
Ռուսական Կոմերսանտ պարբերականը գրում է, որ Ռուսաստանն ու Վրաստանն ավարտել են Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքով առեւտրային տարանցումների մասին համաձայնագրի իրականացման ընթացակարգերի մշակումը: Համաձայնագիրը ստորագրվել է 2011 թվականին: Դա Ռուսաստանի Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամությանը հավանություն տալու վրացական պայմանն էր:
Առեւտրային համաձայնագիրը չի լուծում այդ չճանաչված հանրապետությունների շուրջ ռուս-վրացական քաղաքական հակադրությունը, բայց միջոց է, որպեսզի այդ հակադրությունը չխոչընդոտի տնտեսական գործակցությանը: Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքով վրացական բեռնափոխադրումը դեպի Ռուսաստան եւ Ռուսաստանից բեռների տեղափոխումը դեպի Վրաստան կատարվելու է մոնիտորինգ իրականացնող երրորդ կողմի վերահսկողությամբ: Դա կլինի Շվեյցարիան: Այդպիսով ապահովվելու է, որպեսզի սահմանային հատումները արձանագրվեն Ռուսաստանի սահմանին, այսինքն չլինի ֆորմալ Աբխազիայի կամ ֆորմալ Հարավային Օսիայի սահմանի հատում:
Համաձայնագրի ստորագրումից յոթ տարի անց ընթացակարգերը վերջապես պատրաստ են, բայց դա չի նշանակում, որ պայմանագիրը սկսելու է ինքնաբերաբար գործել: Դեռ պետք է համաձայնեցնել դրանց իրականացումը: Այդ փուլը սկսում է փետրվարի 6-ին, Շվեյցարիայից, որտեղ առաջին նիստը կանցկացնի համաձայնագրով նախատեսված Կոմիտեն: Որքա՞ն արագ Կոմիտեն կկարողանա գալ բոլոր կողմերի համաձայնության եւ 2011 թվականի համաձայնագրի իրականացման: Սա ներկայում առանցքային հարցն է: Վրացական կողմից բանակցող Զուրաբ Աբաշիձեն հայտարարել էր, որ Թբիլիսին հույս ունի արագ ձեռնամուխ լինել իրականացմանը:
ՌԴ բանակցող, ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինն օրերս Երեւանում խոսելով այդ համաձայնագրի մասին, ասել էր, որ շատ կարեւոր է փետրվարին սպասվող հանդիպումը:
Արդյոք ռուսական եւ վրացական կողմերը կգան արագ համաձայնության: Չնայած համաձայնագրի նպատակն է շրջանցել քաղաքական հակադրությունն ու այն չդարձնել տնտեսական հարաբերության խոչընդոտ, այդուհանդերձ անկասկած է, որ քաղաքական հարցերը թողնում են իրենց ազդեցությունը: Կհամաձայնե՞ն Աբխազիան եւ Հարավային Օսիան ընդունել պայմանները, թե՞ Ռուսաստանը մի ձեռքով կառուցողական համաձայնության տպավորություն ստեղծելով, մյուս ձեռքով չճանաչված այդ հանրապետությունների միջոցով կփորձի քաղաքական ճնշում բանեցնել Վրաստանի վրա:
Համաձայնագրի իրականացումը կարող է հեղափոխական նշանակություն ունենալ Կովկասի համար: Այն կարեւոր է հատկապես Հայաստանի տեսանկյունից, քանի որ կապահովի այլընտրանքային ճանապարհ՝ ներկայիս Վերին Լարսի փաստացի միակ եւ խիստ անկայուն ճանապարհին: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանն ու Վրաստանը միմյանց հետ ամբողջական պայմանավորվածությունից բացի, դեռեւս պետք է իհարկե համաձայնեն, որ ճանապարհից օգտվի նաեւ Հայաստանը:
Բանն այն է, որ թե վրացական, թե ռուսական կողմից այդ առնչությամբ հնչել են տարբեր կարծիքներ, երբեմն արտահայտվել է Հայաստանի ներգրավման պատրաստակամություն, երբեմն էլ նշվել, թե համաձայնագիրը առնչվում է միայն Վրաստանին ու Ռուսաստանին:
Այստեղ էլ անկասկած իր դերն ունենալու է քաղաքականությունը: Հայաստանը արդեն մի քանի տարի այդ ուղղությամբ աշխատում է Մոսկվայի եւ Թբիլիսիի հետ: Այստեղ հաջողության հնարավորությունը մեծ է, սակայն անկասկած է, որ կան նաեւ հարակից բարդություններ: Եթե Հայաստանը միանա ռուս-վրացական համաձայնագրին՝ եթե իհարկե այն արագորեն սկսի իրագործվել, դա կլինի ռեգիոնալ տնտեսա-քաղաքական, ռազմա-քաղաքական ճեղքում, էապես թուլացնելով Հայաստանի թուրք-ադրբեջանական շրջափակման էֆեկտը: Ըստ այդմ կասկած չկա, որ Թուրքիան ու Ադրբեջանը ինտենսիվ կաշխատեն այդպիսի հեռանկարին խանգարելու համար: Ավելին, համաձայնագրի իրականացումը կամրացնի նաեւ Վրաստանի դիրքը, ինչը Անկարայի եւ Բաքվի համար նույնպես ցանկալի չէ, քանի որ Թիլիսին այդպիսով կարող է լինել իրենցից տնտեսապես ավելի նվազ կախվածության մեջ:
Ակնառու է, որ գործոններն ու շերտերը բազմաթիվ են, ընդհուպ Բաքվի ու Անկարայի հետ Մոսկվայի վաղեմի խաղն ու նաեւ առկա խնդիրները: Այդ իմաստով իհարկե Վրաստանի միջոցով դեպի Հայաստան ճեղքումը ռազմավարական իմաստով պետք է բխի նաեւ Մոսկվայի շահից, այլապես Կրեմլը տնտեսական իմաստով տանուլ է տալու ռեգիոնը Թուրքիային ու Ադրբեջանին:
Անկարայի եւ Բաքվի համար ռուս-վրացական հնարավոր համաձայնությունը նաեւ անցանկալի նախադեպ է հենց այն իմաստով, որ քաղաքական հակադրության պայմաններում լինելու է երկու հակադիր կողմերի միջեւ տնտեսական գործակցության շուրջ համաձայնություն: Մի բան, որ Հայաստանն արցախյան հարցում առաջարկում էր դեռեւս տարիներ առաջ, սակայն ապարդյուն, բայց ինչը կարող է ուժային մի շարք կենտրոնների համար հետաքրքիր դառնալ համաշխարհային նոր իրողությունների պայմաններում: Փարիզում հունվարի 16-ին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ նրանք կարեւոր են համարում համատեղ տնտեսական նախաձեռնությունները, որոնք կնպաստեն ռեգիոնալ տնտեսական ներուժի իրացմանը: