Վանեցյանի քայլերը՝ դավաճանության ճանապարհին

ՎԱՆԵՑՅԱՆԻ ՔԱՅԼԵՐԸ ՝ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությունը, որ նա արեց ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արժանացավ հանրության բավական կոշտ հակազդեցությանը։

Ինչքան էլ Վանեցյանը հղում աներ սպայի պատվին, հանրությունը ինտուիտիվ զգում է, որ հայտարարությունն ինքնին, դրա գոյությունն արդեն սպայական կոդեքսի ամենապրիմիտիվ կանոնների ոտնահարում է։

Բայց ինչքան էլ այս գնահատականը համատարած է, չի ձեւակերպվել, թե կոնկրետ ինչու և ինչպես է Վանեցյանը ոտնահարել սպայի պատիվը։ Խնդիրն այն է, որ իր հայտնի հայտարարությունն անելու պահին, սեպտեմբերի 16-ի կեսօրին, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը դեռեւս Ազգային անվտանգության ծառայության տնօրեն էր, որովհետեւ դե յուրե նրա պաշտոնավարումը պիտի դադարեր նախագահի հրամանագիրը ստորագրվելուց եւ հրապարակվելուց հետո։

Ատացվում է, որ վարչապետին ենթակա Ազգային անվտանգության ծառայության տնօրենը հայտարարություն է անում իր հրամանատարի դեմ։ Հայաստանի զինված ուժերի գործող գեներալ– մայորը, ինչպիսին հանդիսանում էր Արթուր Վանեցյանը հայտարարության պահին, հայտարարություն է անում իր գերագույն հրամանատարի դեմ։

Նա, ով թեկուզ չնչին պատկերացում ունի սպայական պատվի մասին, կարող է ասել, որ այս քայլը այլ կերպ, քան դավաճանություն՝ դժվար է որակել։ Որակման ուրիշ տարբերակ չկա։ Դեռ ավելին, Հայաստանի զինված ուժերի եւ մասնավորապես ԱԱԾ գերագույն հրամանատար, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հայտարարությունը Արթուր Վանեցյանի հրամանով տեղադրվում է Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքում, ըստ էության դրան տալով ԱԱԾ պաշտոնական տեսակետի համատեքստ։

Աա ավելի է սրում՝ դավաճանության տրամաբանությունը, որովհետեւ ԱԱԾ-ն սեփական հրամանատարի դեմ հանելուն ուղղված կոնկրետ գործողություն է։ Բայց այստեղ էականն այն է, որ այս դավաճանությունն ուղղված լինելով երկրի վարչապետի դեմ՝ ուղղված է Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ, որովհետեւ Փաշինյանի կառավարությունը ժողովրդի ձեւավորած կառավարություն է, որ ձևավորվել է ժողովրդի սահմանադրական կամարտահայտման միջոցով։

Ոմանք կանխատեսում են, թե Արթուր Վանեցյանը Հայաստանում կարող է քաղաքական գործունեություն ծավալել։ Այս կանխատեսումները լուրջ չեն, որովհետեւ Նոր Հայաստանում դավաճանական քայլերի հեղինակը քաղաքականությամբ զբաղվել չի կարող։

. Հ.Գ. Այս ընթացքում բացահայտվեց նաեւ Վանեցյանի ստախոս լինելը։ Իր հայտարարության մեջ նա հավաստիացնում էր, որ ինքն է կայացրել պաշտոնը լքելու որոշումը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար էդուարդ Աղաջանյանը իր հայտնի հայտարարության մեջ բացահայտեց, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնից Վանեցյանին հեռացնելը եղել է վարչապետի որոշումը, որովհետեւ վերջինս դժգոհ է եղել Վանեցյանի աշխատանքից։

Իսկ իր հայտնի ասուլիսի ժամանակ վարչապետն այս իրողությունը շատ մեղմ է ձեւակերպել, որպեսզի… չոտնահարի իր ձեռամբ գեներալ-մայորի կոչում ստացած Վանեցյանի սպայական պատիվը։ Բայց այն, ինչ չէր ուզում անել Փաշինյանը, արեց ինքը՝ Վանեցյանը։

Ֆեյսբուք՝ Արտակ Գալստյան

Понравилась статья? Поделиться с друзьями: