Նիկոլ Փաշինյանի մարդկային արարքը Ստեփանակերտի հուշահամալիրում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու մի խումբ պաշտոնատար այրեր, հասարակական գործիչներ Ստեփանակերտի հուշահամալիրում մասնակցեցին Հայրենական պատերազմում, Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակի ոգեկոչման արարողությանը: «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ նրանք ծաղկեպսակ դրեցին ու հարգանքի տուրք մատուցեցին հաղթանակներ կերտած ու անմահացած հայորդիների հիշատակին:

Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում Նիկոլ Փաշինյանը կնոջ ուղեկցությամբ ծաղիկներ խոնարհեց Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների շիրիմներին՝ իր զորակցությունը հայտնելով նաև զոհվածների հարազատներին:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն ուղևորվեցին Շուշի, որտեղ հիշատակի արարողություն տեղի ունեցավ սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի մոտ: Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը մասնակցեցին Շուշիում հայկական դրամի թանգարանի բացմանը: Թանգարանում ցուցադրվելու են հին հայկական Ծոփքի հայոց թագավորության, Արտաշեսյան տոհմի, Կիլիկյան Հայաստանի, ռուսական կայսրության և ԽՍՀՄ ժամանակների մետաղադրամներն ու թղթադրամները, Հայաստանի ժամանակակից բոլոր թողարկումները: ՀՀ վարչապետն ու Արցախի նախագահը շրջել են թանգարանում, ծանոթացել ցուցանմուշներին:

Շուշիում երեկոյան ևս միջոցառումներ են նախատեսված՝ մեծ համերգ, որից հետո՝ հրավառություն: Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

Նյութի աղբյուրը

Понравилась статья? Поделиться с друзьями: