
Բաց նամակ Ռուբեն Հախվերդյանին
Բարև Ռուբո: Տարիքս և ծանոթությունս քեզ հետ թույլ են տալիս ինձ այսպես դիմել քեզ: Եվ հետո` վատ բան չկա երբ սիրածդ արվեստագետին, կներես, քո բառն օգտագործեմ, արտիստին անունով են դիմում: Մհեր Մկրտչյանը (հոգին լույս է դարձել) այդպես էլ Ֆրունզ մնաց մեր շուրթերին: Այդ նա էր ասում` ես արտիստ եմ, և նրա թատրոնն էլ արտիստական է…

Ո՞նց ես, Ռուբո, էս վերջին հեռուստահարցազրույցիցդ հետո: Հուսամ` լավ ես, քեզնից գոհ` ինչպես միշտ, ինքնահավան եղել ես, կաս ու մնացել, չնայած, որ «Ֆեյսբուքը» թափվել է վրադ ու ծվատում է կերպարդ: Բայց ասեմ` անշնորհակալ գործ է Ռուբեն Հախվերդյանին քննադատելը: Նա մեծ երգիչ-երգահան է, հայրենասեր մարդ, նա արտիստ է, որ իր արվեստով սերունդներ է դաստիարակել, ճաշակ ձևավորել, միշտ եղել սիրված ու սպասված: Ռուբո, «Հայ զինվոր» թերթի խմբագրությունում մենք քեզ սիրում ու սպասում էինք: Հիշո՞ւմ ես` ինչ խմել էինք խմում իրար հետ` դու մեր պաշտելին, մենք քո երկրպագուն էինք… Պատերազմ էր, սեղանին` բացած սպիրտ, չոր հաց ու կեղևած սոխ ու մեկ էլ` լավագույն տղերքը հեռանում են… Ինչքա՞ն է երգվել այս երգն այդ օրերին:

Բայց չշեղվեմ ասելիքից: Այս վերջին հեռուստահարցազրույցիդ մեջ, Ռուբո, մի շատ հիմար բան ասացիր Քիմ Քարդաշյանի հետույքի մասին: Կնոջ այդ բարեմասնության մասին հեռուստաէկրանից նման տոնով կխոսեր միայն փողոցի խուժանը: Ցավոք, ինքդ տվեցիր այն հարցի պատասխանը, թե ինչու քեզ ուղիղ եթեր չեն կանչում: Մեկ էլ փողոցի խուժանին չեն կանչում ուղիղ եթեր, Ռուբո: Բայց որ ասել ես, մի բան էլ ես ասեմ` Քիմ Քարդաշյանն իր հետույքով ավելի ազնիվ է, քան դու քո դեմքով: Նկատի ունեմ` քաղաքական խաղեր տալու գործում, Ռուբո:
Առաջին տպավորությունս այն էր, որ դու, դարձյալ քո բառով ասեմ, «գլխիդ ու հետույքիդ տեղերը խառնել ես»: Ինչո՞ւ ես էդ գործն անում, Ռուբո, ինչո՞ւ ես քո մեջ սպանում «արտիստին»: Հասկացանք, հացի խնդիր էլ կա, բայց հո չի՞ կարելի ամեն փողատերի ու իշխանավորի «մտնել», այն էլ այդքան բացահայտ: Կանգ առ, հետ նայիր, տես` ի՞նչ ես անում, և ինչպես: Սա հիմա ի՞նչ էր՝ հարցազրույցդ, եթե ոչ Նիկոլին մտնելու մի լպրծուն փորձ: Ռուբո, «լրիվ կորցրել ես ուղղությունդ», «արծաթե թիթեռներդ` պոկված կապույտ երազներից»: Ո՞ւր ա ստեղ Ռուբո… Կներես, բայց այդ հարցազրույցիցդ հետո միայն սա կարողացա ասել:
