
Պատմում են, որ իր իշխանության տարիներին որեւէ մեկին պաշտոնի նշանակելիս, կամ որեւէ բիզնես ու այլ կարգի պայմանավորվածություն ձեռք բերելիս Ռոբերտ Քոչարյանը դրանք արձանագրում էր թղթի վրա ու ստորագրել տալիս դիմացինին: Խոսքը բնականաբար ոչ թե պաշտոնական հրամանագրերի կամ պայմանագրերի մասին էր, այլ «ներքին բարաթի», որում արձանագրվում էր այնպիսի բան, որ հետո դիմացինը «թռնելու տեղ» չունենա: Դա յուրահատուկ կոմպրոմատ էր, պարտավորագիր:
Մամուլում տարածված տեղեկատվության համաձայն, այս օրերին Քոչարյանի ընդունարանի մոտ մեծ հերթեր են՝ նախկին պաշտոնյաների, ԶԼՄ-ների ղեկավարների եւ այլն: Պետք է ենթադրել, որ Քոչարյանը, հայտարարելով վերադարձի մասին, գույքագրում ու ցուցակագրում է իր հնարավոր կողմնակիցներին:
Հասկանալի է, որ այստեղ գաղափարական որեւէ բան չկա, Քոչարյանի մոտ կարող են հերթ կանգնել նրանք, ովքեր զրկվել են պաշտոնից, կոռուպցիայի հնարավորությունից, ստվերային գումարներից: Ինքը Քոչարյանն էլ չունի այլ մոտիվացիա, քան իր անձնական խնդիրները: Ընդ որում, դա չի էլ թաքցվում, դրա ապացույցը նրա հարցազրույցներն են ռուսական ու հայկական ԶԼՄ-ներին:

Դա երեւում է նաեւ այն քաղաքական ուժերի շրջանակից, որոնք աջակցում են նրան՝ ՀՀԿ, ՀՅԴ եւ այլն, որոնք նույնպես ունեն խիստ մերկանտիլ խնդիրներ, եւ դա չեն էլ թաքցնում:
Ավելորդ է ասել, որ այս ամենը ինչ որ պահի վեր է ածվելու հակապետական գործունեության, եւ այլ կերպ չի կարող լինել: Ընդ որում, ճակատագրի հեգնանքով, այս իրավիճակն առաջացել է երկու տասնամյակ Հայաստանում իշխած քրեա-օլիգարխիայի համակարգի գործունեության ու սահմանած կանոնների տրամաբանությամբ:
Քոչարյանն իրականում անելանելի վիճակում է եւ չունի իշխանության վերադառնալու որեւէ հնարավորություն, միեւնույն ժամանակ, այդ իրավիճակի առանձնահատկություններից ելնելով, ակամա շարունակում է հայկական քաղաքական դաշտի «սանիտարի» իր յուրօրինակ դերը, որի համար ժամանակին Տեր-Պետրոսյանը նրան բերել էր Հայաստան: Նա իր շուրջ կոնսոլիդացնում է այն ամենը, ինչն արդեն իսկ հայտնվել է լուսանցքում եւ պետք է վերջնականապես նետվի պատմության ու քաղաքականության աղբանոցը: Դա լինելու է միակ քաղաքական պահը ողջ այս իրարանցման մեջ:
Հետաքրքիր է՝ ի՞նչ են գրել տալիս Քոչարյանի ընդունարանում հերթ կանգնածներին:
Նյութի աղբյուրը՝ lragir.am