«Չենք կարող թույլ տալ Հայոց ցեղասպանության կրկնությունը». Վլադիմիր Սոլովյովը՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին

Ռուսական «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման հերթական թողարկումը, որը հեռարձակվել է հոկտեմբերի 17-ին, նվիրվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմային, որի ժամանակ կարծիքներ են հայտնել ինչպես Վլադիմիր Սոլովյովն, այնպես էլ նրա հյուրերը:
Լրագրողը շեշտել է, որ Թուրքիան մտադրություն ունի թուրքական կայսրություն ստեղծելու՝ տարածքներ գրավելով, հայտարարելով «մեկ ազգ՝ երկու պետություն, մեկ ազգ՝ վեց պետություն», և այդ թիվն, ըստ հաղորդավարի, կարող է աճել:

«Ռուս ժողովուրդը պատմական առաքելություն ունի՝ առաջին քրիստոնեական ժողովրդի՝ հայերի փրկությունը: Հայերը վաղուց խնդրել են, և մենք խոստացել ենք և վերջ: Այնպես որ չենք կարող թույլ տալ Հայոց ցեղասպանության կրկնությունը, լինի դա Ղարաբաղում, թե մեկ այլ վայրում»,- շեշտել է Սոլովյովը:
Մատնանշելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ջանքերը հակամարտությունը դիվանագիտական լծակներով լուծելուն՝ լրագրողը կարծիք է հայտնել նաև տեղում խնդիրը կարգավորելու տարբերակի շուրջ. «ոչ թռիչքային գոտի, մեր խաղաղապահները, և ոչ մի հրթիռ այլևս չի լինի»:

«Մեր սահմանից 80 կմ հեռավորությամբ սիրիացի ահաբեկիչներ են գտնվում: Մենք նրանց Սիրիայում էինք փորձում վերացնել, այժմ նրանց այստեղ են բերել»,- հավելել է Սոլովյովը:

Ռուս-թուրքական քաղաքական բանակցություններին, այդ թվում և Սիրիայի հարցով 8-ամյա քննարկումներին անդրադառնալով՝ Նորությունների դաշնային գործակալության հատուկ թղթակից Աբբաս Ջուման շեշտել է, որ «դիվանագիտական բոլոր հաջողությունները թուրքական կառավարության հետ տեղի են ունեցել միայն, երբ ապտակ է հասցվել նրանց»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 17-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 186 անօդաչու թռչող սարք, 554 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6109 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 633 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: