Սերժ Սարգսյանը վերադարձնում է Ռոբերտ Քոչարյանից ստացածը

1in.am-ը գրում է.

Մամուլում տեղեկություն է հրապարակվել, որ Սերժ Սարգսյանը Բադեն-Բադենում մի քանի օր անցկացնելուց հետո մեկնել է Հունաստան, որտեղ արդեն կհանգստանա թոռնիկների հետ: Բադեն-Բադենում Սարգսյանը եղել է մենակ, բայց փաստորեն եղել են ականատեսներ, որոնք պատմել են, որ նա բավական բարձր տրամադրությամբ էր և կարծես թե հարմարվել է հետիշխանական իրավիճակին ու առօրյային:

Սերժ Սարգսյանը Բադեն-Բադեն մեկնելուց առաջ ՀՀԿ-ականներին տարել էր ուխտագնացության՝ Հայոց արքաների դամբարան, հետո խնջույք էին արել, ՀՀԿ-ականները պարում էին, սելֆի անում կուսակցապետի հետ: Տեղեկություն հայտնվեց մամուլում, որ Սարգսյանը երկու կարևոր կենաց է ասել, կենաց-մաղթանք: Մեկը վերաբերել է Արցախին, որ զգոն լինեն և աչքը վրան պահեն, և մյուսը՝ Ռոբերտ Քոչարյանին, որ աջակցելու են, որքան կարող են:

Բայց կարծես թե ավելի մոտ է տպավորությունը, որ ՀՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանին խանգարում կամ ավելի շուտ նյարդայնացնում է՝ որքան կարող է: Համենայնդեպս, երկրորդ նախագահի կալանատանը գտնվելու ֆոնին ՀՀԿ ուխտագնացությունն ու խնջույքները, իսկ դրանից ավելի էլ Սերժ Սարգսյանի արտագնա հանգիստը բարոյահոգեբանական իմաստով բավականին հակոտնյա է այն վիճակին, որում գտնվում է Ռոբերտ Քոչարյանը:

Իսկ եթե հաշվի առնենք նաև այն, որ այդ վիճակում երկրորդ նախագահը հայտնվել է այն պատճառով, որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն չեն կարողացել պահել իշխանությունը, իսկ այդ մասին Ռոբերտ Քոչարյանը ինքն է ակնարկել իր մի քանի հարցազրույցներում, ապա ակնառու է դառնում, որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն ավելի շատ զբաղված են երկրորդ նախագահին նյարդայնացնելու, քան աջակցելու գործով:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Понравилась статья? Поделиться с друзьями: