
«Մալաթիա» մոլի հրդեհից արդեն անցել է երկու օր, սակայն մոլի տարածքում դեռ շշուկները, խոսակցությունները, հիշողությունները հրդեհի մասին չեն դադարել: Այսօր էլ «Վեգա»-յի աշխատակիցներին կարելի է հանդիպել մոլի տարածքում: Վերջիններս մաքրում էին խանութի ներսը և նախապատրատվում մոլի վերաբացմանը, որը կլինի մոտավորապես մեկ ամսից: Նշենք, որ պատահարի օրը հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել էր «Թիվ 3» կանչի. դեպքի վայրում աշխատում էր 10 մարտական հաշվարկ: Հրդեհի հետևանքով տուժել էր 10 քաղաքացի։ Նրանցից 8-ը գտնվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոնում, 2-ը՝ Հանրապետական հիվանդանոցում։
ԱԻՆ մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ հաշվի առնելով հրդեհի մակերեսը, խնդրի բարձրությունը, շենքին մոտենալու հնարավորությունները ԱԻՆ-ը շատ օպտիմալ ժամկետում հանգցրել է հրդեհը: Դիտարկմանը, որ Սամվել Ալեքսանյանը նշում է, թե ԱԻՆ-ը ուշ է մոտեցել դեպքի վայր, և, եթե ավելի շուտ մոտենար, վնասներն այսքան մեծ չէին լինի, Զարգարյանն ասաց.«Մարդու շենքը այրվում էր և ինքն այդ պահին մի փոքր այլ կերպ է վերաբերվում ժամանակին: Կա վիճակագրություն, որն անքննելի է: 19 րոպեում՝ Երևանի խցանումների պայմաններում, հրշեջները կարողացել են հասնել դեպքի վայր և միանգամից սկսել աշխատանքները»: Զարգարյանը նշեց, որ գործի առնչությամբ նյութեր են պատրաստվում և ուղարկելվու են Դատախազություն: Էդմոն Զարգարյանը նշեց, որ ԱԻՆ աշխատակիցներից տուժածներ չկան.«Մի հոգու ինքնազգացողությունն է վատացել, բայց վերջինս տեղում բուժօգնություն է ստացել և նրա հետ ամեն բան կարգին է»:
ArmDaily.am-ի հետ զրույցում «Վեգա» ընկերության մարկետինգի և զարգացման գծով տնօրեն Արթուր Չոբանյանը նշեց, որ հրդեհը սկսել է կահույքի արտադրամասից.«Խանութի հատվածի հետ հրդեհը կապ չի ունեցել: Պատճառների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: Հրդեհը շատ մեծ արագությամբ է տարածվել: Հրդեհն այնքան անսպասելի է եղել, որ աշխատակիցները ուղղակի փորձել են հեռանալ, որ մեջը չմնան: Ցավոք, հրդեհը տարածվել է նաև պահեստում,որն ամբողջությամբ այրվել է»: Հարցին՝ միգուցե հրդեհը դիտավորյա՞լ է արվել, Չոբանյանը պատասխանեց.«Կարելի է մտածել ամեն ինչ՝ շոգ, եղանակ, դիտավորություն: Բայց չպետք է տրվել այդպիսի մտքերի»: Մեր զրուցակիցը հավելեց, որ իրենց աշխատակիցները հրդեհի պատճառով չեն տուժել.«Սակայն մեծ ֆինանսական կորուստ ունի «Վեգա» ընկերությունը, կորուստների չափը հասնում է միլիոնավոր դոլարների»:
Դիտարկմանը, որ շատերի պնդմամբ Սամվել Ալեքսանյանը աշխատակիցներին ստիպել է մտնել այրվող շենք և փորձել փրկել գույքը, Չոբանյանն ասաց, որ բոլոր աշխատակիցներն ինքնակամ են օգնել հրշեջներին.«Ալեքսանյանը «Վեգա»-յի հետ կապ չունի: Մենք իրենից տարածք ենք վարձակալում: Եվ ի պաշտոնե Սամվել Ալեքսանյանը չի կարող մեր աշխատակիցներից հրահանգել: Աշխատակիցները նվիրված են իրենց աշխատանքին և հերոսաբար ցանկանում էին փրկել տեխնիկան: Մենք էլ հորդորում էինք, որ բան մի արեք, ավելի լավ է տեխնիկան վառի ու գնա, Ձեզ բան չլինի»:
ԱԻՆ-ի աշխատանքներից Չոբանյանը գոհ էր.«Նույնիսկ, եթե ԱԻՆ-ը գար 2 րոպեի ընթացքում, կլինեին մարդիկմ որ կասեին՝ այ, որ 1 րոպեի ընթացքում գար, ավելի ավ կլիներ: Քաղաքը շատ ծանրաբեռնված է, նրանք եկել են, երբ կարողացել են: Մենք գոհ ենք իրենց աշխատանքից: Գալուց հետո ինչ կարողացել, արել էին»:
Արթուր Չոբանյանը նշեց, որ այս պահին սրահը չի աշխատում.«Մենք կփորձենք ամեն բան անել, որ մեկ ամսվա ընթացքում Մալաթիայի այս մասաճյուղը կրկին աշխատի: Իսկ մինչև այդ՝ հորդորում եմ մեր հաճախորդներին օգտվել մեր մյուս մասնաճյուղերից»:
Մանրամասները՝ տեսանյութում
Անյուտա Աթանեսյան