Ողջ հունիսին ինչ եղանակ է լինելու. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է հունիս ամսվա կլիմայական բնութագիրն ու եղանակային կանխատեսումը․ «Հունիսին հանրապետությունում զգալիորեն մեծանում է ցերեկվա տևողությունը և արեգակի բարձրությունը հորիզոնից, որի հետևանքով երկրի մակերևույթը ստանում է զգալի ջերմություն: Ցերեկվա տևողությունը մայիսի համեմատությամբ ավելանում է կես ժամով և դառնում 15 ժամ, որը ամենաերկարն է տարվա ընթացքում:

Նախորդ ամսվա համեմատությամբ միջին օրական ջերմաստիճանը բարձր է լինում 3-4 աստիճանով և հասնում է Գեղարքունիքում, Կոտայքում, Շիրակում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում` +11…+14 0C, Լոռիում` +13…+150C, Տավուշում, Սյունիքի նախալեռներում` +17…+19 0C, Սյունիքի հովիտներում, Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում` +20…+230C: Երևանի միջին ամսական ջերմաստիճանը 20.60C է, բացարձակ առավելագույն ջերմաստիճանը՝ 39.40C (1998թ., հունիսի 22), իսկ բացարձակ նվազագույնը` 1.7 0C (1967թ., հունիսի 5):

Հանրապետությունում ամենաբարձր ջերմաստիճանը հունիսին գրանցվել է Կապանում` 42 0C:
Շատ շոգ հունիսներ գրանցվել են 1932, 1941, 1949, 1985, 1989, 2006, 2012 թթ-ին, երբ օդի ամսեկան միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 2-3 աստիճանով:
Զով հունիսներ եղել են 1933,1967,1968,1978թթ-ին երբ ամսեկան միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 2-3 աստիճանով:

Հունիս ամսվա եղանակային ռեժիմի և տեղումների բաշխման էական առանձնահատկությունն է հանրապետության հյուսիսային շրջաններում ամբողջ ամսվա ընթացքում, իսկ հարավային կեսում` ամսվա առաջին կեսին դեռևս զգալի է ցիկլոնների, մթնոլորտային ճակատների, ինչպես նաև ներզանգվածային պրոցեսների առկայությունը:
Ամսվա երկրորդ կեսին հանրապետության հարավային շրջանները գտնվում են մերձավոր արևելքի տաք օդային զանգվածների շրջանառության ներքո, որի հետևանքով տեղումների քանակը զգալիորեն պակասում է:

Հունիս ամսին տեղումների առավելագույն քանակը դիտվում է Լոռիում` 120-130մմ, նվազագույնը` Արարատյան դաշտում և նրա նախալեռներում` 20-30մմ:

Առավել խոնավ հունիսներ եղել են 1957, 1960, 1963, 1988, 1999, 2011թթ-ին, իսկ առավել չորային 1943, 1949, 1970, 1982, 1987, 2000, 2012թթ-ին:

Մայիսի համեմատությամբ որոշակիորեն պակասում է ամպամածության քանակը և երկնակամարի միայն 40-55% ծածկված է լինում ամպերով, գերակշռում են կոնվեկտիվ բնույթի՝ հիմնականում կույտավոր և կույտանձրևային ամպերը:

Եղանակի վտանգավոր երևույթներից դիտվում են ամպրոպներ, կարկուտ, ինչպես նաև ուժեղ քամիներ, հորդառատ անձրևներ: Հորդառատ անձրևները լեռնային շրջաններում պատճառ են հանդիսանում սելավների, որոնք կարող են տնտեսությանը զգալի վնաս հասցնել»:

Понравилась статья? Поделиться с друзьями: