Քոչարյանի ռեժիմն ամեն ինչ արել է մարդկանց հոգեպես ջարդելու, խորտակելու, նրանց ինքնասիրությունն ու արժանապատվությունը ստորացնելու և ապօրինի հետապնդումներ իրականացնելու համար…

Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո ակնհայտ էր, որ քաղաքական որոշակի շրջանակներ, և հատկապես Քոչարյանի մերձավոր շրջապատը, ինչպես նաև նրա հետ որոշակի քաղաքական ակնկալիքներ ունեցող սուբյեկտներ փորձ կանեն նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը ներկայացնել բացառապես քաղաքական հարթության համատեքստում՝ հասնելու նրան, որ հասարակության որոշակի շերտի մոտ Քոչարյանի կալանավորումը ընկալվի որպես բացառապես քաղաքական հետապնդում…
Ընդորում, նշված հարցն արդեն իսկ դուրս է ներհայաստանյան սահմաններից:
Այդպիսի դիտարկում կատարեց նաև ոչ այլ ոք, քան ՌԴ արտաքին գործերի նախարարը՝ բաց տեքստով հայտարարելով, որ Ռոբերտ Քոչարյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման…

Ավելի՛ն, Քոչարյանի պաշտպանական թիմը, ոչ միայն կասկածի տակ է դնում մեղադրանքի հիմնավորվածությունը՝ համարելով այն ակնհայտ ապօրինի ու անհիմն, այլև պնդում է, որ ոչ միայն հաղթահարված չէ Քոչարյանի սահմանադրական անձենռնխելիությունը, դեռ մի բան էլ նրան մեղսագրվող արարքի հիմքում դրված պաշտպանության նախարարի թիվ 0038 հրամանը ոչ ավել, ոչ պակաս, ուղղված է եղել բանակը զերծ պահելու քաղաքական գործընթացներից…
Որպես փաստաբան, հարգանքով եմ մոտենում պաշտպանական խմբի գործունեությանը՝ անկախ նրանից, որ համաձայն չեմ նրանց դիրքորոշումների հետ՝ միաժամանակ բնական համարելով նրանց որդեգրած պաշտպանական ռազմավարությունն ու մարտավարությունը….
Հաշվի առնելով այս գործի առանձնահատկությունն ու կարևորությունը՝ գտնում եմ, որ պետք է ամեն ինչ արվի, որ սույն քրեական գործի նկատմամբ որևէ մեկը որևէ վերապահում չունենա:

Անկեղծ խոսենք, 2008թ. մարտի 1-ին և դրան հաջորդող իրադարձությունների արդյունքում հարյուրավոր մարդկանց հետ միասին խեղվել է նաև իմ կենսագրությունը, Քոչարյանի ռեժիմն ամեն ինչ արել է մարդկանց հոգեպես ջարդելու, խորտակելու, նրանց ինքնասիրությունն ու արժանապատվությունը ստորացնելու և ապօրինի հետապնդումներ իրականացնելու համար…
Բայց, սրանով հանդերձ, ինքս որպես ՀՀ քաղաքացի, գիտակցում եմ, որ Քոչարյանի գործը շարքային քրեական գործ չէ:
Այս գործի ողջ ընթացքում պետք է բացառել անգամ ամենափոքրիկ վրիպումն ու բացթողումը՝ ապահովելով Քոչարյանի պաշտպանության լիարժեք ապահովումը՝ հետագա բոլոր շահարկումներից խուսափելու համար…

Առհասարակ հետխորհրդային տարածքում, եթե չեմ սխալվում, Քոչարյանն առաջին նախագահն է, ով հայտնվել է քրեակատարողական հիմնարկում և որին մեղադրանք է առաջադրվել առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար:
Տվյալ իրադրության պայմաններում վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է մանրակրկիտ ձևով հանրությանը ներկայացնել այն բոլոր հիմքերը, դատավարական գործընթացները, քննչական գործողությունների, ապացույցների հավաքման, մշակման, վերլուծության և իրավական գնահատման ամբողջ ցիկլը:
Սա այն գործը չէ, որ վարույթն իրականացնող մարմինը սահմանփակվի բացառապես դեկլարատիվ բնույթ կրող ձևակերպումներով՝ առաջին պլան մղելով նախաքննական գաղտնիքի պահպանման պահանջը:
Իհարկե՛, վարույթն իրականացնող մարմինը կաշկանդված է այդ առումով, սակայն պետք է հաշվի առնել, որ գործ ունենք բացառիկ քրեական գործի հետ, որում մեղադրվում է պաշտոնաթող նախագահը, ով ոչ միայն չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, այլև այն համարում է բացարձակ շինծու…
Այս առումով, այս գործով անհրաժեշտ է ապահովել առավելագույն թափանցիկություն ու հրապարակայնություն: Եթե պետք է, ուրեմն քննչական խումբը նույնպես պետք է շաբաթական մեկ անգամ հանրությանը մանրամասն ներկայացնի քննության ընթացքը, մեղադրանքի հիմքերը, ձեռք բերված ապացույցների վերաբերելիությունն ու նշանակությունը:
Այլ կերպ ասած, այս գործով պետք է արվի հնարավորը՝ ցույց տալու համար, որ Քոչարյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքներն առավել քան հիմնավոր են և որևէ աղերս չունեն քաղաքական հետապնդման հետ:

Հակառակ դեպքում, Քոչարյանի որդեգրած դիրքորոշումից և ընտրված պաշտպանական տակտիկայից տպավորություն է ստեղծվում, որ 2008թ. փետրվար-մարտ ամիսներին Երևան քաղաքում զինված ուժեր չեն եղել, պաշտպանության նախարարի գաղտնի հրաման չի եղել, զինված ուժերի օգտագործման մասին որոշում չի եղել, ապօրինի կերպով հազարավոր մարդկանց հետապնդումներ չեն եղել, մարտի 1 չի եղել, 10 սպանված ՀՀ քաղաքացի չի եղել, իսկ Քոչարյանն ու իր ռեժիմն էլ գործել են բացառապես օրինականության սահմաններում…
Նոր իշխանություններից ակնկալվում է ներդնել օրինական բոլոր ջանքերը՝ բացառելու՝ Ռոբերտ Քոչարյանից ՛՛քաղաքական հալածյալ՛՛ կերտելու բոլոր նկրտումները…

Նյութի աղբյուրը՝ Նորայր Նորիկյան

Ֆեյսբուք

Понравилась статья? Поделиться с друзьями: