Սկսվեց.Ինչ գիտեր Հայկ Հարությունյանը․

Lragir.am-ը գրում է․

Գլխավոր դատախազությունն ու Քննչական կոմիտեն հերքել են Հայելի կայքի տեղեկությունը, թե նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը ինքնասպանություն է գործել վկաների ներկայությամբ,

իսկ նրա վերջին բառերը եղել են այն, որ իրեն ստիպում են Մարտի 1-ի գործով ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի եւ Գեղամ Պետրոսյանի դեմ, բայց նրանք մեղավոր չեն․․․

Բջնիի իր ամառանոցում սպանված հայտնաբերված Հայկ Հարությունյանը 2008 թվականի մարտի 1-ին եղել է ոստիկանապետ: Գեղամ Պետրոսյանը եղել է ներքին զորքերի շտաբի պետ․․․

Ամիսներ առաջ ՀՔԾ-ն նրան ձերբակալել էր զոհերից մեկի սպանության համար, սակայն երկամսյա կալանքի ժամկետից հետո Գեղամ Պետրոսյանն ազատ էր արձակվել: Մեղադրանքը սակայն հանված չէ․․․

Ռոբերտ Քոչարյանն ազատազրկված է, սակայն ոչ թե մարտիմեկյան սպանությունների, այլ սահմանադրական կարգի տապալման գործով․․․

Այն, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի՝ նախնական վարկածով ինքնասպանությունը կապվելու էր մարտիմեկյան գործի հետ, անկասկած էր․․․

Հարությունյանն այդ գործի առանցքային վկա էր, ընդ որում վկա, որն անմիջականորեն առնչություն ուներ այդ ողբերգական զարգացումների ամենաառաջին քայլերին՝ մարտիմեկյան լուսաբացին Ազատության հրապարակում կատարված ոստիկանական գործողության հետ․․․

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի, նախկին իշխանության պնդումն այն էր, որ այդ գործողությունը չի ունեցել խաղաղ ցույցը ցրելու նպատակ, այլ եղել է խուզարկություն՝ սպառազինության առկայության օպերատիվ տվյալի հիման վրա․․․

Այդ պնդման վրա առաջանում է հակադրությունը ժամի հետ կապված, որովհետեւ ըստ օրենքի խուզարկությունը պետք է սկսեր ժամը 7.00-ից, մինչդեռ ոստիկանական գործողությունը սկսել է մոտ 10-20 րոպե առաջ․․․

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պնդում են, որ երկրորդ նախագահը չի հանձնարարել իրականացնել գործողություն եւ տեղյակ չի եղել ոստիկանության այդ քայլից․․․

Հնարավո՞ր է դա: Սա հարց է տեսականում, բայց գործնականում գուցե շատ քչերն են հավատում, որ այդ բարդ իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը կարող էր չտիրապետել իշխանական կառույցների քայլերին, կամ Հայկ Հարությունյանը կարող էր որեւէ քայլ կատարել առանց վերադասի․․․

Այն դեպքում, երբ Հարությունյանն այդ իմաստով ամենեւին խարիզմատիկ եւ ինքնուրույն, այսպես ասած ինքնաբավ ոստիկանապետ, կամ առավել եւս քաղաքական ֆիգուր ոստիկանապետ չէր․․․

Հայկ Հարությունյանը մարտիմեկյան լուսաբացի ոստիկանական գործողությանն առնչվող կարեւոր պաշտոնյաներից չորրորդն է, որ այլեւս ողջ չէ: Տարիներ առաջ սրտի կաթվածից մահացել է Ռոբերտ Քոչարյանի անվտանգության ծառայության ղեկավար Գրիգորի Սարկիսովը,

իսկ մի քանի տարի առաջ էլ հիվանդության հետեւանքով կյանքից հեռացել է ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը: Ողջ չէ նաեւ այդ ժամանակ Ազատության հրապարակում գործողության օպերատիվ պատասխանատու Արմեն Երիցյանը․․․

Նա եւս մահացավ հիվանդության պատճառով, մի քանի տարի առաջ: Հայկ Հարությունյանը մարտիմեկյան գործի իր ցուցմունքում նշել է, որ հրապարակում զենքի առկայության մասին Գորիկ Հակոբյանից տեղեկություն ստանալուց հետո Արմեն Երիցյանին է հանձնարարել ստուգել տեղեկությունն օպերատիվ բլոկով․․․

Հատկանշական է, որ մարտիմեկյան գործի քննության նոր փուլում Հայկ Հարությունյանը նկատելի ֆիգուրանտ չէր եւ նրա մասին կարծես նույնիսկ մամուլն էր մոռացել․․․

Այժմ նա կդառնա մամուլի ուշադրության առարկան՝ հետմահու, եւ անկասկած կսկսեն նրան վերագրվել իրողություններ, որոնք հերքել կամ հաստատել Հարությունյանը չի կարող․․․

«Ուչաստկովիի մակարդակի՞» գործ է Հարությունյանի սպանությունը կամ ինքնասպանությունը: Միարժեք դժվար է ասել, առավել եւս, որ հազիվ թե հանրության համար միարժեք լինի որեւէ վարկած․․․

Հետաքրքիր է այն, որ Հարությունյանի մահվան առիթով «մեդիաբոլոլան» սկսվեց «արյունը դեռ չչորացած», կարծես ոմանք սպասում էին պաշտոնական հաղորդագրության հրապարակմանը․․․

Պետք է հետեւել շարունակությանը, տեսնելու համար, թե Հարությունյանի մահվան էլ ինչ վարկածային սցենարներ են ուրվագծվում եւ ըստ այդմ ինչ «բազային հիմքեր» են ձեւավորվում մարտիմեկյան գործի շրջանակում․․․

Понравилась статья? Поделиться с друзьями: