![]()
Վերջին օրերին Հայաստանում զարմանալի բաներ են կատարվում: Հոկտեմբերի 2-ին, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց այս տարվա դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, քաղաքական ուժերը հասկացան, որ հարկ է շուտ փոխել ծրագրերը, դեն նետել խրոխտ կեցվածքը եւ հնազանդվել:
Խորհրդարանական մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ եռյակը հույս ուներ հաջորդ տարվա մայիսին ուժ հավաքել ու ռեւանշ վերցնել: Բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Նիկոլ Փաշինյանը, հղում անելով Սահմանադրությանը, ասաց, որ ով ընդդիմություն դառնա, կստանա մանդատների 30%-ը, եւ իսկական պայքար սկսվեց 33 մանդատի համար:
ՀՀԿ-ն Արփինե Հովհաննիսյանի ձեռքով օրինագիծ առաջ քաշեց, որը չէր կարող Նիկոլ Փաշինյանի զայրույթը չառաջացնել: Օրինագիծը, որին կողմ քվեարկեցին ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն, ընդունվեց: «Գործողության» եւ 50 հազարանոց հանրահավաքի արդյունքը եղավ Ծառուկյան դաշինքի ու ՀՅԴ նախարարների հեռացումը կառավարությունից: Թվում էր ՀՀԿ-ն է մեղավոր, բայց «պատժեցին» Ծառուկյանին ու ՀՅԴ-ին:
Մինչ ՀՀԿ-ում ձեռքերն էին շփում, կարծելով, որ դուրս են մղել մրցակիցներին եւ կարող են ստանալ 33 մանդատները, պարզվեց, որ Ծառուկյանը չի ընկել: Ծառուկյանը «չընկավ» անգամ իր երկու նախկին կողմնակիցների՝ Յուվեցի Կարոյի եւ Կարամելի Հարութի սպանությունից, Ալրաղացի Լյովիկի դեմ գործից, Սյունիքի նախկին մարզպետի ԲՀԿ-ից դուրս գալուց հետո, որը կարող է կուսակցությունից անդամների զանգվածային արտահոսքի հանգեցնել:
Այս հարվածները կարծես թե «սթափեցրին» Ծառուկյանին, եւ նա հայտարարեց, որ պատրաստ է դեկտեմբերի ընտրություններին, հուշագիր ստորագրեց՝ պարտավորվելով, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում չեն առաջադրի վարչապետի թեկնածու եւ չեն աջակցի այլ թեկնածուների:
33 մանդատները գրեթե Ծառուկյանի գրպանում էին, երբ անսպասելի արթնացան հանրապետականները: Գեւորգ Կոստանյանը, նրանից հետո մյուսները հանկարծ հայտարարեցին, որ գնահատում են Նիկոլին, միշտ կարծել են, որ ընտրությունները պետք է դեկտեմբերին լինեն, եւ ընդհանրապես, իրենք միշտ կայունության կողմնակից են: Միայն Ալիկ Սարգսյանը չդիմացավ, դուրս եկավ ՀՀԿ-ից եւ հայտարարեց, որ այլեւս չի հայտնվի խորհրդարանում:
Ի՞նչն է ստիպել ՀՀԿ-ին կամ էլ հանրապետականների մի մասին վերանայել դիրքորոշումը: Որ հաջողվե՞ց Ծառուկյանին վերջնական դուրս բերել խաղից: Թե՞ ԱԱԾ վերջին բացահայտումները, այդ թվում՝ Սամվել Մայրապետյանի ձերբակալությունը:
Այս ամենը կարելի է դիտարկել որպես մեկ ընդհանուր քաղտեխնոլոգիայի մասի՝ ուղղված նրան, որ պայքարն ընթանա ոչ թե ամբողջ խորհրդարանի, այլ ընդդիմության 33 մանդատի համար: Հիմա ՀՀԿ-ն ու Ծառուկյանը լուրջ մարտի են բռնվելու այդ մանդատների համար:
Նիկոլ Փաշինյանի համար մեծ հաշվով միեւնույն է ընդդիմությունում քանի կուսակցություն կլինի: Մինչեւ դեկտեմբեր ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն անխնա հարվածելու են միմյանց, քանի որ երկուսն էլ կարծում են, որ կարող են հաղթահարել 5 տոկոսի շեմը: