
Մեր զրուցակիցն է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը
Պարոն Նավասարդյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ եկել է բարիկադներ քանդելու ժամանակը։ Արդյոք Սյունիքի մարզպետի պաշտոնում Հունան Պողոսյանի նշանակումը հենց այդ բարիկադները քանդելու հանգամանքով էր պայմանավորված։ Ո՞րն է նման կադրային քաղաքականության պատճառը և արդյոք դրանով Փաշինյանը ստվեր չի գցում իր հեղինակության վրա։
Նախ՝ որքան էլ հեղափոխությունը թավշյա էր, սիրո և համերաշխության, այդուհանդերձ, դա հեղափոխություն էր և թեկուզ պայմանական, բայց բարիկադներ եղել են։ Բարիկադներ եղել են նրանց միջև, ովքեր ուզում էին հեղափոխությունը մինչև վերջ հասցնել, և նրանց միջև, ովքեր դիմադրում էին և բուն հեղափոխությանը ապրիլ-մայիսին, և հեղափոխության հետագա զարգացումը կանխելու համար։ Հոկտեմբերի 2-ից հետո, կարծում եմ, իսկապես, այդ բարիկադները քանդելու ժամանակը եկել է, որովհետև կարծես բոլորը համակերպվել են, որ դեկտեմբերին լինելու են արտահերթ ընտրություններ։ Այսինքն՝ հեղափոխական պրոցեսը հասնում է իր վերջին հանգրվանին, այնուհետև մենք ունենալու ենք միանգամայն այլ իրավիճակ երկրում, երբ հաղթած և ժողովրդի աջակցությունը վայելող ուժն իրականացնում է այն, ինչ ինքը ճիշտ է համարում։ Այդ տրամաբանության մեջ պետք է դիտել Նիկոլ Փաշինյանի քայլերը. ինքն արդեն համարում է, որ կարող է իրեն թույլ տալ կատարելու ոչ պոպուլյար քայլեր, քանի որ ուժերի հարաբերակցությունը ֆիքսված է։ Անկախ նրանից, թե ով է լինելու ընդդիմություն նոր խորհրդարանում, կարելի է անել այն, ինչ դու նպատակահարմար ես գտնում, ոչ թե ստանալ համաժողովրդական աջակցություն։ Եվ կադրային նշանակումներ, և որոշ այլ քայլեր վկայում են այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն այսօր պատրաստ է անել ոչ պոպուլյար, բայց իր պատկերացմամբ անհրաժեշտ և ճշգրիտ քայլեր։
Եթե մենք «Իմ քայլը» դաշինքի ցուցակում տեսնենք նախկին կամ ներկա ՀՀԿ-ականներ, սա որքանո՞վ է ճիշտ ռազմավարություն։ Տեսակետ է հնչում, որ հասարակությունն այդ մանդատը չի շնորհել Նիկոլ Փաշինյանին։
Մենք տարբեր մանդատների մասին ենք խոսում։ Մի բան է մանդատ շնորհել հեղափոխություն անելու համար, մեկ այլ բան է՝ մանդատ շնորհել երկիր կառավարելու համար։ Հնարավոր չէ երկիրը կառավարել այնպես, որ բոլորին դա դուր գա։ Իսկ հեղափոխություն անելու համար մեզ պետք էր ազգային համախմբում։ Մենք պետք է շատ լավ հասկանանք, որ և Նիկոլ Փաշինյանը, և իր թիմը, և իր թիմի կազմը տարբեր են լինելու, քան այն կազմը, որ տեսնում էինք հարթակի վրա բողոքի ցույցերի ժամանակ։ Դա բնական պրոցես է ցանկացած քաղաքակիրթ երկրի համար, որտեղ քաղաքական ուժերի հարաբերակցությունը շատ քիչ է տարբերվում 50/50-ից։ Մեկը կարող է 50-ից մի փոքր ավել լինի, որը լրիվ աջակցում է կառավարության հիմնական քայլերին, և մոտ 50-ը դժգոհ են։ Դա է իրական բալանսը, որ պետք է լինի քաղաքակիրթ երկրում։ Հակառակ դեպքում դու ունենում ես նրանց, որոնք մեծամասնություն են կազմում և լրիվ գոհ են ամեն ինչից, և ունես փոքրամասնություն, որն ամեն ինչից դժգոհ է։ Այդպիսի իրավիճակը կայուն, նորմալ չի կարող լինել։ Այնպես որ, մենք պետք է գնահատենք այդ ապագա քայլերը։
Այստեղ կարևոր է, որ կառավարությունը նույնիսկ որոշ քայլերի համար արժանանա հասարակության կողմից անհամաձայնության, բայց վայելի վստահություն, որ կոռումպացված չէ, որ գոնե մտադրությունների մակարդակով սպասարկում է ազգային շահերը։ Եթե այդ վստահությունը լինի, որքան էլ քաղաքացիների այս կամ այն մեծության խումբը դժգոհ լինի կոնկրետ քայլերից, մենք կունենանք կայուն, զարգացող պետություն։
Սա չի՞ խոսում այն մասին, որ կադրերի խնդիր կա։ Նախկիններին նորից բերել, պաշտոններ տալով Նիկոլ Փաշինյանը փորձում է այդ կադրային պակա՞սը լրացնել։
Այո, ակնհայտորեն, մենք ունեցել ենք, առավել ևս հիմա ունենք կադրային սով, և այդ կադրային սովը բավարարելու համար պետք է, այո, բարիկադներ քանդել և գնալ համագործակցության այն գործիչների հետ, որոնց դու չէիր ընդունում, երբ երկրի համար պատասխանատվությունը քո վրա չէր։ Այստեղ կա մեկ այլ հարց, որը, կարծում եմ, մի տեսակ արհամարհվում է։ Եթե խոսվում է կոնկրետ Հունան Պողոսյանի նշանակման մասին, ապա մի բան է, երբ գնահատում ենք, թե որքանով լավ մարզպետ կլինի Հունան Պողոսյանը, կարող է և լավը լինել, բայց երբ մենք հայտարարել ենք, որ բոլորը հավասար են օրենքի առջև, ուրեմն նույնիսկ կադրը, որը քեզ շատ պետք է լինելու այս կամ այն պաշտոնում, ինքն էլ պետք է հավասար լինի օրենքի առջև։ Եթե ինքն օրենքի դեմ ակնհայտ քայլեր է արել, իսկ տվյալ դեպքում մենք ունենք բազմաթիվ վկայություններ և «Էլեկտրիկ Երևանի» ժամանակներից, և Սարի թաղի դեպքերից, այս դեպքում պետք է նախ որոշել այդ անձի պատասխանատվության հարցը, հետո եթե պատասխանատվության առումով խնդիր չկա, նոր օգտագործել այն պաշտոնում, որտեղ նա կարող է օգտակար լինել։
Այլապես ստացվում է սելեկտիվ արդարադատությո՞ւն։
Այլապես ստացվում է և սելեկտիվ արդարադատություն, և նաև ոչ հավասար պայմաններ։ Այս մարդն ինձ պետք է, ինքը կարող է խուսափել պատասխանատվությունից, սա պետք չի, կարելի է խստագույնս պատժել։ Այդպիսի բաները պետք է հաշվի առնվեն, և կարծում եմ՝ տվյալ դեպքում մենք ունեցել ենք բավական խնդրահարույց քայլ, և ասենք փակվել են գործեր, որոնք փակվելու գործեր չէին, կամ սառեցվել են, և ընթացք չի տրվում։ Դա չի կարող նաև արդար դժգոհություն և մտահոգություններ չառաջացնել հասարակության մեջ։
Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ Ազգային ժողով ենք ունենալու՝ հաշվի առնելով քաղաքական այն ուժերին, որոնք արդեն հայտ են ներկայացրել մասնակցելու։ Որքանո՞վ գաղափարական, որքանո՞վ քաղաքական բաղադրիչ կունենա նոր խորհրդարանը՝ հաշվի առնելով, որ գործող խորհրդարանը շատերը ապաքաղաքական էին համարում, երբ տեսանք, որ ծանոթ-բարեկամ- ընկերոջ աղջիկ եկան պատգամավոր դարձան։
Այդ խնդիրը հիմնականում հաղթահարված է լինելու նոր խորհրդարանում, գոնե մեծամասնություն ունեցող քաղաքական ուժերի առումով։ Ես չեմ ակնկալում, որ այդ ցուցակում կարող են հայտնվել մարդիկ, որոնք քաղաքական գործունեություն իրականացնելու համար չեն գնում խորհրդարան, այլ ինչ-որ այլ նպատակներով։ Ինչ վերաբերում է այլ ուժերին, բնականաբար, այնտեղ կարող են հայտնվել այդպիսի մարդիկ։
Արևմտյան կողմնորոշում ունեցող որևէ ուժ չի նշմարվում, որ կմասնակցի ընտրություններին և տեղ կունենա խորհրդարանում։
Ամեն դեպքում, եթե փորձենք պրոյեկտել Երևանի ավագանու ընտրությունները, և այն երեք քաղաքական ուժերը, որոնք անցել են ավագանի, եթե այս ընտրություններում պահպանեն իրենց դիրքերը, ինչը ես շատ հավանական եմ համարում, ապա «Լույս» դաշինքը կարելի է ընկալել որպես միանշանակ արևմտյան ուղղվածություն ունեցող քաղաքական ուժ։ Թեև այսօր դա այնքան էլ սուր հարց չէ, որովհետև եթե խոսքը «Իմ քայլ»-ի կամ ՔՊ-ի մասին է, կարծում եմ՝ այնտեղ ևս բազմաթիվ անհատներ կան, որոնք հավասարակշռված քաղաքականության կողմնակից են և, բնականաբար, կանեն ամեն ինչ, որ Հայաստանը չունենա այն քաղաքականությունը, որը ունեցել ենք մինչև հեղափոխությունը, և որը մեզ տանում էր ինքնիշխանության կորստի։ Եթե ամեն ինչ շարունակվեր այնպես, ինչպես գնում էր, բացի մնացած այլ հարցերից՝ կոռուպցիա, սոցիալական հարցեր, արտագաղթ և այլն, մենք նաև մոտենում էինք ինքնիշխանության կորստին։ Ես համոզված եմ, որ այդ գործընթացը կանգնեցված է, և անկախ նոր խորհրդարանում ուժերի հարաբերակցությունից՝ մենք կունենանք ժողովրդի այնպիսի ընտրյալներ, որոնք դա թույլ չեն տա։
Եթե ՀՀԿ-ն որոշի մասնակցել ԱԺ ընտրություններին, նա տեղ կունենա՞ նոր խորհրդարանում։
Կա երկու քաղաքական ուժ, որոնք կարող են տեղ գտնել խորհրդարանում, եթե իրականացնեն ռեբրենդինգ՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն։ Այսինքն նույն բրենդով, ինչը հիմա ունեն, հույս ունենալ, որ կլինեն խորհրդարանում, հնարավոր չէ։ Նոր դեմքեր են անհրաժեշտ, նաև անհրաժեշտ է նոր պատկերացում, թե նոր Հայաստանում իրենք ինչ են անելու։