
Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցուցակում հետաքրքիր տեղաշարժեր են կատարվել: Այս տարվա առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»՝ վճարելով 24 մլրդ 642 մլն 595.43 հազար դրամ հարկ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ընկերության կողմից բյուջե վճարած հարկերի ծավալն էապես աճել է: 2017 թվականի առաջին կիսամյակում կոմբինատը խոշոր հարկ վճարողների ցուցակում զբաղեցնում էր հինգրերոդ տեղը՝ 9 մլրդ 751 մլն 468.48 հազար դրամ վճարով:

Ցուցակի երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ 20 մլրդ 736 մլն 254.03 հազար դրամ վճարով: Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ «Գազպրոմ Արմենիայի» վճարած հարկերը նվազել են: 2017-ի առաջին կիսամյակում 24 մլրդ 469 մլն 362.49 հազար դրամ վճարած հարկով այս ընկերությունը խոշոր հարկ վճարողների ցուցակի առաջին տեղում էր:
Խոշոր հարկ վճարողների եռյակը եզրափակում է «Գրանտ Տոբակո» ընկերությունը՝ 16 մլրդ 699 մլն 540.93 հազար դրամով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում «Գռանտ Տոբակո»-ի վճարած հարկերը կազմել էին 14 մլրդ 608 մլն 660.01 հազար դրամ:
Խոշոր հարկ վճարողների ցուցակի չորրորդ տեղն այս տարվա առաջին կիսամյակում զբաղեցրել է «Գեորպրոմայնինգ գոլդ» ընկերությունը՝ 8 մլրդ 871 մլն 429.47 հազար դրամ հարկային վճարով, հինգերորդ տեղում «ՍԻՓԻԷՍ օիլ Քորփորեյշն» ընկերությունն է, որը վճարել է 8 մլրդ 166 մլն 858.07 հազար դրամ հարկ:
Ցուցակի վեցերորդ տեղում «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունն է՝ 8 մլրդ 155 մլն 871.86 հազար դրամ, հաջորդում է «Ալեքս Հոլդինգը»՝ 7 մլրդ 678 մլն 256.79 հազար դրամ: Հատկանշական է, որ «Ալեքս Հոլդինգի» վճարած հարկերն այս տարի նվազել են: Նախորդ տարվա առաջին կիսամյակում այս ընկերությունը չորրորդ խոշոր հարկ վճարող ընկերությունն էր՝ վճարելով 11 մլրդ 263 մլն 740.75 հազար դրամ:
Այս տարվա առաջին կիսամյակում ութերորդ խոշոր հարկ վճարող կազմակերպությունը «ՋԵՅ ԹԻ ԱՅ Արմենիա»-ն է՝ 7 մլրդ 084 մլն 646.24 հազար դրամ հարկով, իսկ իններորդ տեղում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է՝ 6 մլրդ 518 մլն 982.49 հազար դրամ հարկով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի կողմից վճարված հարկերը նույնպես էապես նվազել են: Այս ընկերությունը նախորդ տարվա առաջին կիսամյակում երրորդ խոշոր հարկ վճարողն էր՝ 11 մլրդ 880 մլն 294.61 հազար դրամով:
Խոշոր հարկ վճարողների ցուցակի տասնյակը եզրափակում է «Ինթերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունը՝ 5 մլրդ 839 մլն 461.2 հազար դրամ հարկով:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am