Նիկոլ Փաշինյանի մոտ գալու են քարերը հավաքելու ժամանակները. Արմեն Աշոտյան

“Կարծում եմ՝ այս սյուժեն պետք է ավարտված լինի: ՀՀԿ բոլոր հայտարարություններին մենք տեր ենք եղել: Եվ վարչապետի արձագանքը նույնպես ադեկվատ էր այդ հայտարարությանը”,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի՞ առաջադրի:
Հարցին ի պատասխան, թե ՀՀԿ-ն մասնակցելո՞ւ է արտահերթ խորհդրարանական ընտրություններին, Արմեն Աշոտյանը չհերքեց, որ կուսակցությունում այս հարցում միասնական դիրքորոշում չկա: “Այո, կա մոտեցում կուսակցության ներսում, որի ջատագովները, այդ թվում՝ ես, կարծում ենք, որ պետք է մասնակցել ընտրություններին՝ ունենալով շատ տարբեր քաղաքական հիմնավորումներ: Կան նաև մեր գործընկերներից ոմանք, որոնք պնդում են, որ այս ընտրական ցիկլը պետք է բաց թողնել և պատրաստվել հաջորդ քաղաքական զարգացումներին”,- նշեց նա:
Աշոտյանն ասաց, որ կուսակցությունը վերջնական որոշում դեռ չունի, որովհետև դեռ նշանակված էլ չեն արտահերթ ընտրություններ:
Հարցին, թե ինչո՞ւ է կարծում, որ ՀՀԿ-ն պետք է մասնակցի ընտրություններին, Աշոտյանը պատասխանեց, որ իր կարծիքով՝ ՀՀԿ-ն և ասելիք, և անելիք ունի Հայաստանի քաղաքական կյանքում: ՀՀԿ-ն, ըստ նրա, այն բացառիկ կուսակցություններից է, որն ունի գաղափարական հիմք, այլ հարց է, թե որքանով է հաջողվել վերջին տարիներին այդ գաղափարական ակունքները զուլալ պահել:
“Կարծում եմ, որ հենց Հայաստանի քաղաքական մշակույթն է պահանջում, որ ցանկացած նախորդ իշխանություն չանհետանա քաղաքական բեմից, որովհետև այդ նախորդ իշխանությունը կրում է ինստիտուցիոնալ հիշողություն, այդ նախորդ իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ, արատավորված չլինելով այս կամ այն սկանդալների մեջ՝ կարող են օգտակար լինել քաղաքական կյանքում”,- ասաց նա:
Ըստ Աշոտյանի՝ հիմնավորումն այն պետք է լինի, որ Հայաստանի քաղաքական շահերը պահանջում են, որպեսզի նախորդ իշխանությունները ոչ թե վերանան քաղաքական դաշտից, այլ ունակ լինեն տրանսֆորմացվելու, իրենց տեղը վերահաստատելու քաղաքական երկնակամարում:
“Եթե մենք ամեն անգամ Հայաստանում քաղաքական ցիկլերը սկսենք՝ սրբում ենք կամ, ինչպես վարչապետը կասեր, արմատախիլ ենք անում նախորդներին և տնկում ենք նոր քաղաքական մշակույթի տնկիներ, մենք երբեք չենք ունենա ստաբիլ քաղաքական համակարգ, երբեք չենք ունենա կայացած կուսակցական համակարգ: Սա իմ հիմնավորումների մեջ ամենապետականամետն է: Կարծում եմ, որ ՀՀԿ-ն, որը երկար տարիներ կուտակել է փորձը, գիտելիքը, կապերն ու հնարավորություններ,ը պարտավոր է աշխատել ՀՀ քաղաքացիների համար, իհարկե, հույս ունենալով, որ բավական թվով մարդիկ կքվեարկեն այդ մանդատի համար”,- հավելեց Աշոտյանը:
Նա նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե բարիկադները քանդելու ժամանակն է, իրեն հիշեցնում է աստվածաշնչյան հետևյալ արտահայտությունը՝ կա քարերը նետելու ժամանակը, և կա քարերը հավաքելու ժամանակը: “Կարծում եմ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի մոտ գալու են քարերը հավաքելու ժամանակները: Եվ ես շատ եմ ուզում, որ մեր նոր խորհրդարանը և կառավարությունը չդառնա իր հաջողության պատանդը”,- նշեց նա:
Հարցին, թե ինչ է մտածում այս հարցերի շուրջ Սերժ Սարգսյանը, Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ Սերժ Սարգսյանն այս պահին լսում է բոլոր կարծիքները, հիմնավորումները տարբեր են: Կուսակցության ղեկավարը լսում է կարծիքները, խրախուսում է ինտելեկտուալ բանավեճը: “Դժվարանում եմ ասել, թե ինչպիսին կլինի կուսակցության վերջնական որոշումը, բայց այդ որոշումը կկայացվի պատեհ ժամկետներում՝ հիմք ընդունելով բացառապես օբյեկտիվ տվյալները”,- ասաց նա: Իսկ օբյեկտիվ հիմնավորումներից ամենակարևորը, նրա խոսքով, այն է, որ ՀՀԿ-ն այս իրողություններում ունի վերափոխվելու ներուժ, իր կուտակած փորձը ծառայեցնելու երկրին:

lragir.am

Понравилась статья? Поделиться с друзьями: