Նիկոլ Փաշինյանը չի կարող երկար նստել մի աթոռի վրա, որի երեք ոտքերը սղոցած են

Lragir.am-ի զրուցակիցն է կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը

Պարոն Բաղդասարյան, փոփոխություններ իրականացնելու համար այսօր ի՞նչ հնարավորություններ են ստեղծվել Հայաստանում և ի՞նչ մարտահրավերներ կան:

Ապրիլից հետո շատ փոփոխություններ են եղել Հայաստանում, մարդկանց մոտ հույս է հայտնվել: Մենք հատակին էինք պառկած, հատակից ինչքան ձեզ բարձրացնեն, պետք է շնորհակալ լինեք: Բայց այս քաղաքական անկայուն իրավիճակը, սաբոտաժը, չեմ ուզում «հակահեղափոխություն» բառն օգտագործել, ռևանշի միտումները, ես սրա մեջ վտանգ եմ տեսնում: Ոչ մի բան ինքնանպատակ չէ:

Ի՞նչ վտանգներ եք տեսնում:

Վտանգը նրանում է, որ եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանը չունենա հենարան, լավ չի լինի: Իսկ այսօր ինքն այն աստիճանի մենակ է, ամեն ինչ այն աստիճանի է իր անձի շուրջ կենտրոնացված, որ եթե Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում քաղաքապետարանն իրեն հենարան չլինի, էքստրեմիստները կդառնան հենարան: Էքստրիմիստներն արդեն առաջարկում են իրենց հենարանը, մարգինալ էքստրեմիստները, իսկ դա ոչ մի լավ բանի չի բերի: Դրա համար ես հույս ունեմ, որ քաղաքապետարանն իրեն հենարան կլինի:

Նա իր հենարանը համարում է ժողովրդին, ժողովրդի օգնությամբ է փորձում մյուս խնդիրներն էլ լուծել:

Իհարկե, պետք է ժողովրդին կոչ անի, որովհետև ինքն էլ է գիտակցում, որ իր անձի շուրջ է այս ամենը կատարվում, ուզենք, թե չուզենք այդպես է: Բայց ժողովուրդը ո՞նց պետք է իրեն հենարան լինի: Նիկոլ Փաշինյանը հո չի՞ կարող երկու օրը մեկ հանրահավաք անել, և իսկականից հունական մոդելը ներդրվի, որ հրապարակը որոշի: Իհարկե, այդպես չի կարող լինել, գործող ինստիտուտները պետք է հենարան լինեն, խորհրդարանը պետք է լուծարվի, նոր խորհրդարան պետք է ձևավորվի: Այսօր պառլամենտում նստած շանտաժ են անում՝ մենք կմտածենք, հարմար կգտնենք, կամ չենք գտնի: Այդ մարդիկ մի բան չեն հասկանում՝ պառլամենտը չի արտահայտում այսօրվա պատկերը, վերջ: Այսինքն՝ իրենք լեգիտիմ չեն, չեն արտահայտում ժողովրդի կամքը: ՀՀԿ-ականները, ովքեր նստած են պառլամենտում, իրենք պետք է հասկանան, որ լեգիտիմ չեն, քանի որ իրենք չեն արտահայտում այսօրվա նկարագիրը: Դրա համար մենք պետք է ունենանք այսօրվա նկարագիրը, թե որ կուսակցություններն ինչ չափով պետք է ներկայացված լինեն այնտեղ: Առաջին հերթին այդ հարցը պետք է լուծել, դա կարևորագույն հարցն է:

Մենք այսքան կենտրոնացել ենք Երևանի ավագանու ընտրությունների վրա, որովհետև Նիկոլ Փաշինյանը չի կարող երկար նստել մի աթոռի վրա, որի երեք ոտքերը սղոցած են: Մարդու աթոռը պետք է պինդ լինի, որ հետո նրանից պահանջես: Այս տոտալ սաբոտաժի մեջ ի՞նչ կարող ես պահանջել: Եվ դա հիմա անվանում են քաղաքական գործընթաց, բայց հիմա ոչ մի քաղաքական գործընթաց չի իրականացվում, սա կոչվում է սաբոտաժ:

Այսինքն՝ հակահեղափոխական ուժերը շանսե՞ր ունեն հաջողությունների հասնելու:

Իհարկե, ունեն: Ես չեմ ուզում իրենց բարոյական կամ քրեական բնութագիրը տամ, բայց եթե նրանք շանս չտեսնեին, ի հայտ կգայի՞ն, բացառված է: Իհարկե, շանսեր ունեն, մտածում են՝ սաբոտաժ կանենք, աղբի, ջրի հարցը կբարձրացնենք, կես տարի հետո Նիկոլ Փաշինյանի ռեյտինգից կմնա 10 տոկոս: Չես կարող որևէ բարեփոխում անել, քանի դեռ աթոռդ ոտքեր չունի, օդում երկար չես կարող նստել: Այն բարեփոխումներն էլ, որ մինչև օրս իրականացվել են, հրաշքով են եղել:

Արդեն կարծես նշմարվում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները գարնանն են լինելու: Ձեր կարծիքով՝ ո՞ւշ է:

Ես կարծում եմ՝ ուշ է: Մինչև գարուն որոշակի բաներ կարող են փոխվել: Այն, ինչ այսօր տեսնում ենք հետևյալն է՝ իրար մեղադրում են, հասարակության մարգինալացում է գնում, մտավորականները, ովքեր պետք է զուսպ ու հավասարակշիռ լինեն, այնպիսի բաներ են արտահայտում, որ ծիծաղդ գալիս է: Այդ մտավորականության մարգինալացումը շատ վտանգավոր է, հասարակության բևեռացում է գնում՝ որոշ չափով բնական, որոշ չափով՝ արհեստական, որովհետև ցանկացած հետհեղափոխական գործընթացներ իրենց մեջ բոլշևիզմի տարրեր են պարունակում: Այսինքն՝ այդ հիվանդությունները պետք է բուժվեն, այդ հիվանդություններից մենք անդամալույծ չպետք է դուրս գանք, գոնե գրիպով դուրս գանք: Կարծում եք Նիկոլ Փաշինյանը շատ կուզե՞ր էդ լյումպենացված հասարակարգի կամ մշակույթի վրա հենվեր: Իհարկե ոչ, բայց ստիպված է, որովհետև այսօր խնդիր կա: Երբ որ հանրահավաքների ժամանակ ես հրապարակում էի, այնտեղ բեմից երաժշտություն էր հնչում, որը զարհուրելի ու զզվելի էր: Բայց ես ականջներս փակում ու համակերպվում էի դրա հետ՝ հասկանալով, որ այդ երաժշտության սիրահարներն էլ են պետք այս հեղափոխությանը: Բոլորն են պետք, սա այն հարցը չէ, որ մենք բաժանենք հասարակությանը: Բայց այսօր արդեն տեսնում ենք, որ իրական էլիտա չունենք, իրական մտավարականություն չունենք: Միանգամից պիտակներ են շպրտում՝ կամ դու ռուսի շպիոն ես, կամ Սորոսի ագենտ ես:

Այո, այս փուլում շատ է խոսվում, որ հասարակության մոտ զոմբիացման գործընթաց է, քննադատությունը չեն հանդուրժում:

Դա կատաստրոֆա է, քննադատության մակարդակ այսօր չկա: Իսկ քննադատության մակարդակ ապահովողը էլիտան է, բանավեճի մակարդակի պլանկեն դնողը էլիտան է: Էլիտան ոչ թե նա է, ով թանկ ավտո է քշում կամ երեք մետրանոց ոսկե վզնոց է գցում վզին, այլ իրական կրողներն են, ովքեր կարող են ինչ-որ բան փոխել:

Այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ այս փուլում կուտակված խնդիրները շատ են, որոնք պետք է լուծեն:

Խայտառակ շատ են: Վարչապետն էլ իր բերանով ասաց, որ խնդիրներից գլուխն առնում է ձեռքերի մեջ: Դրա համար ինքը հենարան պետք է ստանա: Ի՞նչ է, նախորդ իշխանության մեջ չկա՞ն մարդիկ, ովքեր պրոֆեսիոնալ են: Ո՞վ ասաց, որ բոլոր պրոֆեսիոնալները պետք է լինեն 25-30 տարեկան: Այս կադրային նշանակումները փաստում են, որ վստահություն չկա, որոշ հարցերում պրոֆեսիոնալիզմի վրա աչքերը փակում ես, որովհետև 100 տոկոսով վստահ չեն, որ այդ մարդը թիկունքից չի հարվածի: Դրա համար իրավիճակը պետք է առողջացվի, որ պանիկայի մեջ քայլեր չարվեն, հետհեղափոխական բոլշևիկյան քայլեր չարվեն: Այն, ինչ այսօր տեղի է ունենում, բնականոն զարգացում է, բայց դա չլինելու համար պետք է առողջացնենք մթնոլորտը, ոչ թե ամեն մեկս մեր ձուկը բռնենք: Սա անձերի խնդիր չէ, մարդիկ պետք է գիտակցեն, որ մենք երկիր ենք կառուցում:

աղբյուր՝ Lragir.am

Понравилась статья? Поделиться с друзьями: