեք․ չէ որ ձեզ, հասարակության «մասշտաբային շերտերից» բացի, կարդում են նաև մայրենի լեզուն հարգող և նրա համար պայքարող «շերտերը»։