«Սեւերն» անցել են գրոհի. վերջնագիր Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը սեւերի ու սպիտակների մասին բարդ իրավիճակում է դրել այդ ուժերին: Դրանք խորհրդարանական ուժերն են, ովքեր «հեղափոխությունից 5 պակաս» են աջակցել, ինչպես ասել է ՔՊ ղեկավարներից մեկը:

Բարդությունն այն է, որ այդ բաժանումով առաջացել է մի իրավիճակ, որ կամ փաստացի պետք է դեմ գնան հեղափոխությանը, կամ լռեն, ընդ որում՝ երկու դեպքում էլ արդյունքը նույնն է՝ անիմաստ է դառնում թե այդ ուժերի քարոզչությունը, թե դերն ընդհանրապես:

Նրանք այնուամենայնիվ սկսեցին խոսել, մեղադրանքներ ներկայացնելով իշխող ուժին եւ նաեւ սպառնալով, որ կարող են խորհրդարանում խոչընդոտել արտահերթ ընտրություն անցկացնելու ծրագիրը:

Ինչ կարող է լինել այդ պարագայում: Կխորանա սահմանադրական «ճգնաժամը» Հայաստանում, ինչը կարող է սրել ներքին դիմակայությունը: Ով կշահի դրանից՝ դժվար է ասել, սակայն դա մի կողմից պատուհան կբացի արտաքին միջամտության համար, մյուս կողմից կունենա բացասական հետեւանքներ բոլոր ոլորտներում:

Արտահերթ ընտրության մյուս տարբերակը «արտախորհրդարանականն» է, որի տակ ենթադրվում է ժողովրդական ճնշման նոր ալիքը: Իսկ դա կարող է ունենալ անկանխատեսելի հետեւանքներ: Կան այլ միջոցներ եւս, ընդ որում՝ բավական արդյունավետ, որոնց տիրապետում է նոր կառավարությունը:

Այս ամենը բնականաբար կարող է տեղի ունենալ, եթե կառավարությունը լուրջ սայթաքումներ ունենա եւ չներկայացնի բարեփոխումների հստակ ծրագիր ու ժամանակացույց: Դա առայժմ չկա, ավելի շատ իրավիճակային քայլեր են կատարվում, ինչն ունի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ:

Իսկ մինչ այդ, քաղաքական ուժերը փաստացի վերջնագիր են ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, արտահերթ ընտրությունների մասով, միաժամանակ նոր կառավարության դեմ քայլեր անելով Ռուսաստանի ու Եվրոպայի ուղղությամբ: Ստեղծվել է նաեւ քննիչ հանձնաժողով, որն այսօր իր առաջին նիստն է արել «արդարադատության խոչընդոտման» թեմայով:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: