
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին կոշտ է արձագանքել Ժիրայր Սէֆիլյանի հայտարարությանը, թե ընտրությունից հետո պետք է իշխանափոխության հարցում բանակցության նստեն Արցախի իշխանության հետ, որպեսզի Արցախում իրականացվի արտահերթ իշխանափոխություն՝ պայթյունից խուսափելու համար:
«Ես լիարժեք իմ աջակցություն եմ հայտնել Արցախի գործող իշխանություններին և համոզված եմ, որ Արցախում տեղի կունենան հերթական ընտրություններ: Արցախի ժողովուրդը կձևավորի լեգիտիմ իշխանություն: Արցախում որոշիչ ուժն Արցախի ժողովուրդն է և Արցախն այդպես էլ ընկալում ենք», հայտարարել է վարչապետը:
Ի՞նչ պայթյունի մասին է խոսում Սասնա ծռեր կուսակցության առաջնորդը, պարզ չէ, սակայն Ժիրայր Սէֆիլյանի հայտարարությունն իր մեջ պարունակում էր շանտաժի որոշակի տոնայնություն: Սասնա ծռերը համարում են, որ Հայաստանն ու Արցախը պետք է լինեն մեկ պետություն, այսինքն դեմ են Արցախի առանձին կարգավիճակին: Դա մոտեցում է, որի իրավունքը կուսակցությունն ունի, եւ այդ մոտեցումը կարող է քննարկել, ներկայացնել թե Հայաստանի, թե Արցախի հանրությանը:
Բայց փաստն այն է, որ կա երկու միավոր՝ Հայաստանը՝ միջազգային իրավունքի սուբյեկտ, եւ Արցախը՝ չճանաչված պետություն, որը սակայն իրավա-քաղաքական այլ կազմավորում է:
Այդ պետության իշխանության հարցը Արցախի հասարակության հարցն է, ըստ այդմ արտահերթ, թե հերթական իշխանափոխություն, պետք է որոշի Արցախի հասարակությունը: Այստեղ անշուշտ գործում են առանձնահատուկ հոգեբանական-քաղաքական ասպեկտներ, պայմանավորված նրանով, որ Արցախի գործնականում ամբողջ հանրությունն առաջնագծում գտնվող հանրություն է, այդտեղից բխող տրամաբանությամբ եւ ընկալումներով:
Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո Արցախում էլ եղան հասարակական աշխուժության օրեր, ինչի առիթ էր դարձել հայտնի միջադեպն ԱԱԾ հատուկ ստորաբաժանման մարտիկների մասնակցությամբ: Մի քանի օր տեւած հանրային բողոքի արդյունքը այն էր, որ նախագահ Բակո Սահակյանը կատարեց ուժային բլոկի բարձրագույն ղեկավարության փոփոխություն՝ բացառությամբ պաշտպանության բանակի, եւ հայտարարեց, որ ինքն էլ չի առաջադրվելու 2020 թվականի նախագահի ընտրությանը:
Այդ զարգացումներում հետաքրքիր էր վարչապետ կամ պետնախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, քանի որ այն կարծես թե չկար հանրային պահանջներում: Այդ հրաժարականը դիտարկվեց երկու ասպեկտով՝ որոշակի փոխզիջում Արցախի իշխող շրջանակում, ուժային բլոկի ղեկավարների պաշտոնանկության համատեքստում, եւ Արայիկ Հարությունյանի քաղաքական հաշվարկ՝ 2020 թվականի նախագահի ընտրությանը մասնակցելու համար:
Համենայն դեպս, Հայաստանի թավշյա հեղափոխությունից հետո Արցախում եղավ իշխանության որոշակի վերափոխում, որից հետո Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը վերահաստատեցին միմյանց անվերապահ աջակցություն:
Այդ իմաստով, Նիկոլ Փաշինյանի արձագանքը Ժիրայր Սէֆիլյանի հայտարարությանը, որ Արցախում պետք է գնան արտահերթ իշխանափոխության, Բակո Սահակյանի հետ հանրայնորեն լեգիտիմ քաղաքական համաձայնության եւ փոխադարձ աջակցման շրջանակում է, այլ կերպ ասած Արցախի կայունության շրջանակում:
Սասնա ծռերը հայտարարել է, որ քաղաքական գործունեություն է ծավալելու նաեւ Արցախում: Անշուշտ, նրանք ունեն այդ իրավունքը, եթե բավարարեն դրա համար անհրաժեշտ Արցախի օրենսդրության պահանջները: Բայց դա նշանակում է, որ պետք է սկսել այդ քաղաքական գործունեությունը նախ Արցախի հասարակության հետ հարաբերության մասով, ստանալ այդ հասարակության առարկայական աջակցությունը, հետո նոր հավակնել Արցախում իշխանափոխության:
Այլապես, Ժիրայր Սէֆիլյանը խոսելով այն մասին, թե պետք է շուտափույթ սկսել բանակցություն Արցախի իշխանության հետ՝ արտահերթ իշխանափոխության համար, այն դեպքում, երբ ընդամենը մեկ տարի եւ քիչ ավելի ժամանակահատվածից Արցախում հերթական ընտրություն է, փաստացի ակնարկում է ապակայունացման փորձի մասին:
Սասնա ծռերն ընկալվում են իբրեւ արմատական մոտեցումներ կրող քաղաքական ուժ, եւ Ժիրայր Սէֆիլյանն օրերս Հանրային հեռուստաընկերության եթերում ընդունում էր այդ հանգամանքը, իհարկե կիսաժպիտ եւ թերեւս կեսկատակ հայտարարելով, թե ինչքան իրենց բնորոշեն «տեռորիստ», այնքան իրենց վարկանիշը կբարձրանա:
Հաճախ կատակի լեզվով ասվում են բաներ, որոնք անհարմար է բարձրաձայնել քաղաքական լուրջ հռետորաբանությամբ: Այդ դեպքն է դա, թե ոչ, դժվար է ասել, սակայն արդեն իսկ նկատելի է, որ կարգավիճակով քաղաքական, մտածողությամբ սակայն Սասնա ծռերը շարունակում է լինել «զինված խումբ»: Եվ դա թերեւս նկատելի անհարմարություն է կուսակցության առաջնորդների համար: Բայց պետք է զգուշանալ թերեւս, որ կուսակցությունն այդ ներքին հնարավոր անհարմարությունը «չարտահանի» եւ անհարմարության չվերածի Հայաստանի եւ Արցախի համար ընդհանրապես, քանի որ իրավիճակը 2018-ի ապրիլից հետո խորքային առումով բոլորովին այլ է: