
Խորհրդարանում ընտրական օրենսգրքի փոփոխության հարցում ՀՀԿ դիրքորոշումը գրավել է հանրության որոշակի ուշադրություն: Առերեւույթ թվում է, որ ՀՀԿ-ն դեմ է ԸՕ փոփոխությանը, քանի որ ռեյտինգային ընտրակարգի չեղարկումը Հանրապետականի կզրկի խորհրդարանում հայտնվելու հնարավորությունից:
Խորքում սակայն այստեղ առկա է մի հարց՝ իսկ ռեյտինգային ընտրակարգի պահպանումը ենթադրելու՞ է արդյոք ընտրակաշառքի բաժանման պրակտիկայի պահպանում: Բանն այն է, որ ընտրակարգն ինքնին ոչինչ է, եթե իրավապահ համակարգը աչք չի փակում դրա շրջանակում բաժանվող փողի կամ փողի բաժանման վրա: Ըստ այդմ, եթե բաժանվում է փող, եթե անգամ առկա օրենսդրության կանոնները հստակ վերահսկվում են ու պահպանվում, ապա սկզբունքային առումով ՀՀԿ համար չկա որեւէ էական տարբերություն:
Ըստ այդմ, ՀՀԿ-ն Ընտրական օրենսգրքին դեմ է ոչ թե ինչ որ բան անելու պլանի շրջանակում, այլ հակառակը՝ միջնաժամկետ ընդհանուր մոտեցման բացակայության պատճառով: ՀՀԿ դեմը տվյալ պարագայում այլ բան չէ, քան ՀՀԿ որպես մեկ միավոր գոյություն չունենալու վկայություն:
Երբ Հանրապետականը դեմ է արտահայտվում Ընտրական օրենսգրքի փոփոխությանն ու սաբոտաժի միջոցով տապալում քվեարկությունը, դա բերում է այդ կուսակցության դեմ հանրային լրացուցիչ տրամադրվածության աճի, բացասական վերաբերմունքի նոր ալիքի: Ըստ այդմ, առաջանում է պարզ հարց՝ ինչպե՞ս կարող է որեւէ քաղաքական հեռանկար պատկերացնող ուժը անել քայլեր, որոնք գործնականում առումով գրեթե ոչինչ չեն տալիս, փոխարենը խլում են շատ բան:
Ըստ այդմ պետք է եզրակացնել, որ ՀՀԿ դիրքորոշում ասվածը իրականում որեւէ դիրքորոշման բացակայությունն է, եւ այդ քաղաքական միավորում գործնականում այլեւս չկա ընդհանուր շահ ու հեռանկար, ինչն էլ բերում է որոշումների, որոնք իրականում հարված են ՀՀԿ-ին: Տպավորություն է, որ այսպես ասած ընդհանուր ցուցանակը վաղուց պահվում է հակառակ այդ կուսակցության ներսում գտնվող խմբերի ցանկության:
Ընդ որում նկատելի է կուսակցության տարբեր խմբերի կամ թեւերի առավել ակնառու դարձած տարամետ գործունեությունը, դրանցում առկա քաղաքական ելքերի փնտրտուքը, սակայն արդեն ոչ թե մեկ կուսակցության, այլ հենց սեփական քաղաքական հեռանկարների համար:
Պարզապես նրանց չի բավականացնում քաղաքական կամ հեռատեսությունը, կամ համարձակությունը՝ չպահվել մեկ ցուցանակի ներքո սեփական կամքին հակառակ եւ դադարել լինել քաղաքական «տանձիկ», որի վրա մկաններն ու հարվածներն են «մարզում» այլ քաղաքական ուժեր:
Իսկ, օրինակ ԸՕ-ն սաբոտաժի ենթարկելով ՀՀԿ-ն իրեն, կամ ինչ որ մեկը ՀՀԿ-ն դնում է հենց այդ կարգավիճակում: