
Մենք գիտենք, թե ովքեր կարող են ընտրակաշառք բաժանել եւ պահում ենք մեր տեսադաշտում, հայտարարել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում: Նա ասել է, որ ոստիկանությունը խիստ է լինելու, անկախ այն հանգամանքից, թե ինչ տեսքով կլինի ընտրակաշառքի փորձը՝ փողի, թե նյութական շահագրգռության:
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը փաստացի արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեին Արագածոտնի մարզում արած հայտարարությանը: Վարչապետն ասել էր, թե շատ վատ կլինի, եթե ընտրակաշառքի փորձերի մասին նա առաջինը տեղեկանա մամուլից, ոչ թե իրավապահներից: Փաշինյանը հայտարարել էր, որ իրավապահները պետք է անեն կանխարգելիչ, օպերատիվ աշխատանք այդ երեւույթի դեմ:
Ոստիկանապետն արագ արձագանքել է եւ հայտնել, որ ընտրակաշառքի պոտենցիալ «օջախները» ոստիկանության տեսադաշտում են:
Կասկածից վեր է, որ ոստիկանությունը անուն առ անուն գիտե այդ «ինդուստրիայում» ներգրավվածներին, որոնք ազատորեն գործել են նախորդ համակարգում: Ի վերջո, նրանք նախորդ համակարգում էլ գործել են ոստիկանության աչալրջության ներքո, պարզապես քաղաքական տանիքի հովանու տակ: Ոստիկանությունը կատարել է այլ գործառույթ՝ վերահսկել է իրավիճակը, ըստ անհրաժեշտության միջամտելու համար, եթե Սերժ Սարգսյանը կայացներ այդպիսի քաղաքական որոշում՝ ներհամակարգային պայմանավորվածության, խաղի կանոնների խախտման, կամ այսպես ասած ներիշխանական «դավադրության» հնարավոր փորձերի դեպքում:
Ըստ այդմ ոստիկանությունը շատ լավ գիտե «ընտրակաշառքի ինդուստրիայի» գծապատկերը, եւ ամբողջ խնդիրն այն է, թե ինչ փոփոխության է ենթարկվում քաղաքական կամքը: Քաղաքական կամքի փոփոխությունը ներկայում առկա է, եւ ոստիկանության վարքագիծը արձագանքում է այլեւս այդ կամքին:
Վալերի Օսիպյանը փաստորեն նախազգուշացնում է ընտրակաշառքի «ինդուստրիայի» «ցեխերին», որ հակազդեցությունը լինելու է կոշտ: Ի վերջո, գործնականում սեղանին դրված է ոչ միայն թավշյա հեղափոխության վարկի, այլ նաեւ հենց ոստիկանապետ Վալերի Օսիպյանի պաշտոնավարման խնդիրը, եւ կասկած չկա, որ ընտրական գործընթացում այդ իմաստով արատավոր դրսեւորումների պարագայում ոստիկանության պետը կարող է դառնալ քաղաքական պատասխանատվության հավանական թիրախներից մեկը:
Ընդ որում, այստեղ թերեւս իրավիճակը առավել քան պարզ է, քանի որ գործնականում ոստիկանության վրա դրվում է ոչ թե գերբանական, այլ պարզ ֆունկցիոնալ խնդիր, դրա համար անհրաժեշտ ավելի բարձր քաղաքական կամքի առկայության պայմաններում: Ոստիկանությունից պահանջվում է այն, ինչ սահմանված գործառույթն է, եւ տրամաբանական է, որ բավարար արդյունքի բացակայությունը կարող է առաջացնել հարցեր:
Միեւնույն ժամանակ, խորհրդարանի արտահերթ ընտրությունը առանց այսպես ասած հարցերի տեղիք տալու անցկացնելը ոստիկանության պետի համար կունենա ոչ իբրեւ զուտ ֆունկցիոնալ պարտականության կատարումից բխող արդյունք, այլ Վալերի Օսիպյանին գործնականում դե ֆակտո կբերի նոր էլիտայի շրջանակ, քանի որ դե յուրե նա ի պաշտոնե էլիտայում է:
Պարզապես «էլիտան» գծվում է ոչ թե ի պաշտոնե, այլ գործի, առաքելության աստիճանով, եւ այդ իմաստով Վալերի Օսիպյանն ապահովելով արտահերթ ընտրության ընթացքի լիարժեք համապատասխանությունն օրինականությանը՝ իհարկե ոստիկանության լիազորության եւ իրավասության շրջանակում, ըստ էության քայլ կանի դեպի նոր էլիտա: Դա նրա համար առանձնակի նշանակություն ունի, ելնելով այն հանգամանքից, որ նախորդ համակարգում եղել է ոստիկանության բարձրաստիճան ֆունկցիոներ: Նոր էլիտայի շրջանակ արդեն դե ֆակտո մտնելը անշուշտ ենթադրում է ոչ միայն հանրային ընկալման որոշակի մակարդակ, այլ նաեւ այդ կարգավիճակից բխող նոր եւ առավել խորքային պատասխանատվություն, մասնավորապես ոստիկանության ռեֆորմի առումով: