
Ազգային Ժողովում վարչապետի իր քվեարկության մերժման նիստի առիթով ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀԿ շրջանակներից, նաեւ տարբեր կերպ դրան հարող փորձագիտական հանրույթից հնչող գնահատականներին, թե Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ թավշյա իշխանափոխությունից հետո արձանագրվել է ձախողում:
Փաշինյանն այդ առումով հայտնեց մի տեղեկություն, Հայաստանում աշխատող դիվանագետներից մեկի՝ իր երկիր գրված զեկուցագրից, որում դիվանագետը հայտնում է, որ Հայաստանը ուզում է դառնալ տարածաշրջանային եւ միջազգային քաղաքականության գործոն, եւ զարմանք հայտնում այդ կապակցությամբ:
Թե ո՞ր երկրի դիվանագետի մասին է խոսքը, եւ այլ մանրամասներ Նիկոլ Փաշինյանը չի հայտնել, սակայն հայտարարությունն ու տեղեկությունն իսկապես հատկանշական են, եւ կասկած չկա, որ այդպիսի զեկուցագրեր Հայաստանից իրենց մայրաքաղաքներ հղել են ոչ մեկ պետության դիվանագետներ: Թերեւս կասկած չկա, որ այդպիսի զեկուցագրեր Երեւանից գնացել են թե Մոսկվա, թե Վաշինգտոն, Փարիզ, Թել Ավիվ, Բրյուսել, Թեհրան, Պեկին, գուցե Անկարա:
Հայաստանում թավշյա հեղափոխության հանդեպ աշխարհքաղաքական ուժային կենտրոնների շփոթությունն ակնառու էր, որը մատնում էր նաեւ Կովկասում իրողությունների եւ ռազմավարական քաղաքականության հարցում անմիջականորեն շահագրգռված այդ կենտրոններում հակասական տրամադրությունը:
Նրանք մի կողմից շփոթված են, որ Հայաստանը թավշյա հեղափոխությամբ ձեւավորվելով որպես հանրություն-իշխանություն լեգիտիմ կապ ունեցող պետություն, դառնում է գործոն, որի հետ հնարավոր չէ հաշվի չնստել, մյուս կողմից թերեւս նաեւ սպասում էին հայկական այդ գործոնին տեւական ժամանակ, յուրաքանչյուրն իր մասով:
Բանն այն է, որ Կովկասի ներկայիս ռազմա-քաղաքական ստատուս-քվոն ձեւավորել է Հայաստանը՝ Արցախի շարժմամբ եւ պատերազմի հաղթանակով: Մյուս կողմից, սակայն, դրանից հետո պարտվելով պետականաշինության գործընթացը՝ որակական, բովանդակային առումով, Հայաստանն ինքն էլ սկսել է կասկածի տակ դնել այդ ստատուս-քվոն: Ընդ որում, խնդրի առանձնահատկությունը լոկ արցախյան հարցը չէ: Իրականում այն ընդգրկում է ամբողջ Կովկասը, թելադրելով նաեւ դրանում շահագրգռված աշխարհքաղաքական եւ ռեգիոնալ ուժային կենտրոնների վարքը:
Երբ Հայաստանը ձեւավորում է նոր ստատուս-քվոն եւ հաստատակամ է այդ հարցում, նրանք հասկանալի իրավիճակում են: Երբ Հայաստանը դադարում է «տեր» լինել իր իսկ ձեւավորած ռեգիոնալ ստատուս-քվոյին եւ վարքագծային միջավայրին, այստեղ խնդիրներ են առաջանում աշխարհքաղաքական եւ ռեգիոնալ ուժային կենտրոնների համար, վարքագծային խնդիրներ:
Ընդ որում, Հայաստանի տեր լինելն անշուշտ չի կարող լինել լոկ հայտարարությունների մակարդակով: Այստեղ շատ կարեւոր է երկու հանգամանք՝ իշխանության, ռազմա-քաղաքական ղեկավարության համոզիչ լեգիտիմությունն ու հանրային աջակցությունն ու այդ երեւույթի տնտեսա-քաղաքական պրակտիկ արդյունքը պետության կառավարման տեսանկյունից, նյութական եւ բովանդակային, որակական արժեքների ձեւավորման ու գեներացման տեսանկյունից, որոնք համահունչ եւ ներդաշնակ են համաշխարհային զարգացման արդիական միտումներին:
Հայաստանը պետական մեղմ ասած ոչ էֆեկտիվ կառավարմամբ, ոչ հանրային կառավարմամբ գործնականում քառորդ դար ճգնաժամ է առաջացրել հենց այդ հարցում: Եվ հենց դա է կասկածի տակ դնում հայկական սուբյեկտությունը ռեգիոնալ ռազմա-քաղաքական իրավիճակի առումով: Ու այդ կասկածը առաջացնում է նաեւ համապատասխան վարքագիծ աշխարհքաղաքական եւ ռեգիոնալ կենտրոններում, որոնք Հայաստանն արդեն դիտարկում են ոչ թե ռեգիոնալ գործընկեր ռազմա-քաղաքական իրավիճակի կառավարման գործում, այլ թույլ օղակ, որը պետք է ճեղքել ամեն գնով, այլապես կարող են ճեղքել մրցակիցները:
Իսկ այդ պարագայում արդեն դիտարկվում են այդ թույլ օղակի ճեղքման տարբեր ձեւեր եւ մեթոդներ: Քաղաքական համատեքստի եւ տրամաբանության առումով ապրիլյան քառօրյա պատերազմը գործնականում դրանցից մեկն էր, ինչով էլ բնորոշվեց պատերազմի աշխարհքաղաքական «լեգիտիմ» հասունացումը:
Դիմադրելով ինքնուրույն, Հայաստանը կանխեց հետագա գահավիժումը, սակայն ակնառու էր, որ ներքին հարաբերակցության եւ որակների, ներքին համակարգային կառուցվածքի եւ բնույթի անփոփոխության դեպքում կարճ ժամանակ անց Հայաստանը դարձյալ հայտնվելու էր թույլ օղակի ակնառու կարգավիճակում:
Թավշյա հեղափոխությամբ Հայաստանում ստեղծվել է արմատապես նոր իրավիճակ, եւ այդ առումով Հայաստանը ներկայացնում է ոչ միայն թույլի ուղեծրից դուրս գալու, այլ ռազմա-քաղաքական առանցքի դերը գործնականում վերականգնելու հայտ: Այստեղ էլ առաջանում է քառորդ դար Հայաստանի դերակատարման հարցում ստագնացիայի ականատես եւ դրան «ադապտացված» ուժային կենտրոնների հակասական ընկալումը: Մի կողմից նրանք ստանում են Հայաստանն իբրեւ քառորդ դարից ավելի կորսված գործընկեր վերագտնելու եւ ռեգիոնալ քաղաքականության հարցում միջավայրն ավելի ամուր հիմքով կայունացնելու հեռանկար եւ հնարավորություն, մյուս կողմից իհարկե նրանք փորձում են հասկանալ, թե իբրեւ հեղափոխական գործընթաց այդ հնարավորությունը ձեւավորած հայաստանյան նոր իշխանությունն ինչքանով է ունակ կամ կարողունակ արդեն այդ դերը իբրեւ քաղաքական եւ պետական գործընթաց զարգացնելու հարցում: