
Ըստ տարածված լուրերի` իշխանական կուլիսներում Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորող տեսանյութ կա, որը Վանեցյանը ներկայացրել է Փաշինյանին։
ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված է ոչ միայն ցուցմունքներով ու առերեսումներով, այլև տեսանյութով։ Այս մասին հայտնում է «168 ժամ» օրաթերթը։

Ըստ թերթի աղբյուրների՝ աղմկահարույց այս քրեական գործի քննության այն փուլում, երբ ըստ ԱԱԾ-ի՝ բավարար հիմքեր են ի հայտ եկել Սանասարյանին մեղադրյալ ճանաչելու համար, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդիմացել է և փաստարկներ պահանջել ԱԱԾ տնօրենից:

Ի պատասխան Արթուր Վանեցյանը վարչապետի սեղանին է դրել «ոչ միայն տրցակներով նյութեր, այլև տեսանյութ, որում հստակ երևում է Սանասարյանին հաստ տրցակներով գումարներ փոխանցելու դրվագը»,– գրում է թերթը:
Ըստ նույն աղբյուրների` անցած շաբաթ կառավարական ամառանոց Փաշինյանի հետ Սանասարյանին հանդիպման հրավիրելու առիթը հենց այս տեսանյութն է եղել: Փաշինյանը փորձել է տետ-ա-տետ խոսել և պարզաբանումներ պահանջել Սանասարյանից։

Թերթը հիշեցնում է` Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում հաստատել էր հանդիպման փաստը, սակայն մանրամասներ չէր ներկայացրել:
Պարբերականը նաև չի բացառում, որ տեսանյութի մասին ինֆորմացիան հատուկ է դրվել շրջանառության մեջ՝ հանրային կարծիքի չեզոքացման նպատակով: